Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Արտավազդ Փելեշյանը խոսել են հայտնի կինոռեժիսորի «Homo Sapiens» ֆիլմի մասին: «Վերջապես խոսեցինք սցենարի մասին, նա դրական վերաբերմունք ցուցաբերեց այդ հարցում»,-Մշակույթի նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտավազդ Փելեշյանը:
Հիշեցնենք, որ «Homo Sapiens»-ի նկարահանումը տասնամյակներ շարունակ կյանքի չի կոչվում, իսկ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը դեռ չկա. «1968թ. հայտը ներկայացրել եմ, իսկ 1979թ. վերջնական տարբերակը տվել եմ «Հայֆիլմին», որը քարկոծեցին: «Գոսկինոն» պետպատվեր տվեց, բայց երկիրը փլուզվեց, ֆիլմս մնաց ավերակների տակ…»,-ցավով նշեց ռեժիսորը, ապա հավելեց,-«Եկել եմ եզրակացության՝ ֆիլմը չի լինում այն պատճառով, որ շատ խոսեցինք այդ մասին, պետք չի շատ ասել, երեւի անհաջողությունն այդտեղից եղավ… Որոշեցինք մեծ գումարը բաժանել մի հինգ տարվա մեջ եւ ֆիլմն այդպես անել»:
Արտավազդ Փելեշյանը նաեւ ասաց, որ գուցե դիմեն մեծահարուստներին՝ տարեկան հինգ միլիոնի չափով ֆինանսավորելու նպատակով: Իսկ մինչ այդ հաջորդ տարի մեծանուն Փելեշյանը մտադիր է վավերագրական ֆիլմ նկարահանել՝ «Տարերք» անվանումով. «Երեւի «Բնություն» անունն ավելի սազական է: Ֆիլմը երկրագնդի, տարերքի մասին է»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հանդիպման այլ մանրամասները՝ քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ