Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձ Սիրան Միսակյան-Բասմաջյանին:
80-ամյա տիկին Սիրանը 16 տարի առաջ Մարսելից վերադարձել է Հայաստան և հաստատվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: Նա 6 զավակ, 15 թոռ և 4 ծոռ ունի: 1966թ. տիկին Սիրանի ընտանիքը Բեյրութից տեղափոխվել է Ֆրանսիա: Հաստատվելով Հայաստանի Ջրաշեն գյուղում՝ սկսել է զբաղվել տնամերձ այգիների մշակման աշխատանքով:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց ապրիլյան պատերազմից հետո Սիրան Միսակյան-Բասմաջյանի ցուցաբերած պարբերական օգնությունը հայոց բանակին:
Նախարարը կարևորեց Սիրան մայրիկի հայրենանվեր գործունեությունը՝ նշելով. «Դուք ամիսներ շարունակ հագուստի կապոցներ եք ուղարկել սահմանային զորամասեր: Միայն վերջերս գնել եք մոտ կես միլիոն դրամի ապրանք կրկին հայոց բանակ ուղարկելու համար, սակայն չեք սիրում Ձեր արած գործերի մասին բարձրաձայնել: Դուք կարևորում եք նաև հայ զինվորի համար ուղարկվող հագուստի որակը և ամեն ինչ անում միայն որակյալ հագուստ զինվորին հասցնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ մեր հասարակությունը պիտի սիրի բանակին այնպիսի հոգատարությամբ, ինչպես Դուք, սիրելի՛ տիկին Սիրան»:
Բարձր գնահատելով Սիրան Միսակյան-Բասմաջյանի ակտիվ մասնակցությունը «Դու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, ինչպես նաև սահմանները պաշտպանող զինվորներին մշտական օգնություն ցուցաբերելը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Տիկին Սիրանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. «Հայաստանը մեր Հայրենիքին է, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր երկիրը զարգացնելու համար: Բայց ամենից առաջ պիտի հզորացնենք մեր բանակը: Կարծում եմ՝ բանակն ավելի հզոր պիտի լինի, քան մենք, և մենք ամեն ինչ պիտի անենք հայ զինվորին օգնելու ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Սիրան Միսակյան-Բասմաջյանը աջակցել է նաև իրեն օգնության խնդրանքով դիմող շատ այլ կարիքավոր ընտանիքների: Այժմ նույնպես պատրաստում է կապոցներ զինվորների համար, և առաջիկայում դրանք հասցեական կուղարկի սահմանամերձ զորամասերում ծառայող հայ զինվորին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ