Այսօրվանից` նոյեմբերի 21-ից, ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, ինչպեսեւ նախապես հայտարարվում էր, սկսեց դեպի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը:
Ըստ ընկերության կայքի` թռիչքները կմեկնարկեն սույն թվականի դեկտեմբերի 15-ից, ցերեկային ժամերին, շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին: Ինչպես եւ հայտարարվել էր, տոմսերի արժեքը լինելու է սկսած 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից: Օրինակ, եթե դեկտեմբերի 15-ին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մեկնենք դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան, ապա տոմսը կարժենա 998,86 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ:
Ի դեպ, «Պոբեդայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը մի հարցազրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ նախնական՝ Երեւան թռիչքներ իրականացնելու պայմանավորվածությունը փոխարինվեց Գյումրիով, հայտարարել է, որ Երեւանի ուղղությունը ավիաընկերությունը նախանշել էր այն հույսով, որ կկարողանա համաձայնության գալ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատիրոջ հետ եւ «Պոբեդային» հատուկ պայմաններ կտրամադրվեն: Բայց դա չի հաջողվել, իսկ Հայաստանի իշխանությունները ավիաընկերությանն առաջարկել են այլընտրանքային տարբերակ` Գյումրին:
«Մենք քննարկեցինք եւ եկանք համաձայնության: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը չեղարկել է Գյումրի ժամանող ուղեւորների համար այսպես կոչված «օդի հարկը», որը իսկապես բավականին լուրջ թիվ է` Հայաստան ժամանող յուրաքանչյուր ուղեւորից շուրջ 20 եվրո է գանձվում, որն ուղղվում է պետական բյուջե: Բացի այդ` Գյումրու օդանավակայանում օդանավակայանային սպասարկումը մեզ համար համեմատաբար ցածր կլինի»,- ասել է Կալմիկովը:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ «Պոբեդայի» տնօրենը Գյումրու օդանավակայանը որակել է լոքուոսթերներ սպասարկող օդակայան, ինչը հույս է ներշնչում, որ բացի ռուսական այս ավիաընկերությունից այլ ընկերություններ եւս կմտնեն հայկական շուկա` մատչելի գներով ու ուղղություններով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ