«Մենք ունենում ենք բազմաթիվ դեպքեր, երբ վարույթ ենք սկսում, պայմանավորված նրանով, որ առերեւույթ առկա է լինում զինծառայողների իրավունքների պաշտպանություն»,- նոյեմբերի 21-ին «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մեկնարկից հետո ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ ուղղելու մեխանիզմների փնտրտուքը միշտ պետք է իրականացնել. «Ցանկացած ոլորտում ավելի պաշտպանված կարող ես լինել, երբ ավելի շատ իրազեկ ես: Անհրաժեշտությունը կա, եւ մենք ավելի մեծ ծավալի գործ ունենք 18 տարին նոր ոլորած մեր զինծառայողների հետ, եւ անհրաժեշտությունը կա նրանց իրազեկել իրենց համապատասխան իրավունքների վերաբերյալ: Նախ` պետք է զինծառայողները իմանան, թե ինչ իրավունքներ ունեն, եւ այդ իրավունքների պաշտպանության ուղղությամբ ինչ քայլեր կարող են իրենք ձեռնարկել:
Բայց հաշվի առնելով բանակային բազմաթիվ առանձնահատկություններ, բնականաբար, չենք կարող ակնկալել բացառապես որպես մեր գործողությունները սկսելու աղբյուր զինծառայողների նախաձեռնությունը: Բնականաբար, ներդրվելու են բազմաթիվ այլ մեխանիզմներ, որոնք գաղտնիության պահպանման կամ այլ ռեժիմներով հնարավորություն կտան պետական մարմիններին հնարավորինս բոլոր դեպքերում տեղյակ լինել մարդու իրավունքների խախտումների մասին եւ յուրաքանչյուր դեպքում հնարավորություն ունենան ապահովելու պատշաճ քննություն, հնարավոր դեպքերի բացահայտում՝ մեղավոր անձանց արդարացի պատասխանատվության ապահովման համար»:
Գլխավոր դատախազը ընդգծեց, որ զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերի նվազման միտում կա. «Հատկապես՝ մեր զինծառայողների միջեւ զինծառայողների փոխհարաբերությունների խախտմամբ համապատասխան դեպքերի նվազման միտում կա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ