Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարավոր բարեկամությունը» ոչինչ է, «իմիջը»՝ ամեն ինչ

Նոյեմբեր 22,2016 22:00

Ռուսական Պետդումայի դեսանտը Երեւանում հայ խորհրդարանականների հետ համատեղ հայտարարություն է ստորագրել, որով կողմերը մի շարք պարտավորություններ են ստանձնել, եւ ի շարս այլ հարցերի՝ մեջբերում է. «Կողմերը վերահաստատում են պատասխանատվությունն իրենց երկրների քաղաքացիներին Եվրասիական տնտեսական միության նշանակությունը պարզաբանելու գործում՝ որպես անկախ ինքնավար պետությունների սերտ փոխներգործության մեխանիզմի եւ որպես նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի ու գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափի»:

Բացի դրանից, կողմերը «… մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքը միջխորհրդարանական շփումների շրջանակում եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրամատչելիությանը, ԵԱՏՄ միասնական կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ խորհրդարանականների եւ հասարակության հետ շփման ընթացքում պարզաբանել ընթացող ինտեգրացիոն գործընթացների նշանակությունը՝ նպաստելով ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին»:

«Պրոտոկոլային» ժանրի սույն «գոհարը» գրի է առնված, ինչպես ասում են՝ սեւով սպիտակի վրա եւ ի ցույց է դնում այն պարզ իրողությունը, որ ռուսական կողմն այն ամենից հետո, ինչ արեց Հայաստանում եւ Հայաստանի հետ, հիմա էլ խիստ մտահոգված է, այսպես ասած, «իմիջով»: Տնտեսությունը մարսեցին, անվտանգությունն իրենցով են անում, հիմա էլ՝ «իմիջ»: Ինչպես հայտնի սովետական ֆիլմում՝ «ա կոմպո՞տ»:

Ակնհայտ է, որ վերջին ամիսներին Հայաստանի ինտենսիվ «եվրասիականացումը» ձեռք է բերել ազատ անկման արագացում: Իշխանությունն այլեւս իրեն չի ծանրաբեռնում հանրությանը տեղյակ պահելու գործում, եւ մենք իմանում ենք, թե է՛լ ինչ նորամուծություն է սպասվում Հայաստանի անվտանգությանը՝ ծանոթանալով Պուտինի հրամանագրերին կամ ինչ-ինչ ռուս չինովնիկի լպրծուն հայտարարություններին: Դրանից հետո որեւէ արձագանք իշխանության կողմից չի լինում, հրապարակ են դուրս գալիս մեր անվտանգության հարցի «մեկնիչները» եւ «իրավաբանորեն» ու «գիտականորեն» բացատրում, թե ինչու մենք պետք է Ռուսաստանին զիջենք մեր ինքնիշխանության ե՛ւս մի մեծ չափաբաժին, եւ թե դա որքա՜ն մեզ օգտակար է: Դրանից հետո ինչ-ինչ գերատեսչությունների մամուլի խոսնակներ կհայտարարեն, որ «միեւնույն է՝ մերն է… մենք ենք որոշելու…» եւ այլն՝ չբացատրելով, թե ինչպե՞ս, եթե գրված է, որ ոչ «մերն է», ոչ էլ «մենք ենք որոշելու»:

Ակնհայտ է նաեւ, որ հայկական կողմը կորցրել է ռուսների անպարկեշտ առաջարկներին հանդիմանելու ունակությունը, ձեռք է քաշել նույնիսկ իրազեկելու գործառույթից՝ այն թողնելով Պուտինի եւ Պետդումայի մամլո ծառայություններին:
Դժվար չէ գուշակել, որ ռուսական կողմը շարունակելու է առաջնորդվել աչքածակ «մուժիկին» ներհատուկ անկշտությամբ, քանի չի բախվել դիմադրության, եւ տանելու է այն ամենը, ինչ «անտեր» է, մի բան էլ՝ իրավաբանորեն ձեւակերպելու է եւ դեսանտն էլ ուղարկելու է Երեւան, որպեսզի պարտավորեցնի, որ հայերը մտահոգվեն նաեւ իրենց «իմիջային բաղադրիչով»: Չէ՞ որ հայկական առաջատար մամուլը նրանք էլ են կարդում:

Ռուսական ասացվածքը հենց նման դեպքերի համար է. «Լկտիությունը երկրորդ երջանկությունն է»: Եվ այստեղ ռուսների հասցեին հարցերը սպառվում են:
Իսկ ի՞նչ են մտածում հայերը: Այդ ինչպե՞ս են մտադիր մեր ԱԺ պատգամավորներն իրագործել այդ «պատասխանատվությունը» մեզ «պարզաբանելու» մի բան, որը չափազանց պարզ է առանց որեւէ պարզաբանման: Այն արդեն պարզ էր շատերի համար՝ սկսած 2010 թվականից, երբ Ռուսաստանը սկսեց աննախադեպ ծավալներով զինել Ադրբեջանին: Եվ վեց տարի շարունակ մեզ «պարզաբանում» էին, որ «դա մեր դաշնակցի բիզնեսն է», որ նույնիսկ «շատ լավ է, որ Ռուսաստանն է զինում», քանի որ «ավելի վատ կլիներ, եթե զիներ ոչ Ռուսաստանը», եւ այդպես շարունակ: Ս.թ. ապրիլին է՛լ ավելի շատերին պարզ դարձավ, երբ «դարավոր բարեկամի» զենքը կրակեց Արցախի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը լռեց մինչեւ քառօրյա պատերազմի երրորդ օրվա վերջը, մինչեւ տեղի չունեցավ Քերի-Լավրով հեռախոսային խոսակցությունը Վաշինգտոնի նախաձեռնությամբ: Դա արդեն ընկալվում է որպես «անցյալ», պատմություն, ինչպես «Կոլցո» օպերացիան, ինչպես Շահումյանի եւ Մարտակերտի գրավումը եւ նվիրաբերումը Բաքվին:

Եվ այսքանից հետո՝ «պարզաբանում», «իմիջային բաղադրիչ» եւ այլ զարմանահրաշ պարտավորություններ… Դե ինչ, պարզաբանե՛ք, զվարճալի տեսարան կլինի, թե ինչպե՞ս է դա «նպաստելու ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին»:
Իմի՜ջ: Արեւմուտքից ներմուծված այս մոգական բառը պատմական մատերիալիզմով եւ գիտական կոմունիզմով դեֆորմացված պրոլետարական գիտակցության հետ չար կատակ է խաղում: Նրանց «իմիջային բաղադրիչը» գնդակահարվել է Արցախում, հենց ռուսական զենքից, ցաքուցրիվ է եղել Դոնբասում եւ Ղրիմում, երբ նրանք սատարեցին քաղաքականությանը, որին Եվրոպան վերջին անգամ ականատես էր եղել Երկրորդ համաշխարհայինից առաջ, սակայն պրոլետարական գիտակցությունը ժխտում է իրականության եւ իմիջի օրգանական կապը նույն համառությամբ եւ պնդաճակատությամբ, ինչպես «կեղծ գիտություն» էին համարում գենետիկան եւ կիբերնետիկան: Դե, կապ չունի եւ վե՛րջ:

Հիմա եկել են Երեւան եւ «իմիջ» են պահանջում, իշխանությունն էլ «պարտավորվում է», որ «կպարզաբանի» մեզ՝ քաղաքացիներիս, թե ինչ է ԵԱՏՄ-ն՝ որպես «նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի ու գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափ», եւ կնպաստի չեղած բանի, մեռած եւ չթաղած բանի «իմիջային բաղադրիչին»: Չէ՞ որ ստորագրել են: «Դարավոր բարեկամությունը» ոչինչ է, «իմիջը»՝ ամեն ինչ…

… Սովետական դպրոցում էլ էին անցնում Անդերսենի հեքիաթը, որտեղ միամիտ երեխան բացականչում է. «Թագավորը մե՜րկ է»: Իսկ Հայաստանում այսօր այս ամենն իրենց անուններով առայժմ կոչում են եւ հակադարձում ընդամենը մի քանի լրատվամիջոցներ, մի քանի քաղաքացիական խմբեր եւ փորձագետներ եւ մի քանի քաղաքական գործիչներ:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

22.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930