Նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախօրերն իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել նախկին մշակույթի նախարարներին՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գեւորգ Գեւորգյան, Հովիկ Հովեյան եւ Հասմիկ Պողոսյան։ Ներկա չի եղել միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։ Ներկա եւ նախկին նախարարները քննարկել են երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ եւ որոշել մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարեւոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ միմյանց հետ հարաբերվելու, խոսելու, քննարկելու բազմաթիվ հարցեր ունեին եւ հաջորդ հանդիպումից սկսած՝ կոնկրետ խնդիրներով ու առաջարկներով են հանդիպելու. «Մեր ցանկությունները շատ են՝ քաղաքական հարցերից սկսած մինչեւ տնտեսական, մենք այնքան չլուծված խնդիրներ ունենք հատկապես մշակույթի բնագավառում։ Մենք երկրի մարդիկ ենք եւ երկրի խնդիրներին ծանոթ ենք, կփորձենք բոլոր կնճռոտ խնդիրները քննարկել եւ պատրաստակամություն ենք հայտնել բոլոր հարցերում՝ ով ինչով կարողանա, օգտակար լինի»։
Այս ձեւաչափով հանդիպում դեռ երբեւէ չի եղել, ինչը Գեւորգյանը շատ է կարեւորում, որովհետեւ հավաքված են մարդիկ, որոնք փորձ եւ լումա ունեն այս երկրի համար ներդրած, «արվեստագետներ են, որոնք կարող են շատ օգտակար լինել։ Լավ կլիներ, որ ուրիշ բնագավառներում էլ նման երեւույթ ստեղծվեր, բայց մեր բնագավառը լավ է այնքանով, որ բոլորն արվեստագետներ են, եւ իրար հետ հարաբերվելու խնդիրն ավելի հեշտ է, մնում է կարողանանք մեկս մյուսին օգտակար լինել։ Կարծում եմ՝ շատ լավ նախաձեռնություն է եւ իր դրական արդյունքը կունենա»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում