«Եվրոպայի խորհրդին անհանգստացնող խնդիրներից է ուժի չափազանց մեծ օգտագործումը եւ արդյունավետ հետաքննության բացակայությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը:
Նա տարածաշրջանում առկա խնդիրների շարքում առանձնացրեց նաեւ արդարադատության արդյունավետությունը: Սակայն, ըստ Քրիստոս Ջակումոպուլոսի, տարածաշրջանում, եւ մասնավորապես՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրական զարգացումներ կան. «Ունեք նոր Սահմանադրություն՝ արդարադատության անկախության բարձր երաշխիքներով: Մենք աշխատում ենք դրա վրա եւ ավելի շատ դրույթներ եւ ծրագրեր կունենանք դատավորների պատասխանատվության, դատավորներ նշանակման ընթացակարգի վերաբերյալ:
Ծրագիրը, որ այսօր սկսում ենք՝ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ, պիլոտային ծրագիր է: Մենք հավատացած ենք, որ զինված ուժերը ավելի լավ են կատարում իրենց պաշտպանական առաջադրանքները, երբ իրենց իրավունքները ավելի լավ են պաշտպանված: Սա կարեւոր կոնցեպտուալ ծրագիր է, եւ մենք ուրախ ենք, որ առաջարկը հենց նախարարն է կատարել: Իհարկե՛, կան դրական զարգացումներ այս ոլորտում եւ մենք իսկապես շատ ենք աշխատում»:
Խոսքը «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մասին է, որի բացման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին: Ծրագրի նպատակն է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Հատուկ նպատակներն են բարելավել Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը եւ կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը եւ քննությունը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ