Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամը համահայկական խնդիրների խաչմերուկում

Նոյեմբեր 22,2016 12:34

Բաց նամակ «Հայաստան» հիմնադրամի կենտրոնական վարչությանը

Ավելի քան երկու տասնամյակ առաջ ստեղծվեց «Համահայկական հիմնադրամը» զուտ հայրենասիրական և բարեգործական նպատակներով, նեցուկ կանգնելու վերստին անկախացած Հայաստան—Արցախ աշխարհի նյութական և բարոյական առաքելությամբ։

«Հիմնադրամը» քանդեց այն կարծրացած գաղափարը, որ սառը պատերազմի տարիներին սփյուռքի մեջ գործող միմյանց ընդիմադիր հոսանքները չեն կարող համագործակցել։

Հիմնադրամը ստեղծեց միջավայր, ուր սփյուռքի տարատեսակ քաղաքական, կրոնական հոսանքները և աշխարհասփյուռ հայությունը իր բոլոր սոցիալական շերտերով համախմբվեցին ազգօգուտ աշխատանքի շուրջ։

Հիմնադրամն այսպիսով հնարավորություն շնորհեց աշխարհասփյուռ հայությանը գոնե տարին մեկ անգամ նյութապես օգնել հայրենիքին՝ կազմակերպված դրամահավաքով, ապրելով հպարտություն և ինքնագոհացում, նույնիսկ իր համեստ ներդրումով։

Իր տարիների գործունեության ընթացքում անշուշտ եղան տեղի և անտեղի քննադատություններ հավաքված միջոցները լիարժեք և նպատակասլաց ծախսելու շուրջ։

Անկեղծորեն և գոհունակությամբ կուզեմ նշել, որ չնայած ենթադրյալ որոշ թերությունների «Հիմնադրամը» հաջողությամբ շարունակում է և դեռ պիտի շարունակի իր առաքելությունը շնորհիվ մի խումբ հավատարիմ նվիրյալների։

Հարկ է նշել, որ «Հիմնադրամի» հաջողության հիմնական գրավականն է իր աշխատաձևի բարձր մասնագիտացումը, հայրենիքի դժվար տարիների իրականության և Սփյուռքի տրամադրվածությունը համադրելու իր կարողությունը։

Այսօր, երկու տասնամյակ անց, մի՞թե պահը չէ առաջնահերթությունները վերադասավորելու։

Ուշացած չե՞նք արդյոք թե՜ Սփյուռքի և թե՜ Հայրենիքի իրական կարիքները արդիականացնելու․․․

Եթե երկու տասնամյակ առաջ աշխարհասփյուռ հայության հիմնական մտահոգությունը երկրաշարժից և պատերազմից նոր դուրս ելած մեր նորածին հանրապետության վերակառուցումն էր, այսօր նյութապես տկարացած սփյուռքի առջև նույն ուժգնությամբ ծառացած են նոր արհավիրքներ և կենաց խնդիրներ։

Վստահ եմ, որ երբեք էլ ուշ չէ, եթե սթափ նայենք իրականությանը։ Եթե չփոխենք մեր տեսլականը և չարդիականացնենք մեր երկրի և Սփյուռքի դառն իրականությունները, ցավոք պետք է բռնենք լճացման ուղին և Հիմնադրամի նման հրաշալի այս կառույցը պիտ կորցնի իր հիմնական առաքելությունը։

Մտահոգ և սևեռված հայրենիքի անվերջ ցավերին, կամա թե ակամա տարիներ շարունակ մոռացության ենթարկվեցին Սփյուռքի մեջ հայապահպանության երաշխիք հանդիսացող կառույցները։ Այսօր ավելի քան տագնապալի վիճակում են Սփյուռքի հայալեզու բոլոր կրթական օջախները, ինչպես նաև մշակութային տարաբնույթ կազմակերպությունները։

Վստահ եմ, որ հիմնվելով «Հիմնադրամի» փորձառության և համահայկական միասնական ոգու վրա, կարող ենք նոր շունչ տալ և կյանքի մղել բոլոր այս կառույցներին, առանց վերապահության։

Ակնհայտ է, որ արմատներից հեռացած և ինքնությունը մոռացած վաղվա հայորդու համար արժեքազուրկ պիտի լինի նաև հիմնադրամի առաքելությունը և իմաստազուրկ նման կառույցներին օժանդակելու ցանկությունը։

Հարգելի «Հիմնադրամի» կենտրոնական վարչության անդամներ, բարձր գնահատելով ձեր տարած անաչառ աշխատանքն ու տարատեսակ որոշումները, ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել այսուհետ կայացնելիք ծրագրերի ուղղության վրա։

«Համահայկական» լինել ոչ միայն դրամահավաքի կազմակերպման ընթացքում, այլ կուտակված գումարների բաշխման հարցում։

Արդյոք համահայկական առաջնահերթությո՞ւն չէ այսօր Սիրիահայ հանրության տագնապալի վիճակը։

Վստահ եմ, որ Հիմնադրամին սատար կանգնող բոլոր անդամները շատ ավելի համոզումով պիտի խրախուսեին այս տարվա դրամահավաքին, եթե առաջնահերթություն տաինք այսօրվա հրկիզվող Հալեպահայությանը, առանց վերապահության, բոլոր ցանկացողներին Հայաստան կազմակերպված տեղափոխման և հայրենիքում լիարժեք ինտեգրացման հարցին։

Պատահական չէր, որ իմ մեկ այլ «բաց նամակով» առաջարկում էի անվանափոխել մեր «Սփյուռքի» նախարարությունը, այն կոչելով «Հայրենադարձության և Համագրումի (integration)նախարարություն։

Քաջ գիտակցում եմ, որ պակաս կարևոր չեն այսօր նաև մեր սահմանապահ զինվորի և բանակի խնդիրները։ Նրանց, Հայաստանի և Սփյուռքի ժողովրդի անունից բարոյական և նյութական նեցուկ լինելը, լիարժեք համահայկական առաքելություն է։

Երբ այսօր հայրենիքի իշխանությունները համագործակցության նոր եզրեր են փնտրում «բանակ-հասարակություն» հարթության վրա, չի՞ կարող արդյոք Սփյուռքը մասնակից լինել այդ սուրբ գործին։

Իհարկե պիտի ասեք, որ Սփյուռքը չունի ոչ զգալի ֆինանասական միջոցներ և ոչ էլ բանակին պաշտոնապես օգնելու իրավական հիմքեր, բայց ո՞վ կարող է մեզ արգելել սահմանապահ հայ մարտիկի և իր ընտանիքի կենցաղը բավարարելու ծրագրերը իրագործել և հոգատարություն ցուցաբերել, բարձրացնելով զինվորի տրամադրությունը, կենսունակությունը և փորձել այսպիսով անուղղակի մասնակից լինել երկրի պաշտպանության խնդիրներին։

Ի վերջո, ի՞նչ իմաստ շարունակել արարել, կառուցել ճանապարհ, դպրոց կամ հիվանդանոց, եթե քարտեզից ջնջվի «Արցախ» աշխարհը։

Եվ ի վերջո ո՞վ կարող է լիարժեք պատասխանել թե ինչո՞ւ 2008 թվականին 35 մլն դոլլար տարեկան հասույթով սկսած համահավաքը 2015 թվականին դարձավ շուրջ 10 մլն։

Եկեք անկեղծ լինենք և փորձենք հասկանալ․մի՞թե «համահայկական շարժումները» միայն Սփյուռքին են ուղղված։

Ափսոսանքով ենք հետևում Հիմնադրամի նկատմամբ ընդհանրապես Հայաստանաբնակների և մասնավորապես մեծահարուստ «օլիգարխ»-ների անտարբերությանը, անշուշտ որոշ վերապահումով։

Ինչպե՞ս կարող է «Սփյուռքի» նախարարությունը իր այդքան ազնիվ աշխատանքից հետո, դեռ ընկալվել հայության մեծամասնության կողմից իբր «ցուցադրական» նախարարություն։

Պահն է անկեղծ հարցումների և համապատասխան առաջարկների։

Մշտապես փոփոխվող ինչպես համայն աշխարհի, այնպես էլ համայն հայության հարատև աճող դառն իրականության պայմաններում կարիք ունենք նոր տեսլականների և նոր մոտեցումների։

Ճիշտ այս պատճառով ծայրահեղ կարևոր է յուրաքանչյուր տարվա դրամահավաքից առաջ ճշտել մեր ազգի տարվա առաջնահերթ խնդիրը և մոբիլիզացնել համահայկական մեր բոլոր առողջ ուժերը։

․․․Ներողամիտ գտնվեք հանդգնությանս համար

Նուբար ՍԵՐՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930