Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրությունից թաքցվում են հայ-ռուսական խնդիրները՝ ԽՍՀՄ ՍՄԿԿ ավանդույթով

Նոյեմբեր 21,2016 17:33

«Россия Сегодня» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը բավական ընդգրկուն էր և դրանում վերջինս անդրադարձավ հարցերի լայն շրջանակի՝ սկսած ղարաբաղյան կարգավորումից մինչև ՀՀ տնտեսությունն ու սիրիական ճգնաժամը։

Կիսելյովի հետ իր երկար զրույցի ընթացքում, սակայն, ինչքանով հայտնի է հրապարակված տեքստից, Սարգսյանը որևէ կերպ չխոսեց հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճռոտ եզրերի ու գոյություն ունեցող խնդիրների մասին։ Ավելին, Սարգսյանը հանդես եկավ պնդմամբ, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև «առհասարակ խնդիրներ չկան»։

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին չխոսեց նույնիսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ խոսելիս։ Մասնավորապես, Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում զարմանալիորեն շրջանցեց Ադրբեջանին զենք մատակարարելու Մոսկվայի քաղաքականության հարցը։

«Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- ասաց Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի կեցվածքին ու դրա՝ հայ հասարակության մեջ ձևավորված ոչ միանշանակ ընկալմանը։ Սրա հետ մեկտեղ, սակայն, Սարգսյանն անմիջապես հարթեց իր խոսքում ուրվագծած «կնճիռը» և ավելացրեց, որ հայ հասարակության որոշակի հատվածը, այնուամենայնիվ, հասկացել է Ռուսաստանի հավասարակշռված պահվածքը։ Ավելին, Սարգսյանը փորձեց իսպառ վերացնել ապրիլյան պատերազմի ընթացքում Ռուսաստանի՝ հայկական կողմի համար անհասկանալի պահվածքի «կնճիռը»։ «Այն, ինչ արեց Ռուսաստանը, հնարավոր է, միակն էր այդ իրավիճակում, որը ստեղծվել էր ապրիլին»,- մասնավորապես, ասաց Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։

Իսկ ապրիլին Ռուսաստանն արել էր այն, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում միջնորդեց դադարեցնել կրակն այն ժամանակ, երբ ադրբեջանական բլից-կրիգի պլանը հիմնովին տապալվել էր։ Մոսկվան նույն այդ ժամանակ, զերծ մնաց որևէ հասցեական գնահատականներից, որևէ կերպ չհայտնեց իր աջակցությունը Հայաստանին և նույնիսկ՝ հանդես եկավ հայտարարությամբ, որ շարունակել և շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին։

Սա, թերևս, ամենամեծ խնդիրն է, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում, որը, սակայն, Սարգսյանը մոռացավ հիշել Կրեմլի բարձրախոսը համարվող Կիսելյովի հետ զրույցում։ Մոռացավ խոսել նաև Մոսկվայի կողմից Թուրքիային ղարաբաղյան բանակցային գործընթացում առավել ներգրավելու անթույլատրելիության մասին, ինչը ևս ներկայում կարող է դիտվել որպես մեծ խնդիր՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Բայց, ինչպես նշեցինք վերը, Սերժ Սարգսյանը հայտարարեց․ «Դուք գիտեք, մենք ընդհանրապես չունենք խնդիրներ Ռուսաստանի հետ։ Բայց երբեմն լինում են խնդիրներ, որոնց լուծված չլինելը թյուրըմբռնում է առաջացնում» (հարցազրույցի այս հատվածում Սերժ Սարգսյանը խոսում է Ռուսաստանի քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան ժամանելու հնարավորության մասին)։

Նկատենք, որ իրոք, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ Երևանի ու Մոսկվայի միջև չլուծված խնդիրները թյուրըմբռնում են առաջացնում։ Օրինակ՝ գազի սակագինը, գազային պայմանագրերի ստորագրումից հետո Հայաստանի գազի շուկայում առկա մենաշնորհ իրավիճակը, Հայաստանի արտաքին քաղաքական կաշկանդվածությունը ՌԴ պատճառով, Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն կառույցների անգործունակությունից Երևանի կրած վնասները։

Այս ցուցակը միգուցե կարելի է շարունակել անվերջ, դրանում ներառելով, թե՛ հայաստանյան պաշտոնյաների կողմից իդենտիֆիկացված խնդիրները և թե՛ քողարկվածները: Բայց այդ խնդիրներից որևէ մեկի մասին Սարգսյանը չխոսեց։ Ավելին,ի հեճուկս այդ խնդիրների, պնդեց. «ոչ մի խնդիր գոյություն չունի»։

Այնինչ, խնդիրներն այդ ընթացքում պահվում են մարդկանց աչքերից հեռու, քննարկվում են կուլիսների հետևում։ Այնպես, ինչպես արվում էր ԽՍՀՄ տարիներին… ՍՄԿԿ միջանցքների պատերի տակ:

 

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930