Այսօր հրավիրած ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոսեց իր կատարած աշխատանքների մասին, թե ինչ մրցույթներ է կազմակերպել, ինչ հայանպաստ գործեր է արել. «Մենք մեր բոլոր պլանավորած աշխատանքները կատարել ենք»: Նա ասաց, որ ՌԴ հայերի միությունը ամեն տարի մրցույթների քանակն է ավելացնում, հումանիտար օգնությունները, գումարի չափն է փոխվում: Ազգային միասնություն շարժումն էլ զբաղվում է տնտեսական ծրագրերի իրականացմամբ եւ տնտեսական կապերի ստեղծմամբ՝ ԱՊՀ երկրների հետ:
Նա ասաց, որ 25 ձեռնարկության տնօրենների հետ գործնական հանդիպում է կազմակերպել՝ ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի հետ. «Նախարարն ասաց, որ հանձնարարություն է տալիս, որ երբ այդ 25 տնօրենները իրենց առաջարկությունները կգրեն, թե ինչ են ցանկանում, նախարարը կպատասխանի»:
Նա խոսեց ռուսաց լեզվի փառատոնի մասին, ասաց, որ մոտ 400 հազար աշակերտ է մասնակցում: Նա պատմեց, որ Պուտինի հետ հանդիպմանը Աստրախանում ասել է այդ միջոցառման մասին, որ ծնողներով, ուսուցիչներով մոտ 1 մլն մարդ է ընդգրկվում. «Շատ կասկածելի բոլորը նայեցին, ասեցին՝ ինչ որ չե՞ս խառնում թվերը: Ես ասեցի՝ չէ, չեմ խառնում, 400 հազարը շատ «սկռոմնի» եմ ասում»:
Արա Աբրահամյանն ասաց, որ իրեն հարցնում են. «Ասում են՝ պարոն Աբրահամյան, դուք միտ ասում եք՝ ամեն ինչ կարող եք, կարեւոր մարդ եք, մեծ հնարավորություններ ունեք, ինչո՞ւ ձեր Հյուսիսային պողոտան չեք վերջացնում: «Ես ուզում եմ ասեմ, որ անցյալ անգամ այդ հարցը տվեցիք, այնպիսի տպավորություն է, որ մեղադրում են, ինչ-որ բան սխալ եմ արել: Ոչինչ մենք սխալ չենք արել: Ես այնտեղ 100 մլն դոլարից ավելի գումար եմ ներդրել, այնտեղ կառուցվել է 165 հազար քմ շինություն, կան խնդիրներ,տնտեսական խնդիրներ, որ առաջացան: Եթե ես հումանիտար օգնությունների ծրագրերը չիրականացնեի, եթե 2017-ին ես չիրականացնեմ հիմա, Հյուսիսային պողոտան ես կհանձնեմ: Հյուսիսային պողոտան ոչ մեկին չի խանգարում, 95 տոկոսը պատրաստ է: Ես կարող եմ այսօր վաճառել ոչ մի խնդիր չկա, իրավաբանական խնդիրները վերջացրել ենք»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Տարոն Մարգարյանի հետ է հանդիպել, խոսել բյուրոկրատական խնդիրների մասին:
Արա Աբրահամյանը հայտարարեց. «Ես ոչ մեկին պարտք չեմ: Ես ոչ մեկին պարտք չեմ եղել, բայց շատ խոշոր հայ ընկերություններ ինձ պարտք են: Ում ես պարտք էի, բոլորը ինձանից շատ արագ եկան, մտածեցին՝ ես բանկրոտ եմ, եսիմ ինչ եմ, իրանց փողերը հետ ուզեցին: Եվ Հայաստանում, որ ես ունեի բանկերում պարտք, ինձ մեկ ամիս ժամանակ տվեցին, ես բոլոր գումարները հետ վճարեցի: Այսօր իմ ընկերությունը չունի 1 դոլարի պարտք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ