Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան- ջուրը», «Հայջրմուղկոյուղին» եւ մյուսները կլուծարվեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2016 17:54

Հայաստանում այսուհետ ջրամատակարարող մի օպերատոր է լինելու՝ «Վեոլիա Գրուպը». լուծարվելու են «Երեւան- ջուրը», «Հայջրմուղկոյուղին», «Նոր-Ակունքը», «Լոռի-ջրմուղկոյուղին» եւ «Շիրակ-ջրմուղկոյուղին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վեոլիա Գրուպի» կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին:

Այսօր պայմանագիր է կնքվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության եւ «Վեոլիա» ընկերության միջեւ, ըստ այդմ, լուծարվող ընկերությունների օգտագործվող, պահպանվող ջրային համակարգերն ու ամբողջ գույքը 15 տարով վարձակալելու է «Վեոլիան»:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում լուծարվող ընկերությունների աշխատակիցներին, արդյոք նրանք աշխատանքից կազատվեն, այս հարցին ի պատասխան տիկին Գենդուրին ասաց.«Վեոլիան» 2 օր առաջ է ծնվել, պատկերացրեք ինչ տաժանակիր աշխատանք ունենք անելու այսքան մեծ տարածքներում, մենք կարիք կունենանք ողջ անձնակազմի կարիքը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ջրի սակագինն էլ բարձրանալու է. հավաստիացրեց տիկին Գենդուրին, նա, սակայն հստակ թիվ չասաց, թե քանի դրամով կբարձրանա սակագինը, նշելով, որ այն որոշելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը :

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք կա՞ մոտավոր հաշվարկ, թե քանի տոկոսով են նախատեսում բարձրացնել սակագինը, եւ արդյոք այդ հաշվարկում հաշվի առնվում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման գործոնը, տիկին Գենդուրին պատասխանեց.«Այդ տոկոսը կլինի նշանակալից, նույնիսկ կլինի ծիծաղելի, հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք «Վեոլիան» ստանձնելու է ծառայության որակի եւ ցանցի ընդլայնման առումով»: Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ջրի կորուստներին եւ դրա ազդեցությանը սակագնի վրա, տիկին Գենդուրին ասաց.«Ջրի կորուստը կախված է մի շարք գործոններից՝ առեւտրային կորուստներից, դա նաեւ կախված է խողովակաշարերի, ցանցի վիճակից, մարդկանց վճարունակությունից, մարդկանց չվճարելուց, ապօրինություններից, մարդկանց կողմից գողացված եւ այլն: Բայց դա հիմնականում կախված է ջրաչափերից, այսօր այդ ջրաչափերը բաժանորդների տիրույթում է եւ մենք չենք ստանձնում ոչ տեխնիկական պատասխանատվությունը, ոչ էլ պահպանումը: Այսինքն մենք պարզապես վերցնում ենք տվյալներն այդ ջրաչափերից, որոնք հնագույն ջրաչափեր են՝ 12 տարվա: Եթե մեզ հնարավորություն տրվի արագ կերպով այդ ջրաչափերը փոխարինել, եթե դրանք պատկանեն մեզ, ապա շատ էականորեն կնվազեն ջրակորուստները»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Տիկին Գենդուրիի խոսքերով՝ ընկերությունը նպատակ ունի ամբողջ Հայաստանում 24 ժամյա ջրամատակարարում ապահովել, սա պայմանագրի պահանջն է:

«Վեոլիա» ընկերությունն, ըստ պայմանագրի, պարտավորվում է 2030 թվականին, որը վարձակալության վերջին տարին է, խմելու ջրի վաճառքի ծավալը հասցնել 174 միլիոն խորանարդ մետրի: Բացի այս, լուծարվող ընկերությունների գույքը 15 տարով վարձակալելու համար, «Վեոլիան» մեր պետությանը վճարել 89.7 միլիարդ դրամ, 37.5 միլիարդ դրամ էլ ներդրում կատարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930