Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի ամենայն հավանականությամբ եկող տարվա գարնանը». Գերմանիայի դեսպան

Նոյեմբեր 22,2016 14:01

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը 2016-ը համարում է առանձնահատուկ տարի հայ-գերմանական հարաբերությունների հարցում: Նա վկայակոչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան այցը Բեռլին և Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին պարոն դեսպանը հայտնեց, որ 2016-ին ՀՀ-ի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունն աճ է գրանցել: Դեսպանը տեղեկացրեց, որ Գերմանիայի կողմից Հայաստանին 54.4 միլիոն եվրոյի նոր հատկացումներ են եղել, իսկ 22 միլիոն եվրոյի աջակցություն՝ տարածաշրջանային ծրագրերի համար:

Դիտարկմանը, թե տեսանելի չէ գերմանական նոր ընկերությունների մուտքը Հայաստան և որն է դրա պատճառը, պարոն դեսպանը պատասխանեց. «Գերմանացի գործարարները հետաքրքրված են այն երկրներով, որտեղ մեծ է շուկան: Իրենց հետաքրքրում է նաև քաղաքական կայունությունը տվյալ երկրում: Ցավոք, գերմանական ԶԼՄ-ներում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ գլխագրերը չէին խոսում տարածաշրջանային կայունության մասին, մասնավորապես լրագրերում ԼՂ հակամարտությունն էր թեման: Նման նորությունները խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատերերին հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանում»:

Հիշեցմանը, թե ապրիլից հետո Գերմանիայի նախագահության ներքո գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկու կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց Կասպրշիկի թիմի ընդլայնման և մոնիտորինգային մեխանիզմների ներդրման վերաբերյալ, որոնք, սակայն, մնացին օդում կախված, պարոն Քիսլերն արձագանքեց. «Դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում նախարարական հանդիպում է նախատեսված, որն ըստ էության լինելու է ամփոփիչ գերմանական նախագահության համար: Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին, նշեմ, որ մոնիտորինգային առաքելությունը ոչ այնքան վերաբերում է Կասպրշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, որքան այնտեղ կոնկրետ գործողությունների իրականացմանը»;

Դառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցին՝ պարոն դեսպանը նկատեց, թե փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է, և դրանով ՀՀ կառավարությունը ազդակ է հղում Եվրոպային, ԵՄ-ին, անդամ մյուս պետություններին, որ ՀՀ-ն ցանկանում է գնալ բարեփոխումների ճանապարհով. «Թե երբ կստորագրվի համաձայնագիրը, ոչինչ որոշակի ասել չեմ կարող, սակայն ՀՀ կառավարության կողմից ազդանշան կա, որ համաձայնագիրը կստորագրվի ամենայն հավանականությամբ եկող տարվա գարնանը»: Պարոն դեսպանը նշեց նաև, թե պարզ չէ՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև երբ կսկսի վիզաների ընթացակարգի դյուրացման վերաբերյալ երկխոսություն:

Դառնալով ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ պարոն դեսպանը նշեց. «Ինձ համար դրականորեն զարմանալի էր, որ արդյունքում բավականին լայն համաձայնություն ձևավորվեց իշխանությունների և ընդդիմադիր դաշտի մեծ թվով կուսակցությունների միջև: Առաջընթաց էր, որ հաջողվեց ԸՕ-ում ներառել ստորագրված ընտրացուցակների՝ ընտրություններից հետո հրապարակման կետը: Այս օրենսգիրքը կարևորագույն քայլ դարձավ իշխանության, ընդդիմության, քաղհասարակության միջև հանդուրժողականության ապահովման ճանապարհին: Հույս ունենք, որ գերմանական կառավարությունը կկարողանա ֆինանսական ներդրումներ կատարել ՀՀ-ում ընտրատեղամասերում ընտրողների գրանցման հետ կապված մեխանիզմը ներդնելու համար: Խոսքը մատնահետք վերցնող սարքերի մասին է, որոնք պետք է ընտրատեղամասում տեղադրվեն, որ ընտրողը երկրորդ անգամ չկարողանա քվեարկել: Նպատակն է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում այս մեխանիզմը ներդնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930