Նոյեմբերի 10-11-ին Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման ընթացքում հայկական ՏՀՏ պատվիրակությունը 6 անվանակարգերում արժանացել է գլխավոր մրցանակի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց մրցանակաբաշխության մասնակիցներին, լսեց նրանց հաջողված նախագծերի մասին:
Նախարարը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորեց այս ձևաչափով հանդիպումները` ոլորտի ձեռքբերումները բարձրաձայնելու և խնդիրները քննարկելու համար:
«Յուրաքանչյուր մեծ ու փոքր ընկերության առաջընթացով բոլորս ենք ուրախանում, հուսով եմ, որ հետագա տարիներին բազմապատկվելու են բարձր տեխնոլոգիական ընկերությունների այս հաջողությունները»,- նշեց նախարարը, ավելացնելով, որ պատրաստ է լսել ՏՀՏ ընկերությունների ցանկացած ինովացիոն նախագիծ և աջակցել դրա իրագործմանն ու առաջխաղացմանը:
Կարդացեք նաև
Հայկական ՏՀՏ պատվիրակության ղեկավար Վահան Հովսեփյանի խոսքով` նախորդ տարիներին մեր ընկերությունները պետական կառույցների համար արված նախագծերով զիջել են Վրաստանին: Այս տարի պատկերն այլ էր:
«Հատկանշական է, որ հաղթած 6 անվանակարգերից 3-ը վերաբերում էին պետական հատվածին. նորարարական նախագծեր, որոնք արդեն գործարկվել են կամ ապագայում ներդրվելու են պետական կառույցներում»,- նշեց Վահան Հովսեփյանը:
Նախարարը ընդգծեց, որ պետական կառույցներում ինովացիոն լուծումների ներդրումը պիտի արվի հայկական ՏՀՏ ընկերությունների ուժերով:
Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային կառավարման նախագծերում ակնկալվում է հայ մասնագետների գործուն մասնակցությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն