Մեր երկրի սոցիալ տնտեսական վիճակը, կարող ենք ասել, ուղիղ համեմատական է երկիրը լքողների թվին: Հայաստանը լքելու մասին խոսում են գրեթե բոլորը, գործնականում լքում նրանք, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ: Հայրենիքը լքելու դրդապատճառները շատ են, լուծումներն ու խնդիրների հաղթահարումը՝ անելանելի:
Հայրենասիրական ամպագոռգոռ ելույթներն ու ճառերը մնում են միայն բեմահարթակներում: Կուլիսներում նույն ծանր, աղքատիկ ու անճար դրությունն է: Սեփական երկրում չկայանալը, անաշխատանք ու սոցիալապես անապահով վիճակն ինքնին խթան է հանդիսանում, որ երիտասարդությունը բռնի արտագաղթի՝ թեև ցավոտ, բայց ապագայի նկատմամբ՝ լուսավոր հավատ ներշնչող մշուշոտ ճանապարհը:
Բուհական կրթությունն էլ իրատեսական հիմք չէ Հայաստանում կայանալու համար: Հասարակության մեծամասնությունը դիպլոմավոր է, բայց քչերն են կիրառում փաստաթուղթը: Մասնավոր ու պետական գործատուները աշխատանք տրամադրում են «քավոր-սանիկ» սկզբունքով: Ստացվում է իրավիճակ, որտեղ մասնագետներն աշխատանք չունեն, իսկ ոչ մասնագետներն ունեն համապատասխան լիազոր անձինք: Խնդիրն առկա է բոլոր ոլորտներում: Արտագաղթին նպաստող առանցքային դրդապատճառ է այս տհաճ երևույթը: Արդյունքում հիասթափված երիտասարդների մի հոծ բազմություն, որն էլ պատրաստ է օր առաջ լքել հայրենիքը:
Հասարակության համար կարևոր է պարբերաբար ստանալ պետության աջակցությունն ու հովանավորությունը: Իսկ մեր երկրում պատկերն, իհարկե, լրիվ այլ է: Մենք անընդհատ ականատես ենք լինում մի շարք երևույթների. հասարակության ոտնահարված իրավունքներ, անհարգալից վերաբերմունք, անպատիժ մնացող հանցագործություններ, թալան…. Արդյունքում կրկին Հայաստանից հեռացողներ, որոնց հույսը հեքիաթային թվացող Եվրոպան է, և երազանքների Ամերիկան:
Կարդացեք նաև
Այն ժամանակ, երբ կորցնում կամ լքում ենք հայրենիքը՝ զգում ենք նրա իրական արժեքը: Մենք արտագաղթի հայրենիք ենք: Պատճառները շատ են, լուծումներն էլ անհայտ: Մենք արտագաղթի հայրենիք ենք, օտարի լծին սովոր:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ