«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի՝ վերջերս արած հայտարարությանը, թե «Ռուսաստանը միջուկային գերտերություն է»: «Սա նոր գնահատական էր: Մինչեւ այդ Օբաման Ռուսաստանին բնութագրում էր որպես տարածաշրջանային տերություն: Սա արդյունք է Օբամա- Թրամփ հանդիպման»,-համոզմունք հայտնեց թուրքագետը:
Նա մեկնաբանեց նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե «Ռուսաստանին հնարավոր չէ մեկուսացնել». «Այսինքն, ՆԱՏՕ-ն ուզած-չուզած պետք է Ռուսաստանի հետ հարաբերություն ունենա: Սրանք նոր երանգներ են ամերիկյան քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ Օբամայի եւ Թրամփի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ Ռուսաստանի հանդեպ «պրագմատիկ» քաղաքականության անցնելու մասին»:
Ըստ թուրքագետի, ԱՄՆ-ն այսուհետեւ կփորձի Ռուսաստանի շահերը հաշվի առնել տարբեր տարածաշրջաններում: Սաֆրաստյանը կարծում է, որ ՌԴ-ի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները կվերացվեն, իսկ նոր պատժամիջոցներ առաջիկայում չեն լինի. «Թրամփը սկզբում նման քայլի չի գնա»:
Թե ինչպես այս ամենը կանդրադառնա Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրա, բանախոսը դժվարացավ կանխատեսել, քանի որ ԱՄՆ նոր նախագահը դեռ չի հստակեցրել նաեւ Հայաստանի հանդեպ դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ