Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանրամասներ Վահան Բադասյանի հարցաքննությունից

Նոյեմբեր 21,2016 21:21

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվեց Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի` ավելի քան հինգ ժամ տեւած հարցաքննությունը իր իսկ հայտարարությունների հետ կապված:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը մամուլին տված հարցազրույցներում հայտարարել էր, որ «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

«Ես կարծում եմ` որ քաղաքական ղեկավարությունը պետք է որ շահագրգռված լինի, որ այս երեւույթները վերացվեն»,- հարցաքննությունից հետո Aravot.am-ին ասաց Վահան Բադասյանը:

Վահան Բադասյանից հետաքրքրվեցինք` իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ ինքը Հադրութում հացի գործարան ունի և ցանկանում է լինել բանակի մատակարարը  եւ բանակի չարաշահումների բարձրաձայնման հարցում շահագրգիռ անձ է, ի պատասխան պարոն Բադասյանը պարզաբանեց. «Ճիշտ է, ես զբաղվել եմ հացի եւ ալյուրի մատակարարմամբ 2010-12 թթ, բայց 2013 թվականից սկսած ես չեմ մասնակցում, որովհետեւ ինձ ձեռնտու չէ ու ցանկություն էլ չունեմ, այնպես չէ, որ մասնակցել եմ մրցույթին ու չեմ շահել, ես այն գլխից էլ ցանկություն չեմ ունեցել մասնակցել: Չի կարող պատահել, որ տվյալ պարագայում լինեմ շահագրգիռ անձ:

Բայց շահագրգռված անձ եմ այլ պայմաններում: Տեսնելով ապրիլի 2-ը, իմ վրա կրելով այդ ողջ ծանրությունն ու հաշվի առնելով, որ իմ ընտանիքը, երեխաներն այնտեղ են գտնվում, այսինքն` զոհասեղանին մեր երեխաներն են դրված, հաշվի առնելով, թե այդ օրերին բանակը գտնվեց նման վիճակում, որ սպառազինություն չկար, ժամանակակից տեխնիկան բացակայում էր, հանգամանքներ կան, որոնք չեմ նշում` ելնելով որոշակի հանգամանքներից, թե ինչպիսի վիճակում էր գտնվում բանակը, ինչ են անում մեր գեներալները, այստեղ ես մեծ շահագրգռվածություն ունեմ, ուզում եմ, որ անվտանգ ապրենք:

Այնպես չէ, որ ես կախված եմ որոշ գեներալների նման միայն բանակից փող մսխելով կամ բանակին մատակարարումներ անելով ու շահույթ ստանալով: Ունեմ իմ աշխատանքը, իմ մի քանի հարյուր հեկտար հողատարածքը, այն առաջնագծին մոտ է, ես այնտեղ ցորեն եմ ցանում ու իմ ապրուստը հայթայթում եմ: Շահագրգռված չեմ բանակի հետ աշխատել ու շահույթ ստանալ»:

Մեր հաջորդ հարցին, թե հավանական համարո՞ւմ եք, որ քննության արդյունքում նախաքննություն իրականացնող մարմինը կբացահայտի չարաշահումներ` նկատի ունենալով, որ խոսքը գնում է բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյայի մասին, պարոն Բադասյանը պատասխանեց. «Ես դեպքերից առաջ  չեմ ուզում ընկնել, չգիտեմ` ինչ կլինի, բայց համոզված եմ` մենք իրավունք չունենք շռայլություններ անել, թույլ տալ, որ բանակից շարունակվեն ֆինանսական յուրացումները»:

Պարոն Բադասյանից նաեւ հետաքրքրվեցինք` հավատո՞ւմ է այն տեղեկություններին, որ հենց Մովսես Հակոբյանն է պնդել, որ գործ հարուցվի ու մանրամասն քննվի գործը, ի պատասխան պարոն Բադասյանն ասաց. «Ես Համլետ Հարությունյանին չեմ ճանաչում (խմբ. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էր հայտնել, թե իր տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանն է պնդել, որ գործ հարուցվի), բայց գիտեմ, որ Մոսիի բարեկամներից է, ուստի նրա հայտարարությունները լուրջ չեմ ընդունում, հեռակա գիտեմ նրա հայտարարությունները»:

Մեր հարցին, թե էլի հարցաքննություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, ասաց՝ իրեն տեղյակ չեն պահել, բայց. «Ես շահագրգռված եմ, որ էլի հարցաքննություններ լինեն, որովհետեւ, եթե էլի լինեն, նշանակում է, որ բացահայտումներ կլինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930