Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունն արմատական փոփոխության կարիք ունի. Կարեն Կարապետյանի հարցազրույցը Bloomberg-ին

Նոյեմբեր 21,2016 21:42

Հայաստանի տնտեսությունը «արմատական փոփոխությունների» կարիք ունի: Այս մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է. «Առաջարկում ենք հնարավոր ամենաարագ փոփոխությունները. կոռուպցիայի դեմ պայքար՝ բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով, և պետական ֆոնդի հիմնում՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով»:

«Գործարարությունը չպետք է խոչընդոտվի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք ձգտում են դրամական փոխհատուցում ստանալ վարչական որոշումների կայացման դիմաց, կամ գերիշխող մրցակցային դիրքում գտնվող տնտեսավարողների կողմից, որոնք, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, փորձում են սահմանափակել ազատ մրցակցությունը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են ստեղծել հավասար և ազնիվ մրցակցային դաշտ:

Գործակալությունը հիշեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանին նշանակելով Հովիկ Աբրահամյանին փոխարինող, նրան անվանել էր «փոփոխությունների խորհրդանիշ»:

Գործակալության հետ զրույցում ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկրի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար և 2017թ.-ին 3.2% աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում: «Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն և մեր ստացած եկամուտները»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա նշել է, որ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության և հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը, և իրենք թույլ չենք տա գերիշխող մրցակցային դիրքում գտնվող խաղացողներին ճնշել մրցակցությունը` ի հաշիվ իրենց ունեցած վարչական լծակների: Նրա խոսքով՝ ոչ ոք անձեռնմխելի չէ, ոչ էլ՝ արտոնյալ:

Վարչապետը նաև ասել է, որ կենտրոնանալով արագ փոփոխությունների վրա՝անհրաժեշտ է միաժամանակ ձևավորել խորհրդատվական խումբ՝ ներառելով նաև արտասահմանյան մասնագետների: «Անհրաժեշտ է ուղեղների գրոհ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ հարկային փոփոխությունները, առողջապահությունը, կրթությունը և գյուղատնտեսությունը»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը՝ Կարապետյանն ասել է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ կարող էր տեղի ունենալ, եթե Հայաստանը չմիանար այդ կառույցին, և հնարավոր է,  «բացասական ազդեցությունը լիներ ավելի մեծ, մինչդեռ անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակում ՀՀ հնարավորությունը զարգացնելու առևտուրը ԵՄ երկրների հետ»:

Վարչապետը հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատժամիջոցների թուլացմանը զուգընթաց Հայաստանը նաև փորձում է ամրապնդել առևտրային հարաբերություններն այդ երկրի հետ: Նրա խոսքով՝ հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 25-ը մշակել ծրագիր՝ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ, ինչը նպատակ ունի խթանել համագործակցությունը տարբեր, այդ թվում գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտներում:

«Մենք հստակ գիտակցում ենք, որ պետական ծախսերի կրճատումը կարող է ունենալ նաև հակառակ ազդեցություն, այն դեպքում, երբ գործարարները հիմնական ներդրումներն իրականացնում են մինչև ընտրությունները կամ հետո ընկած ժամանակահատվածում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, իրենք նպատակ ունենք առաջիկա 6 ամիսների ընթացքում զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր, որոնք 2018թ.-ից սկսած հնարավորություն կտան տարեցտարի ապահովել կայուն տնտեսական աճ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930