Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսացման գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կարելի էր սպասել». Սերժ Սրապիոնյան

Նոյեմբեր 21,2016 15:33

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Վահրամ Հովյանի տվյալներով, վերջին տասնամյակում գոյապահպանության խնդիրն ամենասուրը դրված է Մերձավոր Արեւելքում, չնայած որ այդ խնդիրները, ըստ փորձագետի, սկսվել են դեռեւս 20-րդ դարի կեսից:

«20-րդ դարի կեսից սկսած Մերձավոր Արեւելքն ամենաթեժ ու ամենաանկայուն տարածաշրջանն է համարվում, ներքին ու արտաքին ցնցումներ այստեղ են հենց տեղի ունենում:

Ցնցումներից տուժում են մեր հայրենակիցները, եւ ամենավտանգավորն այն է, որ սա հանգեցնում է մեծամասշտաբ արտագաղթի, հայ համայնքների մեծ թվաքանակով ներկայացուցիչները գաղթում են ու հիմնականում տեղափոխվում են Եվրոպա ու ԱՄՆ»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց պարոն Հովյանը:

Ըստ նրա, Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ, որը տեղի ունեցավ Քուվեյթում, այդտեղի հայ համայնքը մեծ կորուստներ ունեցավ. «Մինչ այդ պատերազմը հայերի թիվը Քուվեյթում հասնում էր 25.000-ի, իսկ պատերազմից հետո հինգ անգամ նվազեց, հիմա Քուվեյթում ընդամենը հինգ հազար հայ կա:

Մինչեւ 1970-ականները, Լիբանանի հայ համայնքը մոտ 300.000 էր, հիմա՝ 50-70.000-ի կարգի: Սիրիայում էլ մինչեւ 1970-ականները կար 250-300.000 հայ, նախքան այս արաբական գարունը 70-100.000-ի կարգի հայության մասին էր խոսվում: Իրանի հայ համայնքը մեծ կորուստ կրեց հեղափոխությունից հետո, մինչ այդ հայերի թիվը մոտ 300.000-ի էր հասնում, այսօր լավագույն հաշվարկներով 100.000-ի մասին է խոսքը: Քանակական ցուցանիշը նվազել է նաեւ Կոստանդնուպոլսի հայ համայնքում, այսօր այնտեղ 60-80.000-ի կարգի հայ կա»:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն (լուսանկարում) էլ նկատեց, որ սիրիահայության թեման մնում է ցավոտ թեմաներից. «Սիրիայի շատ հայեր հիմա անվտանգ վայրեր են տեղափոխվել, Սիրիան այսօր ամենաթեժ կետն է, կենսապահպանության առումով, բայց հայապահպանության առջեւ կանգնած անտեսանելի մարտահրավերներ կան, որոնք պահանջում են լուրջ միջամտություն. «Նկատի ունեմ տարածաշրջանային հայկական այն համայնքները, որտեղ չկան, այսպես կոչված, հակադրություններ … այսօր խնդիր ունենք հետխորհրդային երկրների հայ համայնքների հայապահպանության գծով: Միայն ՌԴ-ում ունենք բավականին ստվար հայ համայնք, որտեղ ամենափոքր համայնքի թիվն անցնում է 5000-ը, իսկ ամենամեծ համայնքի թիվն անցնում է 300.000-ը: Նրանք ամենավտանգվածն են, որովհետեւ ձուլման, ռուսացման գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կարելի էր սպասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930