Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ 1000 դրամի նախաձեռնության մասին. «Բազմաթիվ խնդիրներ է հարուցելու»

Նոյեմբեր 21,2016 15:25

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինծառայողների համար 1000 դրամ պարտադիր վճարի մասին նախագծի քվեարկությունից առաջ՝ իր ամփոփիչ ելույթում, խնդրեց պատգամավորներին, որ եթե նույնիսկ դեմ են այս նախագծին, ավելի լավ է չքվեարկեն, որովհետեւ դա վատ ազդակ է զինվորի համար:

Նրա այդ հորդորին չանսաց 3 պատգամավոր, այդ թվում՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Aravot.am-ը նրանից հարցրեց, թե ինչո՞ւ չլսեց ՊՆ նախարարին: Նա պատասխանեց. «Որովհետեւ այն, ինչ ներկայացված է, չի կարող ծառայել իր նպատակին: Դա ունի ժամանակավոր բնույթ եւ նպաստելու է ոչ թե մեր զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովությանը, այլ ընդհակառակը, եթե մենք այդ հիմնադրամին գումար ենք փոխանցում, ապա գումար ենք փոխանցում անձամբ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա իր բռնակալական համակարգն ավելի եւ ավելի ամրապնդի»:

Հարցին՝ Դուք ոսկեղենը հանձնելու առաջարկով եք հանդես եկել, 91-ին՝ ՀՀՇ-ի ժամանակ «1 գրամ ոսկի օպերացիա» կար՝ հանուն պետության, Դուք այդ ժամանակ ոսկի հանձնե՞լ եք: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ առաջարկել ոսկի հանձնել, ես ասել եմ՝ եթե սա ազգային տուրք է, ապա տուրքը պետք է լինի, համենայնդեպս, ես այդպես եմ պատկերացնում, որ պետք է յուրաքանչյուր անձ իր ունեցածի տոկոսային մասնակցությունը ցուցաբերի: Այդպես պետք է լինի, ոչ թե այն մարդը, որը ստանում է մի քանի միլիոն դրամ, նա էլ վճարի 1000 դրամ, իսկ ով ստանում է 70 հազար դրամ, նույնպես վճարի 1000 դրամ: Այսինքն, սա նշանակում է, որ ընդհանրապես սա կապ չունի ազգային տուրքի հետ, այդ գաղափարի հետ: Հստակ սահմանափակում կա այնտեղ, թե ում կարող է սա վերաբերվել:

Զարուհի Փոստանջյանը վկայակոչեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի զեկույցը, ըստ որի, տարեկան 31 երեխա բանակում զոհվում է ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով. «Տարեկան մեր բանակում ոչ թշնամու գրոհից կամ հարձակումից, ունենք 35-40 զոհ, նրանք պետք է չկարողանան օգտվել այս սոցիալական ապահովագրությունից: Սա նշանակում է, որ արդեն իսկ ամեն ինչ խտրական է եւ անարդար է: Եվ հետո, եթե դու չունես արդար դատական համակարգ, այդ ո՞վ պետք է պարզի՝ տվյալ անձը, ինչպես մենք տեսնում ենք, որ մարդուն սպանել են, ասում են՝ ինքնասպանություն է: Մինչդեռ, երեխային ծնողը զինված ուժերի պաշտպանությանն է վերաբերվում, հետեւաբար սա գոնե բոլորին պետք է վերաբերվեր: Այսինքն, մի քանի կետերով այս օրինագիծն անընդունելի է: Ուղղակի գաղափարը վերցրել են իրենք, շահարկում են, բայց սա այդ խնդիրը չի լուծելու, բազմաթիվ խնդիրներ է հարուցելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930