Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի պնդումը, թե Արցախն Ադրբեջանի «օկուպացված» տարածք է, ընդունելի չէ շատ երկրների կողմից». թուրքագետ (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2016 15:38

Թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում մեկնաբանեց Թուրքիայի փոխվարչապետի վերջին հայտարարությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Թուրքիայում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքն ասել էր, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը կբացի այն դեպքում, եթե Հայաստանը «դադարեցնի Ադրբեջանի տարածքների օկուպացիան»: Ռուբեն Սաֆրաստյանը նախ նկատեց, որ հայտարարության ուղերձը նոր չէ, Թուրքիան այս համատեքստում մշտապես շահարկել է Արցախի հարցը:

«Դա Թուրքիայի քաղաքականության մի մասն է, որի նպատակն է՝ ճնշում գործադրել ՀՀ-ի վրա եւ ՀՀ-ին ցույց տալ, որ՝ «տեսեք, մենք պատրաստ ենք սահմանը բացել»: Սա եւս մեկ անգամ Թուրքիային հնարավորություն է տալիս պնդելու, որ Արցախն Ադրբեջանի «օկուպացված» տարածքն է: Ինչը, սակայն, ընդունելի չէ աշխարհի շատ երկրների կողմից»,-նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք՝ հայ-թուրքական սահմանի բացմանն անդրադարձել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաեւ նույն վեհաժողովում Կորյուն Նահապետյանի ելույթին, որում ընդգծվել էր Թուրքիայի՝ իսլամականներին օժանդակելու փաստը: «Ճիշտ եւ կարեւոր մոտեցում է: Պետք է աշխարհի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան աջակցում է իսլամիստ-ծայրահեղականներին»,-ասաց բանախոսը:

Խոսելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան կարեւոր տեղ կգրավի ԱՄՆ-ի քաղաքականության մեջ՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքում. «Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները մոտ ապագայում կհիմնվեն այն փաստի վրա, որ Թուրքիան կարեւոր դեր ունի Մերձավոր Արեւելքում. այդ հարաբերությունները կդառնան ավելորդ զգացմունքայնությունից զերծ եւ ԱՄՆ-ի հետ կպահպանեն իրենց դաշնակցային բնույթը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930