ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերին։
«Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները 25 տարի եղել են գործընկերներ՝ հետամուտ լինելով Հայաստանի ժողովրդի առողջությունն ու բարօրությունը բարելավելու ընդհանուր նպատակին: Մենք պատրաստ ենք աջակցելու նախարարությանն առաջիկա բարեփոխումների իրականացման գործում: Հավատացած եմ, որ այդ բարեփոխումների արդյունքում կձևավորվի կայուն ու հաջողված համակարգ, որը կկարողանա ապավինել իր սեփական ուժերին»,-ասել է դեսպանը` շեշտելով, որ բուժծառայությունների հասանելիությունը խնդիր է, որին Միացյալ Նահանգները նույնպես բախվում է:
Բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ համագործակցության մեծ փորձը` Լևոն Ալթունյանը շեշտել է, որ նախարարությունը հետևողական կլինի առաջնային օղակում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, սոցիալապես անապահով խմբերին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու գործում։ Նա միաժամանակ հյուրերի հետ քննարկել է առանձին ուղղություններով համագործակցության, մասնավորապես` առողջապահության կառավարման և մասնագիտական բժշկական ասոցիացիաների փորձը ներդնելու, և այլ հարցեր։
Քննարկվել է նաև ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը։ «Առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերացումը պետք է լինի պատճառների վերացման միջոցով։ Այդ ուղղությամբ նախարարությունը համապատասխան առաջարկ է պատրաստվում ներկայացնել կառավարություն»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ մի շարք ծրագրերի, որոնց ֆինանսավորման 1-2 տարի հետո նախատեսվող ավարտը պայմանավորված է Հայաստանում առողջապահական ցուցանիշների բարելավմամբ։
Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացումն ու ընդլայնումը։
ՀՀ առողջապահության նախարարություն