Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը:
Աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոնշյալ հաստատություններ՝ հետևելով հանձնարարականի կատարմանը: Անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին վերջին մեկ ամսվա ընթացքում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ` քաղաքապետը հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության և կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ: Այդ համատեքստում հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացառվեն կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն