«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի բացման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ Միացյալ Թագավորության կառավարությունը նշանակալից ներդրում է ունեցել ծրագրում: Նա ասաց, որ Միացյալ Թագավորության կառավարության համար կարեւոր հանգամանքներից էր Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի համախմբումը. «Մենք հույս ունենք, որ արդյունավետ ավանդ կունենանք մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում»:
Դեսպանը հավելեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել ծառայության մեջ գտնվող քաղաքացիների հարազատներից, որտեղ կիսվում էին իրենց մտահոգություններով: Նրա խոսքերով՝ այս ծրագրի նախաձեռնությունը կարեւոր քայլ է զինված ուժերում առկա խնդիրները լուծելու համար. «Միացյալ Թագավորության կառավարությունը Եվրոպայի խորհրդի հետ միասին աջակցում են այս շատ հավակնոտ ծրագրին, քանի որ հավատացած ենք, որ դա կարող է օգտակար լինել զինված ուժերի, զինծառայողների ընտանիքների եւ ընդհանրապես հայ հասարակության համար: Սա հավակնոտ երկարաժամկետ ծրագիր է, որը կպահանջի ջանասիրություն եւ նվիրվածություն: Կարծում եմ՝ ազդանշանները, որ մենք այսօր ունենք, հույսեր են տալիս»:
«Զինված ուժերում մարդու իրավունքների եւ եվրոպական չափանիշների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Հատուկ նպատակներն են բարելավել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը եւ կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը եւ կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը եւ քննությունը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ