Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ կլինենք, որ մի օր «Ավրորա» մրցանակը հանձնվի թուրքի. Ռուբեն Վարդանյան

Նոյեմբեր 21,2016 15:09

Ուրախ կլինենք, որ մի օր «Ավրորա» մրցանակը հանձնվի ազգությամբ թուրք գործչի: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում ասել է գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը:

«Այդ մրցանակը շնորհվում է մարդկային կյանքի պահպանման գործում ունեցած ներդրման և հումանիզմի գաղափարներն առաջ տանելու համար: Նախագիծը շատ ավելի մեծ ստացվեց, քան մենք մտածում էինք: Սկզբնապես ցանկանում էինք օգնել հայերին հաղթահարել զոհի բարդույթը, որը մեր ժողովրդին հետապնդում էր 1915թ. Ցեղասպանության ժամանակներից: Մենք ցանկանում էինք աշխարհին այնպիսի օրինակ ցույց տալ, որ սարսափելի ողբերգություն ապրած մարդիկ, ապրելով և ոտքի կանգնելով, պատրաստ են օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Բայց շուտով պարզ դարձավ՝ այսօր աշխարհում կատարվող ամեն ինչ այդ թեման արդիական է դարձնում յուրաքանչյուրի համար: Բոլոր մեր նախագծերը կարելի է բնութագրել glocal բառով՝ գլոբալ և լոկալ բառերի համադրությամբ: Այնպիսի նախաձեռնությունը, ինչպիսին Aurora-ն է, դա շատ լավ բացահայտում է:

Երբ մենք սկսեցինք ստանալ մարդկանց փրկելու պատմություններ, ցանկություն առաջացավ նրանց շնորհակալություն ասելու: Դրանք վեհանձնության և խիզախության, հումանիզմի հաղթանակի բացառիկ օրինակներ են: Ինչ վերաբերում է հենց մրցանակին, ապա մրցանակակրին շնորհվում է 100 հազար դոլար, և ևս 1 մլն դոլար նա կարող է փոխանցել նրանց, ովքեր իրենց ոգեշնչել են մարդասիրական գործունեության համար»,- պատմել է գործարարը:

Վարդանյանը նշել է, որ մրցանակի թեկնածուների համար չկա որևէ սահմանափակում՝ աշխարհագրական, թեմատիկ կամ ազգային:

«Ուրախ կլինենք, եթե երբևէ մրցանակը ստանա ազգությամբ թուրք, որի գործունեությունը կհամապատասխանի մեր մրցանակի չափանիշներին: Հատուկ ընդգծեմ. ո՛չ ես, ո՛չ իմ գործընկեր, մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը չենք մասնակցում մրցանակակրի ընտրության հարցում որոշման կայացմանը: Դա անում են ընտրական հանձնաժողովի 9 անդամները, որոնց մեջ միայն մեկ հայ կա՝ Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի ղեկավար Վարդան Գրեգորյանը, որն ակադեմիական աշխարհում ամենահարգված գործիչներից մեկն է»,- ասել է Վարդանյանը:

Նա նաև նշել է, որ մրցանակի շրջանակներում իրենք փորձում են առանձնացնել ոչ թե նրանց, ովքեր պատահաբար կյանքեր են փրկել, այլ նրանց, ովքեր դա արել են պարբերաբար, գիտակցված, վտանգելով սեփական կյանքը:

«Աշխարհում շատ տարբեր մրցանակներ կան, սակայն մարդկային արժեքների ոլորտում նման բան չկա: Մեր Aurora Prize for Awakening Humanity-ն ամենախոշորն է: Սա human rights՝ մարդու իրավունքներ չէ, սա human values է, սա մարդկային արժեքների մասին է, որոնք, որքան էլ տարօրինակ է, այժմ երբեմն բախվում են մարդու իրավունքների հետ, իսկ դա նույնպես նոր մարտահրավեր է, որը պետք է քննարկել բաց և հանրայնորեն»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930