Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին

Նոյեմբեր 22,2016 16:02

Երևանի Հյուսիսային համալսարանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանի ղեկավարությանը՝ Սանահինի 1050-ամյակը նշելու համար: «Համալսարանական կրթությունը միայն գիտելիք չէ. այն նաև հիշողություն է, որը կապում է անցյալն ապագային: Եվ այն, որ Հյուսիսային համալսարանը նշում է մեր միջնադարյան լավագույն բուհերից մեկի 1050-ամյակը, արդեն կարևոր է և՛ գիտական, և՛ խորհրդանշական իմաստով, որովհետև, ի վերջո, մենք կարիք ունենք վերարժևորել մեր քաղաքակրթությունը և հասկանալ՝ որն է հայի տեսակը կապող կարևոր հիմքը: Այս իմաստով կարող ենք հպարտորեն ասել, որ մենք այն ժողովուրդն ենք, որը կարողացել է համաշխարհային ձեռքբերումները տեղայնացնել, դարձնել սեփականը և ստեղծել իր ուրույն մշակույթը:

Հայ կրթական համակարգը միշտ սպասարկել է հայ տեսակի լինելիությունը և շարունակական ապահովումը: Երբ, օրինակ, Մատենադարանում տեսնում ես ձեռագրեր, միտք, որոնք եվրոպական Վերածննդին համարժեք են և դրանից շատ ավելի առաջ՝ արդեն կիրառելի Հայաստանում, ապա զգում ես, որ հայ քաղաքակրթական տեսակն ամբողջությամբ շարունակվելու իրավունք ունի: Այս իմաստով միջնադարյան համալսարանների գոյությունը կարևոր է, որպեսզի կարողանանք մեզ և աշխարհին հաստատել, որ իրավունք ունենք ունենալ մեր սեփական տեսակի քաղաքակրթությունը: Ի վերջո, շատ է խոսվում քաղաքակրթությունների համագործակցության և պայքարի մասին, բայց կարևոր է հասկանալ, որ փոքր ժողովուրդը կամ պետք է ուժ ունենա այդ մեծ ընտանիքում ձևավորել սեփականը կամ պիտի հետևի մեկ այլ մեծ քաղաքակրթական տեսակի:

Մենք այն ժողովուրդն ենք, որ առաջինը տիեզերական ուսմունք, քրիստոնեություն ընդունելով՝ կարողացել է ձևավորել սեփական ուրույն ուղղությունը, ունենալ եզակի այբուբեն, որը կիրառվում է առ այսօր, ձևավորել միջնադարյան համալսարանների շարք, որոնք իրենց ուսումնասիրություններով և առարկայացանկով հավասար էին այդ ժամանակվա բոլոր միջազգային դպրոցներին:

Ներկայումս պարտավոր ենք ունենալ միջազգային ծրագրեր և նորամուծություններ, լինել այդ մեծ համակարգի մեջ, սակայն միշտ հիշել հազարամյակների պատմություն ունեցող մեր հիմքը և հասնել նրան, որ անկախ Հայաստանը ձևավորի իր սեփական կրթական միջավայրը: Այս իմաստով նման գիտաժողովների անցկացումը կարևոր է, և նման նախաձեռնությունները պետք է շատ լինեն, որովհետև դրանք ճանաչողական նշանակություն ունեն և՛ ուսանողների, և՛ հասարակության համար»,-նշել է նա:

Գիտաժողովի ընթացքում հնչել են ելույթներ և զեկույցներ, որոնք մասնավորապես վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և զարգացման արդի միտումներին, հայ միջնադարյան թարգմանական գրականությանը,միջնադարյան հայ կրթական համա կարգի ուսուցման սկզբունքներին և այլն:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930