«Առաջին անգամն է, որ հատուցման խնդիրը դառնում է ՀՀ ԳԱԱ-ի հետազոտության առարկա: Սա վկայում է այն մասին, որ այս խնդիրը ոչ միայն հասարակության տեսանկյունից է հասունացել, այլ նաեւ գիտական շրջանակներում»,- այսօր ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Հայոց ցեղասպանությունը եւ հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտնականը կարծում է, որ մեր բոլոր քննարկումներում եւ գործողություններում երբեք չպետք է մոռանանք, թե ինչ երկրի հետ գործ ունենք. երկիր, որը ոչ միայն չի ճանաչում, այլեւ ժխտում է պատմական ճշմարտությունը եւ բավական ագրեսիվ կերպով փորձում է տարածել իր մոտեցումներն աշխարհով մեկ:
Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծում է, որ վերջին շրջանում ականատեսն ենք լինում ավելի ծավալապաշտ թուրքական պետությանը, մասնավորաբար, Մերձավոր Արեւելքում. «Այսինքն, Թուրքիայի հանրապետությունն իր էվոլյուցիայի ներկայիս փուլում շարունակում է այն քաղաքականությունը, որը որդեգրել էր հայ ժողովրդի նկատմամբ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում եւ որն ավարտվեց ցեղասպանությամբ: Այսինքն, Թուրքիան պատրաստվում է տարածել իր ցեղասպան քաղաքականությունն արդեն Մերձավոր Արեւելքում: Դրա մասին են վկայում Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարություններն այն մասին, որ Թուրքիայի ներկայիս սահմաններն անարդարացի են, նոր սահմաններ պետք է ստեղծել: Եվ մենք հիմա տեսնում ենք, որ թուրքական բանակը գրավել է, օկուպացրել է երկու երկրների տարածքի մի հատված`Իրաքի եւ Սիրիայի»:
Այս պայմաններում, ըստ թուրքագետի, հայոց ցեղասպանության համար հատուցման խնդիրն օրախնդիր է դառնում: Հատուցման հարցը բարձրացնելով, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, մենք նաեւ աշխարհին ցույց կտանք, թե ինչպիսի վտանգավոր պետության հետ գործ ունեն:
Թուրքագետն ընդգծում է`Թուրքիայում գիտակցում են, որ իրենց ժխտողականության եւ մերժողականության արդյունքում հայկական կողմը մի պահի արդեն նաեւ պետական մակարդակով, կարծարծի հատուցման հարցը միջազգային դատական ատյաններում, վեհաժողովներում եւ այլուր, ինչին իրենք նախապատրաստվում են: Այդ նպատակով Թուրքիայում դեռ 15 տարի առաջ մի հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակը հենց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ հատուցման խնդիրների դեմ պայքարելն է: Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետն է` ի պաշտոնե, անդամները` նախարարներ, գիտնականներ, հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաներ: Նիստերը գումարվում են Թուրքիայի անվտանգության խորհրդի համար կառուցված մի շենքում, որը համարվում է այդ երկրի ամենապաշտպանված շենքը. «Պատկերացրեք, թե ինչ նշանակություն ունի այդ հանձնաժողովի աշխատանքը Թուրքիայի համար»:
Կարդացեք նաև
Հատուցման հարցը բարձրացնելիս, ըստ թուրքագետի, պետք է նկատի առնենք այն, որ մենք գործ ունենք ոչ միայն Թուրքիայի հետ, այլ իրենց կողմից վարձված միջազգային մասնագետների հետ: Ուստի, պետք է համախմբենք համահայկական ուժերը եւ ներգրավենք միջազգային մասնագետներին. «Գուցե պատմությունը մեր սերնդի վրա է դրել այս սրբազան առաքելությունը`վերադարձնել մեր կորցրածը Ցեղասպանության արդյունքում: Դրան մենք պետք է պատրաստ լինենք ամենաբարձր մակարդակով»:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ ուրախ է, որ հատուցման խնդիրը կուսակցություններից, քաղաքական եւ հասարակական շրջանակների քննարկումից հետո հասել է գիտական շրջանակներ, Ակադեմիա: Նա կարծում է, որ հատուցման մասին խոսելիս պետք է նկատի ունենանք նաեւ հայրենազրկման փաստը: Աշոտ Մելքոնյանն իր խոսքում նկատեց, որ գերմանացի շատ գիտնականներ հաճախ խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, անհրաժեշտ չէին համարում հատուցման խնդիր բարձրացնելը, մինչդեռ իրենք ճանաչելով հրեաների Հոլոքոստը՝ նաեւ հատուցում են արդեն երկար տարիներ: Ինչեւէ, Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչելուց հետո, գիտնականի գնահատմամբ, դիրքորոշման փոփոխություն է եղել նաեւ այդօրինակ շրջանակներում:
Գիտաժողովի պլենար նիստում «Հայոց Ցեղասպանության վնասների հատուցման հարցի քննարկումը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա» զեկույցով հանդես եկավ նաեւ Լեհաստանը ներկայացնող Եվա Սալկեվիչ-Մյուներլինը:
Գիտաժողովի աշխատանքները կտեւեն երկու օր: Կհնչեն 28 զեկույցներ տարբեր երկրների հայ եւ օտարազգի գիտնականների կողմից: Դրանցում ներկայացված առաջարկները կամփոփվեն տպագրվելիք գրքույկում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ