Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, իսկ մնացյալ կեսն այլեւս ինձ չի պատկանել, այլ Սովետական կառավարությանը, որ ինչ կամեցել է՝ արել է ինձ»։

Նոյեմբեր 21,2016 13:30

Նոյեմբերի 22-ը երգիծաբան Լեռ Կամսարի հիշատակի օրն է

…Ո՜չ, չեմ կարող իմ կյանքը գրել։ Ինձանով հետաքրքրվողներին կասեմ. «Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք»։

«Նարեկացի» արվեստի միությունում հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կներկայացվի հայ դասական գրող-երգիծաբանի անտիպների ժողովածուն: Ստորեւ ներկայացնում ենք երգիծաբանի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի՝ «Առավոտին» տրամադրած Լեռ Կամսարի 1961թ. անտիպների շարքը:

Ես Սիբիրից եմ եկել

Սա երկրորդ օրն է, ո՛չ կուտեմ, ո՛չ կխմեմ։ Ես նման եմ այն ոչխարին, որին իր տերը դուրս է կանչել գոմից ու սակարկում է մսագործի հետ…
Իմ եւ ամբողջ հայ ժողովրդի առաջ տնկված է երկու տեսակի մահ՝ կամ թուրքի ձեռքով լրացուցիչ կերպով մորթվել, կամ ռուսի ձեռքով Սիբիր քշվել։
Ես Սիբիրից եմ եկել եւ գիտեմ նրա զարհուրանքը։ Ինձ համար հազար անգամ լավ է տաք հողում թաղվել, քան Սիբիրում ապրել։
Ա՛խ Աստված, ե՞րբ կվերջանա սա՝ Մոսկվայի առեւտրական բանակցությունը:

kamsar5

Այս գիշեր երազումս
ինձ գնդակահարում էին

Պատահե՞լ է ձեզ այդպիսի դեպք։
Տասն անգամ արթուն ժամանակ գնդակահարվես՝ մի անգամ երազում չգնդակահարվես։ Սարսափից ուզում ես գոռալ՝ ձայնդ դուրս չի գալիս, ուզում ես փախչես՝ ոտներդ ամուր կպել են գետնին, ազատարար ես փնտրում շրջապատումդ՝ մարդ չկա. մարդասպանն է միայն կանգնած դեմդ՝ ատրճանակը ճակատիդ բռնած։

Սոսկալի վիճակ։ Առավոտ, երբ ողջ -առողջ աչքս բացի, կարծես մորիցս նո՛ր ծնված լինեի։ Արթնացա ու մտածում եմ։ Անպատճառ Ստալինն իր ժամանակին երազում չի գնդակահարվել ու ծանոթ չէ այդ սարսափին, եթե ոչ՝ իր քսան միլիոն զոհերին երազում կգնդակահարեր՝ տասնապատկելով մահապարտի տանջանքը։ Որովհետեւ գնդակահարվել առանց մի երկու բերան Ստալինին ու սովետական կառավարությանը հայհոյելու՝ չլսված զրկանք է մեռնողին։

1935 թվին ինձ հետ բանտարկված էր մի չեկիստ, որն անձամբ 93 մարդ էր գնդակահարել։ Նա պատմում էր հետեւյալը։

-Երբ մարդկանց շարք էինք կանգնեցնում խփելու՝ ծայր էր առնում հայհոյանքի ալիք։ Վերջում, երբ թաղում էինք մի ընդհանուր փոսի մեջ, գետնի տակից կիսամեռները դեռ հայհոյում էին։

Այս հաշվով, եթե վերջին դատաստանին մեռելները հարություն առնեն՝ նրանց առաջին խոսքը հայհոյանք պիտի լինի Ստալինի եւ սովետական կառավարության հասցեին, որովհետեւ այն ժամանակ կիսատ էին թողել բերաններում…
Եթե ինձ ազատ թողնեին, ես ինչպիսի՛ գործեր պիտի անեի
Յոթանասուն տարեկան մարդն իր կյանքի ճանապարհով հետ դառնալիս ինչքան շատ հիշատակության արժանի գործ կատարած լինի՝ այնքան նա իր արժանիքը կմեծացնի, այնքան նա իրենից գոհ կլինի եւ շատ չի ցավի, որ շուտով պիտի մեռնի:
Կյանքում ոչ մի օգտակար բան չկատարած մարդը նման է ծննդյան օրից հանկարծ վերելակով յոթանասունի բարձրացած մեկի եւ այդ բարձրությունից էլ ընկնելիս, երբ փրկության համար որեւէ բանի ձեռք ձգի բռնելու, ոչինչ չպիտի գտնի եւ շեփ շիտակ իր ծնունդի վրա պիտի ընկնի: Ծնել ու մեռնել՝ դա գործ չէ, որովհետեւ դու դրանցում ոչ մի ճիգ չես գործադրել: Մայրդ ծնել է: Աստված հոգիդ առել: Իսկ դո՞ւ ինչ ես արել: Քո կյանքի ամեն րոպեի կռնակին մի փոքրիկ բեռ պիտի դնես, կազմես մի երկար քարավան, որով քո կարողությունները լույս աշխարհ հանվի: Երբ ես հետ եմ դառնում իմ եկած ճամփովս, ամբողջ քառասուն տարի անցնում եմ անապատով: Այդ այն սոցիալիզմի տարիներն են, երբ մարդիկ ոչ թե ներգործական, այլ կրավորական էակներ են, որոնք ոչ թե մի բան անում են, այլ միայն արվում են:

kamsar7

Իր տնկած թթենին՝ Թումանյան փողոցի վրա:

Եթե ինձ ազատ թողնեին, ես ինչպիսի՛ գործեր պիտի անեի…

Մեկ պատկերացնելով իմ ստրկական կյանքը, սրտնեղում եմ, մեկ էլ ասում եմ՝ ջհաննամ, առանց որեւէ ծախսի, ձրի աշխարհ եմ եկել, հետս ինչպես ուզում են՝ վարվեն, ի՞նչ կարիք կա սրտնեղելու:

Ես կյանքումս երկու անգամ եմ արտասվել, եւ երկուսն էլ կատվի պատճառով

Մեկը պատահեց 1915 թվին, երբ գաղթից մի ամիս վերջ ես նորից իմ ամայի ծննդավայրը վերադարձա եւ առաջին անգամ մտա իմ հայրենի տունը: Մեր կատուն, որ մի ամսից ավելի մարդու երես չտեսնելով համարյա վայրենացել էր, ինձ տեսնելով վժժաց եւ հարձակվելով վրաս՝ գրկեց իմ ոտները…

Այն մասին ես մի անգամ գրել եմ սույն օրագրում: Երկրորդ դեպքը պատահեց այսօր:
Ասեմ նախապես, որ ներկայումս ոչ մի տուն կատու չի պահում, եւ կատուները թողնված են իրենց բախտին որպես օտարացածներ եւ ծվարում են բաց երկնքի տակ, ցուրտ ու բքին ենթակա: Այսօր, սակայն, մի նոր ծնած կատու, իր փոքրիկ ձագերից մեկը բերանը բռնած, իմ սենյակը մտավ, եւ հիշեցնելով մեր վաղեմի բարեկամությունը՝ ողբալի մայում եւ խնդրում էր իր անտեր ձագին ընդունել իմ հարկի տակ:

-Կատո՛ւ, ջանիկս, – ասում եմ, – դու որ եկար տունս, ինձանից միս պիտի ուզես: Որտեղի՞ց տամ քեզ միս, երբ ինքս դրա մասին հիշողություն անգամ չեմ պահել: Հետո՝ քո ձագը երջանիկ է, որ իր մոր բերանից կախված է թափառում դռնեդուռ, ի՞նչ անեմ ես հապա, որ դաժան Խրուշչովի բերանից կախված ինքս եմ ման գալիս, մի օթեւան գտնելու համար:
Ասում եւ արտասվում եմ, ինքս էլ չիմանալով՝ ի՞մ դառը վիճակի վրա, թե՞ կատվի ձագի…

kamsar2

Ես որ դրախտ գնամ

Ես որ դրախտ գնամ՝ անմիջապես կդնեմ հանգստյան թոշակի հարցը: Ինչպե՞ս կլինի, որ մեռնելուց առաջ սովետական քաղաքացին ընդամենը քսանհինգ տարի Լենին ու Ստալին փառաբանի ու կենսաթոշակի անցնի, իսկ արդարը հավիտյանս Աստծուն փառաբանի եւ ոչինչ չստանա: Դուք գիտե՞ք չարժած մարդուն փառաբանելը որքան դժվար է: Քրտինքը տալիս է մարդու վրա… Փակագծի մեջ ասեմ, որ ես թոշակ եմ ստանում ոչ թե այդ մարդկանց փառաբանելուս, այլ ի խորոց սրտի հայհոյելու համար: Ինչքան էլ զարմանալի թվա ձեզ, բայց սա իրականություն է: Ես մի բժշկական գրքում կարդացել եմ, որ այն ամուսինները, որոնք սեռական տեսակետից խակ ու անտարբեր կանայք ունեն՝ պետք է ճիպոտ վերցնեն եւ մի լավ ծեծեն նրանց, ցավից ու վիրավորանքից նրանց արյան շրջանառությունը կարագանա եւ թափ կհաղորդի նրանց սեռական գործարաններին:
Այս երեւույթը գոյություն ունի ոչ միայն ամուսնական, այլեւ քաղաքական կյանքում: Ստալինը որքան շատ մարդ գնդակահարել տվեց՝ այնքան ժողովուրդը նրան շատ «սիրեց»: Մի սեր, որ հետո արդեն պաշտամունքի վերածվեց:

kamsarmakagr

Ես սա քառասուն տարի է,
ինչ մեռել եմ

Մահվան ամբողջ սարսափն այն է, որ մարդ ինչքան էլ աշխատի՝ չի կարող երեւակայել, թե ինքը գերեզմանում պիտի կատարյալ անզգայանա եւ չզգա իր անել վիճակը: Այդ իմ անձնական փորձով գիտեմ:

Ես սա քառասուն տարի է, ինչ մեռել եմ: Մեռել եմ ավելի անհույս, քան գերեզմանի մեջ, բայց, այնուամենայնիվ, իմ մահը ես զգում եմ եւ հույսս չեմ կտրում, որ կարող եմ մի օր հանկարծ հարություն առնել: Սոցիալիզմի երկրում, երբ մարդիկ իրենց հարության հույսը չեն կտրում, գերեզմանում ինչպե՞ս կարող են կտրել, չէ՞ որ այնտեղ կարգերն ավելի ազատ են եւ միջավայրը տանելի:

Գերեզմանում մարդ կարող է ազատ փտել, իսկ հապա՞ մի համարձակվիր մեր կարգերում ինքնագլուխ փտել… առանց Խրուշչովի հրամանի:

Որտե՞ղ եք ապրում

Ես միշտ մոռանում եմ հարցնել ձեր հասցեն: Որտե՞ղ եք ապրում։
Ես ուրախությամբ կտայի իմս, բայց ամաչում եմ: Ապրում եմ մի հողաշեն, խարխուլ, անհարմար խրճիթում: Չնայած Կենտկոմի եւ Մինիստրների սովետի հրամանի՝ Քաղսովետը մինչեւ օրս ինձ նոր բնակարան չտվեց: Այս երկու վերադաս մարմինների հրամանները մտան Քաղսովետի ոլորապտույտ աղիքները, մարսվեցին՝ ի կատարումն բաց թողնելով միայն… քամի:

Այսպես է մեզ մոտ ճանապարհը բոլոր տեսակի վերեւից եկող հրամանների: Ո՛չ շունը տիրոջն է ճանաչում, ո՛չ էլ տերն՝ իր շանը:

 
Պատրաստեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930