Տարածաշրջանը թեւակոխում է բավականին խռովահույզ ժամանակաշրջան: Այս գնահատականներով այսօր «Զարկերակ» ակումբում իր ասուլիսը սկսեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Մենք տեսնում ենք մեծ փոփոխություններ մեր հարեւան Թուրքիայում, առաջիկայում այնտեղ սահմանադրական փոփոխություններ են սպասվում, կա Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների բարդացում, թուրք-ամերիկյան հարաբերություններն են անորոշ ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրությունից հետո: Սրանք գործոններ են, որոնք անպայմանորեն մեզ վրա անդրադառնում են»,- ասաց պարոն Պապյանը:
Անդրադառնալով սահմանագծի լարվածությանը՝պարոն Պապյանն ասաց՝ Ադրբեջանում իրականացվող զորավարժությունների հետ կապված մտավախություն կար, բայց պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի գնա մեծ պատերազմի գոնե հիմա՝ եղանակային պայմանների անբարենպաստ լինելու հանգամանքով պայմանավորված. «Եթե ինչ-որ մի բան տեղի ունենա, տեղի կունենա մարտ-ապրիլին, մեր ընտրություններին նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանում, երբ իրավիճակը այստեղ կապակայունանա, որովհետեւ արդար ընտրություններ չեն լինի»:
Ըստ նրա, հնարավոր է՝ Սիրիայի հարցում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն սերտորեն սկսեն համագործակցել, բայց լայն առումով հակամարտությունը կշարունակվի:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վերջին օրերին գեներալների հասցեին ուղղված քննադատությանը, թե հարստացել են բանակի հաշվին՝ պարոն Պապյանը շարունակեց. «Այս ձեւն ու դրսեւորումը ճիշտ չէ, քանի դեռ չեն պատժվել բանակը թալանած գեներալները, բանակի նկատմամբ վստահություն որեւէ մեկը չի ունենա»:
Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենը՝ որպես երկրորդ լեզու հաստատելուն, Արա Պապյանն անընդունելի է համարում, որովհետեւ. «Եթե դա ընկալում ենք լեզու ռուսների համար, ապա բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ունենք ստորագրած ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին եւ ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի, կատարում ենք:
Իսկ պետական երկրորդ լեզու հաստատելու համար որեւէ հիմք չկա, իսկ եթե խոսքը օգտագործելու մասին է, ապա դա ուրիշ հարց, ինչքան լեզու իմանաս, այնքան լավ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ