Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող Դեւիդ Սեթերը համոզված չէ,
որ Թրամփի ընտրվելուց հետո այս հարցում որեւէ էական փոփոխություն կմտցվի:
1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դեւիդ Սեթերը նոյեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրված քննարկմանը հանդես է եկել «Պուտինի վարչակարգի իրական բնութագիրը» թեմայով զեկույցով, որում մի շարք փաստեր է ներկայացրել այն մասին, որ, օրինակ, ռուս-չեչենական պատերազմը, Բեսլանի ահաբեկչությունը կազմակերպել է հենց Պուտինի վարչակարգը:
«Առավոտը» պարոն Սեթերի հետ զրուցեց ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրած զեկույցի, ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջիկա զարգացումների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ:
Հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ն էին նրա ելույթից հետո արձագանքները: Մեր այն դիտարկմանը, թե նախագահ Պուտինին կոնկրետ մեղադրանքներ է ներկայացնում եւ հարցին` չի՞ վախենում ճնշումներից եւ հետեւանքներից, պարոն Սեթերը պատասխանեց` վստահեցնելով, որ նման մերկացնող փաստեր Վլադիմիր Պուտինի վարչակազմի մասին միայն ինքը չէ, որ հայտնում է: Այդպիսիք ներկայացրել են նույնիսկ Ռուսաստանում գործունեություն ծավալող գործիչներ:
Դեւիդ Սեթերը հավաստիացրեց, որ չի վախենում ռուսական կողմի ճնշումներից, թեեւ դրանց չի էլ ենթարկվել:
Կարդացեք նաև
Նշենք, որ սոցիալական ցանցերում քննարկումների ընթացքում Դեւիդ Սեթերի` ԱՄՆ Կոնգրեսում հնչեցրած ելույթը Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը որակել է քարոզչություն:
Այս առիթով պարոն Սեթերը փոխանցեց. «Նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՌԴ իշխանությունները մտահոգված են իմ ներկայացրած փաստերի առիթով»:
Պարոն Սեթերը նշեց, որ իր պարտքն է համարում ներկայացնել այն, ինչ իրականում կատարվում է Ռուսաստանում, եւ պատրաստվում է հետխորհրդային Ռուսաստանի մասին գիրք հրատարակել:
Դեւիդ Սեթերի հետ զրուցեցինք նաեւ ռուս-ամերիկյան քաղաքականության մասին հատկապես ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակաշրջանում: Հիշեցրինք, որ տեսակետ էր հայտնել, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը հակամարտությունները ոչ թե կարգավորելուն, այլ դրանք պահպանելուն է ուղղված: ԱՄՆ-ը, իր հերթին, հանդես է եկել հետխորհրդային տարածքի հակամարտությունների շուտափույթ, խաղաղ եւ վերջնական լուծման օգտին: Ուստի նախագահ Թրամփի ընտրությունից հետո ի՞նչ փոփոխություններ կարելի է սպասել ԱՄՆ քաղաքականության մեջ այս հարցում, կխորանա՞ն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակասություններն առաջիկա տարիներին, հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ Հարավային Կովկասում:
Պարոն Սեթերը չի կարծում, թե նախագահ Թրամփի ընտրությունից հետո հակամարտությունը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ կխորանա: Ավելի հավանական է համարում, որ փոփոխություն լինի այն հարցում, թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերում ռուս-ամերիկյան հակամարտությանը: Պարոն Սեթերի համոզմամբ` եթե Թրամփը թույլ տա ԱՄՆ նախկին ղեկավարների սխալը, ապա, Ղրիմի բռնակցման նախադեպն աչքներիս առաջ ունենալով, կարող ենք մտահոգություն հայտնել, որ ՌԴ-ի` նման քաղաքականության վրա աչք փակելով` ԱՄՆ-ը հող է նախապատրաստում ՌԴ-ի կողմից նոր ագրեսիայի եւ բռնությունների:
Փաստեցինք, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պատժամիջոցներն ընդդեմ Ասադի ռեժիմի, Ռուսաստանի ու Իրանի: Այս համատեքստում ամերիկացի փորձագետից հետաքրքրվեցինք` ի՞նչ զարգացումներ է կանխատեսում ռուս-ամերիկյան հարաբերություններում, ինչպիսի՞ն կլինի եւ պետք է լինի նախագահ Թրամփի արտաքին քաղաքական գիծը:
Պարոն Սեթերը վստահ է, որ եթե ռուսական ռեժիմը համոզված լինի, որ չի հետեւի որեւէ կտրուկ պատասխան ԱՄՆ կողմից, ապա կդիմի իր հարեւանների նկատմամբ ագրեսիայի: Ինչպես նաեւ ըստ պարոն Սեթերի` իրավիճակը դուրս կգա հավասարակշռությունից Հարավային Կովկասում, քանի որ այս տարածաշրջանում սրացումները Ռուսաստանին հնարավորություն են տալիս վերահսկողությունը մեծացնել, այն տարածել նաեւ Հայաստանի վրա, որն ինչ-որ առումով կախվածության մեջ է Ռուսաստանից: Դեւիդ Սեթերի տեղեկացմամբ` այժմ ԱՄՆ կառավարությունում եւ իշխող Հանրապետական կուսակցության ներսում տարաձայնություններ կան ՌԴ-ի հետ տարվող քաղաքականության հարցում: Ու եթե Թրամփը որոշի հանել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ հանուն երկխոսության, ապա դա ԱՄՆ քաղաքական էլիտայի եւ վարչակարգի ներսում լուրջ հակասություններ կառաջացնի:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին` պարոն Սեթերը համոզմունք հայտնեց, որ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմը նախաձեռնել էր Ադրբեջանը` տարածքներ գրավելու մտադրությամբ:
Դեւիդ Սեթերին հիշեցրինք մի առիթով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր այն համոզմունքը, թե «վերադարձնելով օկուպացրած որոշ տարածքներ՝ Հայաստանը կկարգավորի ԼՂ հակամարտությունն ու կազատվի ռուսական ազդեցությունից»: Հետաքրքրվեցինք` ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո ե՞ւս այդ կարծիքն ունի: Պարոն Սեթերը պատասխանեց. «Միանշանակ է այն, որ ապրիլյան պատերազմի նախաձեռնողը Ադրբեջանն էր: Նա ցանկություն ուներ ընդլայնել իր տարածքները: Սակայն Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար հարմար պատճառ է իր գերիշխանությունը տարածաշրջանում ավելի երկար ապահովելու համար: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, բոլոր կողմերն էլ, բացի Ռուսաստանից, հետաքրքրված են դրա կարգավորմամբ, եթե, իհարկե, դա հնարավոր է»:
Պարոն Սեթերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրության հետ որեւէ նոր զարգացում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի տեսնում: Ավելին, նա ցավով նշում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է իր նույն քաղաքականությունը, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» հարցով. «Սա լուրջ հակամարտություն է Հայաստանի եւ Ադրբեջանի համար, այն բազում կյանքեր է խլում: Բայց, ցավոք, այդ հակամարտությունը Ամերիկայի ուշադրության կենտրոնում չէ: Ուստի վստահ չեմ, որ նախագահ Թրամփի ընտրությունից հետո այս հարցում որեւէ էական փոփոխություն կմտցվի»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
19.11.2016