ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ահազանգում է, որ Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ալումյանը տագնապ հնչեցրեց, որ պարոն Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է. նա առողջ վիճակում կալանավորվել է, այժմ դարձել է հաշմանդամ. «Երեք օր առաջ ինձ պարոն Շիրխանյանը ցնցող մի փաստ ասաց, որ մոտ 4000 դեղահաբ է ընդունել այս 11 ամսվա ընթացքում և ավելի մեծ տագնապ է առաջացնում այն, որ նա, առողջ մարդ լինելով, ձերբակալվել է և այսօր հաշմանդամ է: Նա անգամ ինքնուրույն տեղաշարժվել չի կարող. իր խցից մինչև ինձ հետ տեսակցության սենյակ իրեն անհրաժեշտ է մի ձեռնափայտ և քրեակատարողական հիմնարկի մի աշխատակից, որը մյուս ձեռքից բռնի»:
Մյուս ցնցող փաստը, որի մասին Հայկ Ալումյանին տեղեկացրել է պարոն Շիրխանյանն այն է, որ ինքը երեք ամիս չի կարողացել լոգանք ընդունել, քանի որ դրա համար անհրաժեշտ է մեկ հարկ իջնել և ցնցուղի տակ կանգնել, որին ինքն ի վիճակի չէ:
Ըստ պարոն Ալումյանի` գնալով ավելի մեծ տագնապ է առաջացնում այս վիճակը, և ինքը սկսում է մտածել, որ կա որոշակի միտում անել այնպես, որ Վահան Շիրխանյանն այլևս երբեք իր կենդանության օրոք չկարողանա անազատությունից դուրս գալ. «Եթե հենց հիմա այս խնդրին ուշադրություն չհրավիրենք, ապա կարող է մի քանի ամսից հետո պարոն Շիրխանյանը մահացած լինի: Նա պարզապես կարող է իր դատի օրվան չհասնել»:
Կարդացեք նաև
Պարոն Ալումյանը տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ քրեակատարողական վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից. «ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց եւ պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն: ՄԻՊ-ի այդ որոշումը, վստահ եմ, ստացել է նաեւ արդարադատության նախարարությունը, որից առ այսօր պատասխան չկա: ՄԻՊ որոշումը ստացել ենք նոյեմբերի 10-ին»:
Նշենք, որ բարձրացված խնդիրների վերաբերյալ այսօր պարզաբանում է ներկայացրել ՔԿՎ հանրային կապերի բաժինը`վստահեցնելով, որ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:
Հայկ Ալումյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Վահան Շիրխանյանին խոշտանգելու գործով եւ հույս ունի, որ ՄԻԵԴ-ը կստիպի մեր երկրի կառավարությանն անել այն, ինչ նա պարտավոր է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ