Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում եկեղեցի եւ հյուրանոց չեն կառուցել

Նոյեմբեր 21,2016 21:01

Ավելի քան մեկ տարի առաջ, 2015թ. հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց եկեղեցու հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այդ միջոցառման ժամանակ հայտարարվել է, որ եկեղեցին կառուցվելու է Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Սակայն Դիլիջանու եկեղեցու շինարարությունն այդպես էլ չի սկսվել:

Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանի վկայությամբ՝ դրա պատճառն այն է, որ եկեղեցու նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն: 16200 բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա, արդեն 7 տարի Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան» թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում: Դրա համար Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը «Թուֆենկյան» ընկերությանը ամսական վճարում է 90 հազար դրամ վարձ: Տավուշի թեմի հոգեւորականները չեն սիրում այդ մասին խոսել,մտավախություն ունենալով, որ խնդիրը բարձրաձայնելու դեպքում «Թուֆենկյան» ընկերությունը կարող է խզել վարձակալության պայմանագիրը: Դիլիջանի բնակիչները վաղուց տեղյակ են, որ նշված տարածքում եկեղեցի է գործում, հոգեւոր արարողություններ են կատարվում, ուստի եկեղեցականներին ձեռնտու չէ նոր տարածքում եկեղեցի գործելը, քանզի որոշ ժամանակ կպահանջվի, մինչեւ դիլիջանցիները իմանան, սովորեն եկեղեցու նոր հասցեն:

img_0020 img_0027

«Թուֆենկյան» ընկերությունը եւս կապ ունի Դիլիջանում չիրականացված շինարարության հետ: 2007թ. Ջեյմս Թուֆենկյանը Դիլիջան քաղաքի կենտրոնում սկսել է հյուրանոցի շինարարությունը: 2009 թվականից կառույցի շինարարությունը դադարեցված է: Շինության հիմքից դուրս ցցված ամրանները դիլիջանյան խոնավությունից վաղուց ժանգոտել են: Հյուրանոցի հենապատը, որը կից է ճանապարհին, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցին. մասամբ քանդվել է: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ ինքը զանգահարել է «Թուֆենկյան» ընկերության Հայաստանի ներկայացուցչին , առաջարկել, որ Դիլիջանի քաղաքապետարանը եւ «Թուֆենկյան» ընկերությունը համատեղ ֆինանսական ծախսերով նորոգեն հյուրանոցի որոշ տեղ քանդված հենապատը, վերջինս համաձայնվել է, սակայն այդ նպատակով ոչինչ չի արել: Դիլիջան քաղաքի բնակիչները դժգոհ են, որ «Թուֆենկյան» ընկերությունը հյուրանոցի շինարարությունն այդպես էլ չի վերսկսում, քաղաքի կենտրոնում կիսակառույցն իր տեսքով փչացնում է տուրիստական համբավ ունեցող Դիլիջանի արտաքին տեսքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930