Ընթացիկ տարում հեռահար կերպով կիբերհարձակման են ենթարկվել եվրոպական և ասիական ավելի քան 10 երկրների, այդ թվում Հայաստանի բանկոմատներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Group IB կիբերանվտանգության միջազգային կազմակերպությանը:
Գործակալությունը նշում է, որ թեև վերջին 5 տարում բանկոմատների վրա հաքերային հարձակումները նորություն չեն, սակայն նախկինում դրանք առավել նեղ բնույթ էին կրում:
Ընկերությունից հրաժարվել են հայտնել, թե որ բանկերի սարքերն են հարձակման ենթարկվել, սակայն նշել են, որ կիբերհարձակումների զոհ են դարձել, մասնավորապես Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Էստոնիան, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, ինչպես նաև Նիդերլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Բրիտանիան և Մալայզիան:
Ընկերությունից տեղեկացրել են, որ հաքերները պարզապես վճարման քարտերի համարները գողանալուց անցում են կատարել առավել եկամտաբեր հարձակման՝ արդեն բանկային ցանցերի վրա, ինչը նրանց հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ ոչ միայն բանկոմատներին, այլև էլեկտրոնային վճարման ցանցերին:
Կարդացեք նաև
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ամենայն հավանականությամբ՝ հարձակումն իրականացվել է «Կոբալտ» խմբավորման կողմից:
ՀՀ կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկատվությունը, հերքել է, որ Հայաստանում բանկոմատների վրա հարձակումներ են եղել:
«Հայաստանում այդ համակարգի հետ ամեն ինչ կարգին է, հաքերների կողմից հայաստանյան բանկերին պատկանող բանկոմատների վրա հարձակվելու դեպքեր չեն արձանագրվել»,- ասել է Բերբերյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ