Լրահոս
Օրվա լրահոսը

Ծգլը վրդովվել էր Տլեի եղբոր անունը «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության հետ կապելու լուրերից

Նոյեմբեր 22,2016 16:41

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ուսումնասիրեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով ապացույցները:

Հետազոտվեց նախ սպանության վայրի տեսագրությունը: Ամբաստանյալների պաշտպան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը բարձրաձայնեց կարեւոր մի հանգամանք, որ տեսանյութում առկա անձանց դեմքերը գրեթե տեսանելի չեն, բայց քննիչն ու ընթերականերն արձանագրել են ամբաստանյալներ Վահան Հակոբյանին, Սարգիս Գրիգորյանին ու Սարգիս Հախանումյանին:

Երկրորդ ապացույցը Նուբարաշեն խճուղում գտնվող խանութներից մեկի տեսախցիկների տեսագրությունն էր, խանութի տեսախցիկներն արձանագրել էին, որ ամբաստանյալների մեքենան 13:48 րոպեին է անցել, մինչդեռ մինչ այս ցուցադրված մեկ այլ տեսագրությամբ արձանագրված էր, որ նշված մեքենան 13:48-ին արդեն եղել է ՔԿՀ-ի մոտ:

Տիկին Սահակյանը այդ հարցն էլ դատարանում բարձրացրեց՝ պնդելով, որ ժամերի համընկնումը պետք է փորձագետը բացատրեր, մինչդեռ քննիչն է շտապել բացատրել՝ պնդելով, թե տեսախցիկներից մեկի ժամը երկու րոպեով հետ է ընկել:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ համաձայնեց Լուսինե Սահակյանի հետ՝ եթե զննության ժամանակ քննիչը տեսագրության մեջ չի տեսնում անձանց դեմքը կամ այլ պատկերներ, ապա պետք է նշի՝ չի երևում, սակայն այդ ամենը համակցության մեջ պետք է դիտարկել:

Դատական նիստի ժամանակ փոքրիկ միջադեպ գրանցվեց, երբ ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը (Ծգլը) անդրադարձավ գործով մյուս ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր հետ կապված մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, վերջերս Երևանում Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցների վայրում է գտնվել նաեւ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը:

«Ծելեվիզրներով ինչ ասես ասեն, դոգմա դարձնեն, իմանան էդ մարդիկ հանցագործ են… Թող շառ անեն իրա վրա ու տանեն մի 15 օր փակեն, տենամ կդիմանա կամ էլ թող զգան էտ ինչա…, բա որ էտ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր: Հերիք չի մի հատ էս տղեն ստեղ ա զրպարտանքով, մի հատ էլ ախպերը, ով էր պատասխան տալու լրատվամիջոցնե՞րը, թե՞ դատախազը»,- դատարանում բորբոքվեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963թ. գործարանային արտադրության, 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930