Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյանը չի լսելու Կարեն Կարապետյանին

Նոյեմբեր 21,2016 14:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին որոշեց 110 միլիոն դրամով տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը՝ շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու, արտադրանքի գինը բարձրացնելու եւ գերշահույթ ստանալու պատճառաբանությամբ: Այս մասին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսում էր անթաքույց հպարտությամբ: Ընկերության սեփականատերը հայտարարել է, որ հանձնաժողովի որոշումը վիճարկելու է դատարանում, իսկ այս որոշումից երկու օր անց՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստում վարչապետն ասել է. «Հանձնաժողովն անկախ պետական մարմին է, եւ կառավարությունն այդտեղ լծակներ չունի, բայց դա չի զրկում մեզ կարծիք արտահայտելու հնարավորությունից: Ուստի պարոն Շաբոյանին եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով արտադրողներ եւ ներմուծողներ»:

Եթե այլ բառերով վերաշարադրենք վարչապետի խոսքը, կստացվի՝ «գործով զբաղվեք, թողեք ամեն տեսակ իմիտացիաները»:

Անշուշտ, կարեւոր են ազատ շուկան եւ տնտեսական արդար մրցակցությունը բոլոր ոլորտներում: Սակայն այրվող կամ քանդվող տանից առաջին հերթին հանում են ոչ թե համակարգիչն ու պլանշետը, այլ փաստաթղթերը, հագուստ, դեղեր: Հայաստանի քաղաքացիները, բնականաբար, գարեջուր խմում են, սակայն վարչապետն էլ գիտի, որ այլ ապրանքների գների հետ կապված մտահոգություններ ունեն, ոչ թե գարեջրի: Շատ եմ ուզում, որ Արտակ Շաբոյանը լսի վարչապետի հորդորն ու զբաղվի առաջնային սպառման ապրանքների շուկաներով: Սակայն դատելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա պահվածքից` վարչապետին չի լսելու:

Չորս փաստ: 1. Արտակ Շաբոյանից առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը Դավիթ Հարությունյանն էր: Նրա օրոք որոշվեց դեղ ներկրող յոթ խոշոր ընկերության տուգանել հակամրցակցային պայմանավորվածության համար: Հետո՝ 2010-ի սկզբին, Դավիթ Հարությունյանը հանկարծակի հրաժարական տվեց, նրան փոխարինեց Արտակ Շաբոյանը, եւ հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Դավիթ Հարությունյանի օրոք ընդունված՝ դեղ ներկրողներին տուգանելու որոշումը:
2. 2010-ի դեկտեմբերի 3-ին ներկայացնելով «Պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունները՝ Արտակ Շաբոյանը ասաց, որ կաթնամթերք արտադրող մի շարք տնտեսվարողներ կաթի մեջ օգտագործում են կաթի փոշի եւ սոդա, ինչը օրենսդրությամբ եւ ստանդարտներով արգելված է: Շաբոյանը անուններ չտվեց՝ կա՛մ չգիտեր, կա՛մ որոշեց թափանցիկ չաշխատել: Կաթնամթերք արտադրող որեւէ ընկերության այդ օրերին պատժելու մասին լուրեր չկան:

3. 2010-2011թթ. սահմանագլխի տոնական օրերին Հայաստանում ձուն վաճառվում էր մինչեւ 100 դրամով, դրա մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, իսկ Արտակ Շաբոյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ձվի շուկայում չհիմնավորված թանկացումների մասին փաստեր չունի։

4. 2010 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առնվազն երկու անգամ հայտարարեց, որ նախատեսում է 2010-ին հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: Արտակ Շաբոյանի՝ նախագահ դառնալուց հետո հանձնաժողովը հայտարարեց. «Հանձնաժողովի նախագահի փոփոխությունից հետո ծրագիրը ընդլայնվել է, եւ այնտեղ՝ մարզերում, մրցակցային իրավիճակի գնահատումից բացի, ընդգրկվել են նաեւ հանրապետության մարզերում մրցակցության քարոզչության եւ իրազեկման աշխատանքների իրականացումը, հետագայում նաեւ բարելավմանն ուղղված քայլերի մշակումը: Հանձնաժողովը կազմել է միջոցառումների պլան, կոնկրետ թիրախային խմբեր… Բնականաբար, հանձնաժողովը ծրագիրը կիրականացնի առավելագույն հրապարակայնության պայմաններում»:

Անցել է արդեն 6 տարի: Մարզերի մրցակցային իրավիճակը չի գնահատվել:
Վեց տարի այս ոճով աշխատող պաշտոնյան շարունակելու է իմիտացիա անել: Եթե վեց տարում չի հոգնել, հաստատ էլ չի հոգնի: Փոխարենը Կարեն Կարապետյանը կարող է հոգնել նման պաշտոնյաներից ու գտնել նրանց հեռացնելու ձեւը:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Karen Vardanyan says:

    Զուտ հետաքրքրությքան համար ուղղակի ցանկացա փորձել հոդվածագրի անաչառությունը հասկանալ: Հանձնաժողովի կայքից տեղեկացա, որ “Լուսակերտը” ձվի գնի բարձրացման համար 100 մլն. դրամ տուգանվել է, “Պանրի” շուկայում հայտնաբերված խախտումները ուղարկվել են սննդի անվտանգության ծառայություն, քանի որ Հանձնաժողովի գործառույթներից դուրս են, իսկ Թվինինգ ծրագրի շրջանակում իրականացվել է մարզերի մրցակցային իրավիճակի գնահատում: Եթե լրագրողը տեղեկացված չի կատարված աշխատանքներից, ապա բարոյական կլինի ուղակի լռել:

    Լրագրությունը թան չի ու ամեն մարդու բան չի: Գրելուց առաջ հիշեք, որ ընթերցողները հիմար չեն ու լայքերի համար մի գրեք, ամոտ ա:

  2. Vardan Dilbaryan says:

    Ինչու եք խեղաթյուրված ու մտացածին հոդվածներ գրում, դուք լրագրող եք ու ցավալի է, որ հասարակությունը հենց ձեզանից պետք է լրատվություն ստանա: Փաստաբան եմ, 16 տարվա աշխատանքային փորձով ու հանուն արդարության պետք է ասեմ, որ կեղծել եք բոլոր փաստերը: Հիշում եմ, որ 3 տարի առաջ դատարանում պաշտպանում էի մի ընկերության շահը, որը տուգանվել էր ՏՄՊՊՀ-ի կողմից: Ամեն դատական նիստից հետո անձամբ էի համոզվում, որ պետք է պաշտպանել ոչ թե մեր գրպանի հաշվին հարստացող տնտեսվարողի, այլ հենց նման պետական կառույցների շահը:
    Ու էդ ինչ մտածելակերպ է ընդհանրապես, ինչի որ գարեջուրա արտադրում, ուրեմն ինչ ուզում է կարող է անել? Այ քեզ բան? Էդ ով է ասել, որ, ասենք գարեջուր արտադրողը կարող է օրենք խախտել, բայց կարագ արտադրողը՝ ոչ. հիանալի տրամաբանություն:

  3. Անի says:

    Գիտեք ինչն է վիրավորական, որ որևէ անգամ որպես լրագրող չպաշտպանեցիք գործարանում ամիսներ շարունակ 35 հազար աշխատավարձը ուշացումով ստացող մարդկանց շահերը, հիմա խոսում եք գարեջրի խեղճ մագնատ պատգամավորի շահերից, ում համար 110 միլիոնը 2 Դուբայի փողա: Ցեխ շպրտելով ձեր արժեքը չեք բարձրացնում: Ասեկոսեները ստուգեք, փաստ դարձրեք նոր հրապարակեք, ոչ թե սենսացիոն վերնագրերով լայքեր հավաքեք, որ դրա դիմաց բարձր վարձատրություն ստանաք

  4. Tatev Mejlumyan says:

    Քաղաքական լրագրողի գրած տնտեսական հոդվածն էլ հազիվ էս ըլնի էլի….

  5. Նարեկ says:

    Լրագրողին «սպանող» երեք մեկնաբանությունն էլ նույն օրն է գրվել: Ակնհայտ մեկ աղբյուրից են գալիս: Նյութը կարդացի ու չտեսա լրագրողին «սպանելու» հիմք: Գրված են կոնկրետ փաստեր. որ օրինակ 2010-ին «Պանիր» ապրանքային շուկայի խախտումների վերաբերյալ անուններ չի տվել: Եթե անգամ գործերն ուղարկել է դատախազություն, երբ էլ որ ուղարկել է մեկ է` անուններ չի տվել: Կամ երբ է տուգանվել Լուսակերտը. 2010-2011-ին?, ինչպես գրված է նյութում;
    Կամ եթե ուսումնասիրում են մարզերի մրցակցային վիճակը, ինչու չեն խոսում:
    Եվվ ամենակարեւորը. ինչու Արտակ Շաբոյանը պաշտոնը ստանալուն պես չեղյալ հայտարարեց դեղ ներկրողներին տուգանելու որոշումը:

    Եթե այս ամենը սուտ է, ինչու Արտակ Շաբոյանը չի դիմում դատարան: Լրատվամիջոցը փաստեր է ներկայացրել: Իսկ Արտակ Շաբոյանը ուրիշի անվան տակ թաքնվելով մեկնաբանություն է գրում:

  6. Նարեկ says:

    Մի բան էլ. եթե Արտակ Շաբոյանը այդքան լավ է աշխատում, ինչու է վարչապետն ասում` հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով արտադրողներ եւ ներմուծողներ

    Ձեր տրամաբանությամբ վարչապետը լայքերի եւ վարձատրության համար է դա անում: Ինչու Արտակ Շաբոյանը այստեղ ուրիշի անունով հայհոյախառն մեկնաբանություններ գրելու փոխարեն չի պատասխանում վարչապետին, թե բա գիտես առաջնային սպառման ապրանքներով զբաղվում ենք` ձու, պանիր, դեղեր, մարզերում մրցակցային վիճակի գնահատումներ:

  7. Նարեկ says:

    Իսկ սրան ինչ կասի այստեղ ուրիշի անունով հայհոյախառն մեկնաբանություններ գրող Արտակ Շաբոյանը??

    Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան. «Երևանի գարեջուր» ընկերության մասին. «Այսքան տարի գործում է, և որևէ նեգատիվ երևույթի մասին չենք լսել՝ կապված այդ ձեռնարկության հետ: Տարիներ շարունակ փորձում է որակը լավացնել, մշտապես միջազգային մրցույթներում հաղթող է ճանաչվում, շուկայում ունի կայուն դիրք, Հայաստանին պատիվ բերող ձեռնակրկություն է»:

    Գ. Մակարյանի դիտարկմամբ՝ այսպիսի տուգանքները տարբեր ասեկոսեների առիթ են տալիս, կարող են ազդել տարիների ընթացքում ձևավորված վարկանիշի, բարի համբավի և սպառման վրա: Գ. Մակարյանի խոսքով՝ անհասկանալի է հանձնաժողովի այսպիսի ձեռագիրը և այս ոճը ընդունելի չէ.

  8. vinco says:

    Բավական է, ժամանակն է ՛՛կարմիր քարտ՛՛ցույց տալ Արտակին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930