Լրահոս
Օրվա լրահոսը

Իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչներին առաջարկվել է համագործակցության նոր ձևաչափ

Նոյեմբեր 21,2016 16:04

Վերջին տարիներին հանրապետությունում գործող իրացման խոշոր ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները վկայում են այդ ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին:

Առաջնորդվելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կողմից որդեգրած այն սկզբունքով, որ խնդիրները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խորհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ, նոյեմբերի 21-ին Ծառայություն էին հրավիրվել Երևանում գործող իրացման խոշոր՝ «Վաս Գրուպ», «Ծիրան», «Պարմա», «Էվրիկա Գրուպ», «Քարֆուր», «Սաս Գրուպ», «Նոր Զովք», «Կրպակ», «Ալեքս Գրիգ», «Տիտան», «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ների, «Արև» սուպերմարկետների ցանցի, «Ֆրեշ» սուպերմարկետի, ներկայացուցիչները:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման համար լրջագույն քայլեր են ձեռնարկվում և արդյունքի հասնելու համար տնտեսավարողներից ակնկալվում է աջակցություն՝ ի դեմս իրենց կողմից իրացվող սննդամթերքի նկատմամբ առավելագույն ուշադրության դրսևորման: Նա հավաստիացրել է, որ խաղի կանոնները նույնն են լինելու բոլորի համար, տարբերակված մոտեցումը բացառվում է: «Մենք ձգտում ենք, որ մեր իրացման ցանցերը լինեն լավագույնները: Քաղաքացին պետք է առանց նայելու վստահ լինի. իր գնած ապրանքը համապատասխանում է որակի սահմանված չափանիշներին: Միաժամանակ, մենք տնտեսավարողին վնասելու որևէ մտադրություն չունենք, այլ ակնկալում ենք համագործակցություն և պատասխանատու մոտեցում»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը: Ծառայության կողմից նա պատրաստակամություն է հայտնել այս կամ այն տեսակի սննդամթերքին ներկայացվող պահանջների մասին իրացման ցանցերի համապատասխան մասնագետներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ներկայացնել:

Վերահսկող մարմնի կողմից տնօրինվող տեղեկատվության քննարկման և վերլուծության նպատակով՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հանդիպման ընթացքում մասնավորեցրել է իրացման ցանցում առկա մի շարք խնդիրներ:

Նա նախ խոսել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի անթույլատրելիության մասին: Պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի մասին են վկայում իրացվող սննդամթերքի փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետի բացակայությունը կամ ընթեռնելի չլինելը, ժամկետի կրկնակի մակնշված լինելը, բնօրինակ պիտանիության ժամկետի ջնջված լինելն ու պիտանիության նոր ժամկետի առկայությունը:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել այսպես կոչված՝ ապագայի սննդամթերքի վաճառքի հետ կապված բողոքները: Ծառայության կողմից արձանագրվել են դեպքեր, երբ իրացվող սննդամթերքի վրա նշված է եղել ապագայի արտադրության օր, իսկ իրացման ցանցում տվյալ ապրանքատեսակը վաճառվել է:

Վ. Դանիելյանն իրացման ցանցերի ներկայացուցիչներին հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ՝ շեշտելով, որ թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակները Ծառայության կողմից դիտարկվում են խիստ ռիսկային և՝ որ թերի մակնշմամբ սննդամթերքի իրացումն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ համաձայն սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի:

Բանախոսը նշել է ևս մի կարևոր խնդրի մասին, որն առնչվում էր սննդամթերքի որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը (համապատասխանության հայտարարագրեր, գրանցման վկայականներ և այլն): Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ նախատեսված են մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց՝ 2017 թվականի հունվարի 1-ից մեր երկրում իրացվող սննդամթերքը պետք է պարտադիր անցնի համապատասխանության գնահատում:

ՍԱՊԾ տեսչության պետը կարևորել է հետևողական ուշադրությունը իրացման ցանցերի աշխատակիցների անձնական հիգիենայի պահանջների պահպանման, պատշաճ արտահագուստի և այլ անհրաժեշտ պարագաների պարտադիր առկայության նկատմամբ, նշել՝ սանիտարական գրքույկները հասանելի պետք է լինեն ոչ թե գրասենյակներում, այլ տվյալ իրացման կետում:

Տնտեսավարողների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ սննդամթերք մշակող, վերամշակող կամ փաթեթավորող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով` հումքի և այլ բաղադրիչների առանձնացված պահման համար. դա սննդամթերքի անվտանգության պարտադիր պայման է: Ինչ վերաբերում է չափածրարված սննդամթերքի մակնշման կանոնների պահպանմանը, ապա պարոն Դանիելյանը հիշեցրել է, որ ներկայումս բոլոր տնտեսավարողների մոտ պրակտիկորեն առկա է միայն փաթեթավորման օրը, ինչը, սակայն բավարար չէ և ապրանքատեսակի անվանման, արտադրության օրվա, պիտանիության ժամկետի նշումը ևս ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել նաև սննդամթերքի պահման պայմաններին ներկայացվող պահանջներին: Եվս մեկ անգամ հիշեցվել է, որ հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքն ու վերջնական արտադրանքը պետք է պահվեն ախտածին մանրէների բազմացումը կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող ջերմաստիճանում, քանի որ յուրաքանչյուր արտադրող երաշխավորում է իր արտադրանքի որակը՝ դրա համար նախատեսված պահման պայմանների ապահովման դեպքում միայն (կաթնամթերք, մսամթերրք՝ +2 +6). անհրաժեշտ է ապահովել սառնարանային շղթայի անընդհատությունը:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել մսի վաճառքի կազմակերպմանն առնչվող խնդիրների վրա. մսի և ձկան մշակման տախտակներն ու կոճղերը պետք է պատրաստված լինեն ամուր փայտատեսակներից և ունենան հարթ, առանց ճեղքերի մակերես: Միաժամանակ, հաշվի առնելով փայտե կոճղերի և մասնատման տախտակների կիրառմամբ պայմանավորված ռիսկերը, առաջարկվել է կիրառել դրանց պոլիմերային տարբերակները: Եվ, որ շատ կարևոր է, ևս մեկ անգամ հիշեցվել է. միսը պետք է ընդունվի միայն անասնաբույժի զննումը հավաստող փաստաթղթի (ձև 2) առկայության դեպքում. պայմանական պիտանի մսի ստացում-վաճառքն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Նաև խիստ կարևորվել է, որ իրացման ցանցերն ընդունեն միայն սպանդանոցային ծագում ունեցող միս:

Ամփոփելով քննարկումները՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական համագործակցության, հիշեցնելով նաև, որ հետևություններ չանելու, գործընկերային հարաբերությունները չարաշահելու, նշված խնդիրները չվերացնելու դեպքում Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակներն՝ առանց վերապահումների:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930