Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր ասուլիս էր հրավիրել: Լրագրողները հետաքրքրվեցին նրանից՝ 2017-ին ընտրություններ են, դուք քաղաքական հարթակում ձեզ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Էդքան խոսացինք մեր տնտեսական խնդիրների, շարժման, երկրի միասնության, ցեղասպանության եւ այլն, դա ամենավերջին հարցն է, որ ես պետք է պատասխանեի: Ես, ճիշտն ասած, ուզում էի եւ պատրաստվում էի մասնակցել այս խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Շատերն այլ ձեւով էին ընդունում, դա իրենց խնդիրն է, ես ինչու էի ուզում մասնակցել, որովհետեւ զգացի իմ հնարավորությունները՝ առաջ տանելու մեր երկիրը ոչ ստանդարտ մոտեցումներով, որ ամեն պարզ մարդ իր վրա զգա փոփոխությունները, տեսնի, նկատելի լինի: Ցավոք, առաջին անգամ անցյալ տարի նոյեմբերին ասեցի, 7 ամիս բացակայեցի, մի քիչ անձնական խնդիրներ ունեմ, էտապներ կան, որ պետք է բացակայեմ, այստեղ չլինեմ, գնալու եմ հիմա, կվերադառնամ մարտ ամսին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրությունների: Այն խնդիրները, որ ես զբաղվում եմ, բոլորը կատարվելու են»:
Թե ինչ խնդիրներ են առաջացել՝ Արա Աբրահամյանը պատասխանեց, որ առողջության հետ է կապված: Նա նեղսրտել էր այդ թեմայով մամուլի հրապարակումներից, թե ում է թողնելու իր ժառանգությունը Արա Աբրահամյանը: Նա վստահեցրեց, որ իր կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, կենսունակ է, կարող է աշխատել, բայց պետք է ՀՀ-ից բացակայի, այդ պատճառով էլ չի կարող մասնակցել ընտրություններին:
Նա շնորհակալություն հայտնեց բժիշկներին՝ իրեն օգնելու համար. «Ես պետք է պրոցեդուրա անցնեմ, որ կարողանամ, իմ կյանքին վտանգ չի սպառնում»:
Թե հնարավո՞ր է այլ մարդկանց աջակցի կամ իր եղբայրները, որոնք պատգամավոր են եղել, մասնակցեն ընտրությունների՝ Արա Աբրահամյանը պատասխանեց, որ նրանք չափահաս մարդիկ են, իրենք պետք է որոշեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ