Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի անձնական կապերն ու ԼՂ հարցը

Նոյեմբեր 21,2016 15:00

Ալեքսանդր Արզումանյանը՝ Թրամփի հետ կապված մտահոգությունների մասին

ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն «Առավոտի» հետ զրույցում փարատեց այն բոլոր մտահոգությունները, որ մինչեւ հունվարի 20-ը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել իր պարտավորությունները, իսկ Օբաման ավարտել է, այդ միջանցքն օգտագործելով՝ Ադրբեջանը կփորձի փոխել ստատուս քվոն ԼՂՀ-ում, եւ այդ կարգավիճակով հարցը կհանձնվի Թրամփին:
Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «ԱՄՆ-ում ընտրություն է անցկացվում ամեն 4 տարին մեկ, եւ երբեւէ որեւէ պրոբլեմ չի եղել: Իրենց քաղաքական համակարգն այնպիսին է, մեխանիզմն այնպես է աշխատում, որ այնտեղ որեւէ նման խնդիր չկա: Ընդամենը, այսպես կոչված, տրանզիցիայի՝ փոխարինման գործընթաց է, որտեղ խաղաղ պայմաններում հանձնվում է իշխանությունը հաղթող կողմին: Որեւէ խնդիր չկա, բոլոր ինստիտուտներն աշխատում են 100 տոկոսանոց պատրաստակամությամբ»:

Այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն այս օրերին հանդիպում է իր զինվորների հետ, խոսում է ապրիլյան պատերազմի մասին, պատրաստում է նրանց, դա այլ հարց է: Պարոն Արզումանյանի խոսքով՝ «Ալիեւը միշտ էլ փորձելու է, բայց դա չպետք է կապել ԱՄՆ-ում ընտրության հետ: Ընտրությունների հետ մենք կապում ենք այն պարագայում, որ ընտրական գործընթացներ են, այս կամ այն երկիրն այնքան էլ հետաքրքրված չի լինի շատ ակտիվ մասնակցելու բանակցային գործընթացին: Ցանկացած ընտրություն՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ, ՀՀ, Ադրբեջան, մշտապես պրոցեսում դադար են առաջացրել, որովհետեւ գործընթացը սպասողական փուլ է մտնում, եւ սպասում են ընտրությունների ավարտին, բայց դա չի կարելի կապել պատերազմական գործողությունների հետ: Պատերազմական գործողությունները կարող են սկսվել ե՛ւ նախընտրական փուլում, ե՛ւ ընտրություններից հետո, մշտապես: Դա կլինի, երբ կողմերից մեկը, այս պարագայում՝ Ադրբեջանը, կզգա, որ կարող է ինչ-որ փոփոխություն մտցնել: Բայց ընդհանուր անվտանգության համակարգը ԱՄՆ-ի, անկախ ընտրության էկզոտիզմից, չի փոխվելու, շարունակելու է գործել՝ որպես մեկ միասնական մեխանիզմ»:

Դիտարկմանը՝ մտահոգություններ կան, որ ԱՄՆ-ում այս շրջանում անիշխանություն է լինում, Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. «ԱՄՆ-ը մեզ նման երկիր չէ, որ մեկը հիվանդացավ, ամբողջը տապալվի: ԱՄՆ-ի ամբողջ վերնախավն էլ որ մեռնի, վաղը էլի նորմալ կաշխատի այդ երկիրը»:

Այս օրերին համացանցում բուռն քննարկվեցին Դոնալդ Թրամփի տեսանյութերը, թե ինչպես է նկարահանվել Ալիեւի երգիչ փեսայի՝ Էմին Աղալարովի տեսահոլովակում, եւ փորձեցին կապեր գտնել Ադրբեջանի եւ Թրամփի միջեւ: Հարցին՝ իր անձնական հարաբերությունները կարո՞ղ են ինչ-որ ազդեցություն թողնել ԼՂ հարցի վրա, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Թրամփը պարտադրված առաջնորդվելու է ԱՄՆ ազգային շահով: Իր անձնական նախասիրությունները, իր կապերը, իր բիզնես-հետաքրքրությունները իր անձնական պրոբլեմն է: Տեսեք, ընտրություններից 3 օր անց Թրամփն արդեն հետ է կանգնել իր բոլոր նախընտրական հայտարարություններից, ինչը նշանակում է, որ նա գիտակցում է՝ կան ԱՄՆ ազգային շահեր, կա շարունակականություն, կան արտաքին քաղաքականության նախընտրած մոտեցումներ, որոնց ինքը պարտավոր է հետեւել: Կապրենք, կտեսնենք: Ինչ-ինչ հարցերում տարբերություններ կլինեն, բայց ընդհանուր առմամբ շատ մեծ կատակլիզմներ սպասել չարժե»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930