Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բյուջեն պետք է լինի ոչ թե ինչ-ինչ թվերի մատրիցա, այլ այն պետք է կազմվի Մենդելեևի պարբերական աղյուսակի տրամաբանությամբ

Նոյեմբեր 22,2016 15:30
dotacia

Կարևոր առաջարկություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Խորհրդային Միության փլուզումից հետո, նորանկախ Հայաստանի պետական բյուջեի նախագիծը շուրջ 25 տարի շարունակ կազմվում է նույն տրամաբանությամբ և բովանդակությամբ, ընդամենը փոխվում են թվերը: Դրանք բյուջեի եկամուտների և ծախսերի բացված տողերն են՝ համապատասխան թվային արտահայտություններով ու ոչինչ ավելին:

Բյուջեի եկամտային մասի մուտքերը հավաքագրված հարկերի, տուրքերի, այլ վճարների, նվիրատվությունների, օգնությունների և այլ աղբյուրներից բյուջե մուտքագրվող միջոցներն են, որոնք ինչ-որ իմաստով անփոփոխելի են և դրանց ուղղորդումը զուտ տեխնիկայի հարց է: Լիովին այլ է մոտեցումը, կապված բյուջեի ծախսային մասի հետ:

Նախքան սրա մասին խորքային վերլուծությունը, ուզում եմ խոսել չափազանց յուրահատուկ մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել 1944թ.-ին Անգլիայի բյուջեի նախագծի կազմման ժամանակ, որը կարող է բավականին ուսանելի լինել բազմաթիվ այլ երկրների, այդ թվում նաև մեր երկրի համար: Կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարարը Չերչիլին է ներկայացնում բյուջեի նախագծի օրինակը, որպեսզի վարչապետը ծանոթանա դրան: Վարչապետը վերցնում է մատիտը և ասում. կնայեմ և իմ դիտարկումները կնշեմ: Չերչիլի առաջին ուղղումը լինում է հետևյալը. երկրի պատերազմական այդ վիճակում, նա որոշակի չափով նվազեցնում է պաշտպանություն տողում գրված թիվը և նույն չափով ավելացնում մշակույթի տողում գրված թիվը: Երբ ֆինանսների և պաշտպանության նախարարները չափազանց զարմացած տոնով դիմում են վարչապետին, թե ինչպես կարելի է պատերազմող երկրի բյուջեի նախագծում կրճատել պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը և դրա հաշվին ավելացնել մշակույթի ոլորտին ուղղված ծախսերը, Չերչիլը պատասխանում է. պատերազմը ժամանակավոր բնույթ է կրում, պետք է մտածել երկրի հեռանկարային զարգացման մասին, իսկ երկրի ապագան հիմնականում որոշվում է նրա որդեգրած մշակութային քաղաքականությամբ: Մշակույթն է, որ որոշում է երկրի տեղն ու դիրքը ամբողջ աշխարհում, ավելին ՝եթե երկիրը չունի լուրջ մշակույթ, ապա այդ երկրի մնացած ոլորտները դատապարտված են աստիճանական ամայացման:

Ավելի քան համոզված եմ, որ բովանդակային իմաստով մեր բյուջեի նախագծի տողերի միջև որևէ տիպի կապեր չեն գործում, դրանք բոլորն էլ եկամուտների ընդհանուր կաթսայից վերցրած՝ իրարից բացարձակորեն անկախ թվեր են, որոնց թվաբանական հանրագումարը տալիս է կաթսայի ընդհանուր գումարը և ոչինչ ավելին:

Երկիր ասվածը՝ մի ընդհանուր համակարգ է, որի բոլոր բնութագրիչները անպայմանորեն փոխկապակցված են միմյանց, այնպես որ նշված բնութագրիչների որակական և քանակական մեծությունները անպայմանորեն որոշվում են մեկը մյուսով: Դրանցից՝ ցանկացած մեկի տարանջատումը համակարգից կամ փոփոխումը, անպայմանորեն կխախտի այդ համակարգի հավասարակշռության կայունությունը, որն էլ համակարգն աստիճանաբար կտանի ապակայունացման՝ քայքայման: Ինչպես երկիրը, այնպես էլ նրա բյուջեն, ունեն համակարգային կառուցվածք և խիստ նման են մարդկային օրգանիզմին: Եթե մարդու որևէ օրգան հիվանդանում է և նա դիմում է բժշկին, ապա անհնար է, որ պրոֆեսիոնալ բժիշկը ստուգի միայն այդ օրգանը և բուժում նշանակի: Նա անպայման մի շարք անալիզներ է նշանակում, միաժամանակ հետազոտում է մի շարք հարակից՝ փոխկապակցված օրգաններ և միայն ամբողջական պատկեր ունենալուց հետո, կատարում է բուժման համար անհրաժեշտ նշանակումներ:

Երբ ասում ենք, որ բյուջեն պետք է կազմվի Մենդելեևի պարբերական աղյուսակի տրամաբանությամբ, դա հենց նշանակում է, որ բյուջեի մատրիցան պետք է իր մեջ ներառի բյուջեի պարամետրերի բոլոր տիպի կապերը, այսինքն` կազմվի այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ կազմվել է Մենդելեևի պարբերական աղյուսակը:

Իհարկե, կառավարության մեր գործընկերները կարդալով սա, կարող են մեզ հարցնել. բա, Հայաստանում որտեղից գտնենք այդքան Մենդելեևներ, չէ՞ որ նա միակն է: Մենք էլ կպատասխանենք, որ այո, Մենդելեևը միակն է, սակայն նրա կազմած աղյուսակից օգտվում է ամբողջ աշխարհը, այնպես որ, դուք էլ բարի եղեք ձեր կողքին պահել նաև այնպիսի մասնագետներ (նկատի ունեմ, ոչ քիմիկոսներ, այլ լուրջ տնտեսագետներ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ), որոնք կօգնեն ձեզ՝ այդ տրամաբանությամբ կազմելու բյուջեի նախագիծը, որն ավելի շատ կկոչվի գիտական ստեղծագործություն, քան պարզագույն թվաբանական գործողությունների արդյունքում գոյացած թվերի մատրիցա…

Եթե ուզում ենք երկրի ֆինանսները կառավարել այս ֆինանսական փաստաթղթով, որի անունը բյուջե է, ապա այն պետք է լինի գիտական ստեղծագործության արդյունք, այլ ոչ թե ինչ-ինչ հաշվարկների արդյունքում ստացված թվերի բազմություն, առավել ևս, որ մեր երկիրը չափազանց աղքատ է, ունի ֆինանսների մեծ սղություն, որի պարագայում բյուջեի կազմման նման մոտեցումն արդեն մեծ ճոխություն կլինի մեր երկրի համար:

Կգան լավ ժամանակներ, կկարողանաք երկիրը ծաղկեցնել, այդ ժամանակ էլ ոնց կուզեք, այդպես էլ կկազմեք ձեր (չնայած, իրականում սա ժողովրդի բյուջեն է) բյուջեն և մեր նման մարդիկ զբաղված կլինեն լրիվ այլ գործերով և որևէ կերպ չեն խառնվի ձեր գործերին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930