Երեւան, 22 նոյեմբերի, 2016թ.: «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 340 000 եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նախորդ տարվա համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամավորներ 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել են եվրոպաբնակ 46 000 հայ ընտանիքների եւ կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին:
Դրամահավաքի հասույթը մասնավորապես կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հունաստանի տեղական մարմնի հավաքագրած գումարներն այս տարի եւս կուղղվեն Արցախի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:
Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը եւ Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն