Այսօր ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասուլիս էր հրավիրել եւ խոսում էր իր կատարած հայանպաստ միջոցառումների մասին, ռուսաց լեզվի փառատոն անցկացնելու մասին: Նա ասաց, որ հիմա էլ ուզում է հայոց լեզվի փառատոն կազմակերպել:
Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ հայոց լեզվի փառատոնը պետք է սկսել ձեր կայքից, որովհետեւ Ռուսաստանի հայերի միության կայքը չունի հայերեն տարբերակ, միայն ռուսերեն է՝ նա պատասխանեց. «Կայքը ռուսերեն լեզվով է, բաց հիմա մենք փորձում ենք հայերեն, անգլերեն լեզվով անցկացնենք, արդեն աշխատանքները սկսել ենք: Մենք տարածում ենք Ֆեյսբուքում, կայքերում»:
Նա ասաց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսն էլ հայերեն է, նույն բանն է. «Իհարկե, շատ լավ կլինի, որ հնարավորություն ունենանք տարբեր լեզուներով կարողանանք բացել կայքը, բայց Համաշխարհային հայկական կոնգրեսը հայերեն է, Ռուսաստանի հայերի միության կայքը՝ ռուսերեն, բայց նյութերը նույնն են»:
Մոսկվայի թիվ 1650 հայկական դպրոցը փակվում է: Կա տեղեկություն, որ Արա Աբրահամյանին դիմել են, չի օգնել: Մենք պարզաբանում խնդրեցինք նաեւ՝ սրա հետ կապված:
Կարդացեք նաև
Արա Աբրահամյանը պատասխանեց, որ ՌԴ-ում կա օրենք եւ ոչ մեկին, այդ թվում՝ ՌԴ-ի հայերի միությանը իրավունք չի վերապահված խախտել օրենքը. «Ես փորձել եմ օգնել: Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում չեմ օգնել: Եթե ես իրանց ընդունել, լսել եմ, իրանց հետ մասնակցել եմ քննարկմանը, քննարկում ենք անցկացրել կրթության եւ գիտության նախարարությունում, չգիտեմ՝ դա օգնությո՞ւն է, թե՞ օգնություն չի: Խնդիրներ կան: Այդ խնդիրները կապված են նաեւ տնտեսական հարցերի շուրջ: Ես չեմ կարող: Ամբողջ ՌԴ-ի բոլոր խնդիրները Աբրահամյան Արան չի կարող ֆինանսավորել: Մոտ 200 մլն դոլար է Աբրահամյան Արան իր ընկերության հաշվին ներդրել Ռուսաստանի հայերի միության կայացման մեջ: Այնպես որ, այսօր ես իմ օգնությունը կարողացա անել այնքան, ինչքան որ կարողացա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ