Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկանը դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 22,2016 11:04

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտաֆանովան օրեր առաջ հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին, սակայն հայտնի չէ՝ նպատակին հասնելու համար Ռուսաստանը նաեւ գործնական քայլե՞ր է իրականացրել, թե առայժմ սահմանափակվում է միայն հայտարարություններով։

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն, օրինակ, դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «Ամեն մի լեզու, որ հնարավոր է սովորի որեւէ երկրի ժողովուրդ, խրախուսեի է։ Ցավոք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժվար է դարձել լեզու սովորելը։ Եվ եթե Ռուսաստանը այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի։ Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Մանավանդ որ հիմա մեր բնակչության մի մասը «անգլիական թեքում» է ստացել, ամեն գնով ուզում է սովորել, բայց նվազ թվով մարդիկ են, որ այդ հնարավորությունը ունեն։ Մինչդեռ որեւէ լեզու անպայման անհրաժեշտ է, որ ժողովրդի մեծ մասը տիրապետի, եւ դա իմ պատկերացմամբ կարող է ռուսերենը լինել, ինչը կօգնի մեզ շփվելու համաշխարհային գիտության, կրթության, գրականության եւ առհասարակ այն տեղաշարժերի հետ, որոնք կատարվում են մշակութային կյանքում։ Հետեւաբար, դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական եւ այսպես ասած ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ»։

Ճշտող հարցին, թե երբ ասում է՝ ցանկալի է, որ Ռուսաստանի նշված նախաձեռնությունը լոկ որպես հանձնարարական չինի, դա նշանակո՞ւմ է, որ ինքն ընդունում ու պատկերացնում է, որ Ռուսաստանը մեր երկրին որեւէ հանձնարարական պետք է տա, Արծրուն Ավագյանը պատասխանեց. «Չէ, ես ասում եմ՝ Աստված չանի, որ դա հանձնարարականի ձեւով լինի կամ պարտադրանքի, այլ դա լինի այնպես, որ Ռուսաստանը ներդնի որոշակի նյութական միջոցներ, որոնք ծառայեցվեն այդ լեզվի ուսուցմանը եւ յուրացմանը, ոչ թե դա կատարվի մեր հանրապետության կրթական սուղ բյուջեի միջոցներով»։

Պրոֆեսորն այս ամենը չի կապում Ռուսաստանի կողմից Հայաստանն իր սեփական նահանգը դիտարկելու հետ. «Դրանց միջեւ ոչ մի կապ չկա։ Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերությունները այնպես են, որ մեծ տերությունները առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատեւել։ Դա կախված կլինի մեզանից՝ հանուն ինչի կսովորենք ռուսերենը ու հանուն ինչի կծառայեցնենք։ Ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը չի նշանակում, որ մարդը դադարում է հայ լինելուց կամ կիսահայ է դառնում»։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Գայանե Թերզյան says:

    Եթե սա է ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ֆակուլտետի դեկանը…
    Ողբա՜մ քեզ, Երևանի պետական համալսարան….
    Ողբա՜մ քեզ, հայ բանասիրության ֆակուլտետ…
    Վա՜յ, այդ ֆակուլտետի ուսանողներին և հայագիտությանը….

  2. araqel says:

    Ուղղակի կատարյալ աբսուրդ է:
    էս մարդու կողմից իր զբաղեցրած պաշտոնը ավելի աբսուրդ է, քան շմայսի դեպուտատությունը

  3. Վահագն says:

    Պ-ն Ավագյան,որևէ լեզվի տիրապետելու համար հարկավոր է պարզապես սովորել այն, դրա համար ոչ հատուկ կարգավիճակ է հարկավոր և ոչ էլ ՌԴ-ի փողերի ներդրումը: Իսկ, թե ինչո՞ւ էերիտասարդությունը գերադասում անգլերենը, գերմաներենը՝ դա բնական է: Հիմա սահմանները բաց են, մեր երիտասարդությունը ցանկանում է շփվել քաղաքակրթության հետ:Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ ՌՈՒՍԻՑ, մարդ սպանել, շանտաժ անել, բանտեր սարքել, ներխուժել այլ երկրների տարածք…Կարդացեք Նապոլեոնի հուշերը, միչև նրա արշավանքը դրանք վայրի ցեղեր են եղել: Նապոլեոնի բառապաշարում չեն եղել ոչ ռուս և ոչ էլ Ռուսաստան բառերը: Նա դրանց անվանել է հյուսիսի վայրենիներ, իսկ երկիրն էլ Ձյան երկիր:
    Պ-ն Ավագյան, Դուք Ձեզ վրա պիտի աշխատեք, հիշեք, մի մոռացեք, որ դասախոս եք, տարրական գիտելիքներ կան, որ անհրաժեշտ է իմանալ: Խորհուրդ կտայի այդ թեմայի շուրջ դասեր վերցնեյիք Հրանուշ Խառատյանից կամ Անուշ Սեդրակյանից, նրանք շատ կարճ ժամանակում Ձեզ 21-րդ դար կբերեն:

  4. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Արծրուն. հետաքրքիր է քանի՞ Ձեր նման հայ բանասիրության դոկտոր կա : Գիտե՞ք քանի պայծառ հայեր, մտավորականներ հոշոտվեցին, նահատակվեցին Ստալինի և Բերիայի կողմից, միայն այն բանի համար, որ մեր պետական լեզուն հայերենը լինի, որպեսզի մեր լեզուն չդրվի անայբուբեն ու անդպրոց լեզուների շարքը: Ռուսերենի լավ իմացությունը անհրաժեշտ էր խորհրդային տարիներին, այն միջնորդավորված լեզու էր, ամեն ինչ ստիպված էինք կադալ ռուսերեն: Երևի Դուք այդ տարիներին լավ չեք իմացել ռուսերեն, հիմա ուզում եք լրացնել այդ բացը: Բայց հիմա ինչ լեզու ուզում ես սովորիր, ինչ գիրք ուզում ես կարդա, հայերեն թարգմանված է: Երբեք դեմ չեմ լեզուների իմացության,նաև ռուսերենի, բայց պետական միակ կագավիճակ պետք է ունենա ՀԱՅԵՐԵՆԸ:

  5. Ռուբեն says:

    Եթե ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանն է այդ կերպ մտածում, ապա հայերենի կարգավիճակի պաշտպանության համար երևի հույսներս դնենք Բրյուսովի անվան համալսարանի օտար լեզուների ֆակուլտետների դեկանների վրա: Այդ մարդը երևի ավելի բարձր պաշտոն է ուզում ստանալ և դրա մասին այս կերպ է ակնարկներ անում: Ակամայից հիշեցի հայտնի կինոֆիլմի “Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա” արտահայտությունը:

  6. Hayrik Bareyan says:

    Տարիներ առաջ Մոսկվայում մի զարմանալի վերնագրով գիրք տեսա: Հայերենի դասագիրք առանց հայերենի:
    Հեղինակը Սամվել Ղարիբյանն է: Սկսեցի կարդալ ու ինչքան առաջ գնացի, այնքան զարմացա: Դասագրքում նույնիսկ մեր Այբուբենը չկա: Սխալներով, հիմար արտահայտություններով լեցուն սույն դասագիրքը հանվեց վաճառքից մեր հարևան վրացիներին նկատմամբ վիրավորական արտահայտությունների և գրքում տեղ գտած բազմաթիվ ապուշությունների պատճառով: Բայց ամենազարմանալին ԵՊՀ բանասիրական բաժնի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանի գրախոսականն է, ինչպես նաև վերջում զետեղված Հայաստանի լեզվաբանների միության փոխնախագահ, նույնպես բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սակապետոյանի քերականության կուրսը:

    • Vahagn says:

      Չեղավ, Արծրուն, ռուսերեն սովորելը, իմանալը մի բան է, պետական լեզու հռչակելն այլ բան: Չեմ հավատում, որ դու այսքան բանը չես հասկանում: Չեմ ուզում հավատալ, որ սա դու ես գրել, ցավոք, գրել ես դու…

  7. Հայ մարդ says:

    Էս ինչ՞ յուրահատուկ լեզվաբաններ ու հայ բանասերներ ունենք, որ շատ հիվանդագին են տանում, երբ հայերենը Հայաստանում միակ պետական լեզուն է: Իսկ երբ որևէ խոսակցություն են լսում, որ Հայաստանում հայերենին մի այլ լեզու պետք է հավասարեցնել, միանգամից ոգևորվում են ու իրենց զգացողությունը կտրուկ լավանում է` սկսում են հաճույքով փիլիսոփայել:
    Իբր ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի մտածելակերպից քիչ “հաճույք ստացանք”, դրան էլ գումարվեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանի արտահայտած մտքերից “ստացած հաճույքը” (https://www.aravot.am/2016/11/24/830236/ ): Հայերենի պաշտպանությամբ զբաղվող նախկին պաշտոնյան նախ պաշտպանում է բանասիրականի դեկանին, այնուհետև խոսում իր անհանգստությունների մասին` որ ռուսերենը երկրորդ պլան է մղվել, անգլերենին են ուշադրություն դարձնում և առաջին հերթին պետք է լինի ռուսերենը, առանց որի չենք կարող գոյատևել:
    Զարմանալի է, որ այս երկու անձանցից մեկը մոռանում է, որ մայր ԲՈՒՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետն է ղեկավարում, մյուսն էլ մոռանում է, որ տարիներ առաջ հայերենի պաշտպանությամբ զբաղվող պետական տեսչությունն է ղեկավարել:
    Ամոթ է, պարոնայք, ուշքի եկեք…

  8. ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ says:

    Մտածեք Հայոց լեզուն եւ հայագիտությունը Հայաստանի Հանրապետության տարածքում խորացնելու մասին:
    Ողջ հայ ժողովրդի գիտական միտքը արտերկրում օտարալեզու է..

    Հայոց լեզուն միակ պետական լեզու էր համարվում նույնիսկ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում, չնայած դրան օրեցօր ռուսաց լեզուն գրավում էր Հայաստանը:
    Ինչպե՞ս է այդ հարցին նայում մեր երկրի ղեկավարությունը:
    Հակահայ քաղաքականության իրագործում հայ գիտնականների միջոցով:
    Հակահայագիտություն հայագետ հայ գիտնականների միջոցով:
    Այսօր Հայ սերունդի գերակշռող մասը ապրում է ռուսաստանում եւ ռուսներից լավ է տիրապետում ռուսերենը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930