Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ՝ 50 միլիոնանոց միջոցառման շուրջ

Նոյեմբեր 21,2016 13:00

Ռեժիսոր Լեւոն Իվանյանի պարզաբանումները՝
բանակի տոնակատարության հետ կապված

Վերջին շրջանում հասարակության կողմից շատ են քննարկվում ՀՀ ՊՆ համակարգում դրսեւորված սոցիալ-մշակութային խնդիրները, տրվում են ինչպես հնից ժառանգած, այնպես էլ նոր նախաձեռնությունից բխող գործունեությանը վերաբերող իրարամերժ կարծիքներ, խիստ ու մեղմ գնահատականներ:

Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ բանակի հիմնադրման տոնակատարությանը (28.01.2015թ.) պաշտպանության նախկին նախարարի օրոք 50 միլիոն դրամի հատկացումը:

Շեփորված ու խրթին խնդրի առնչությամբ հստակ պատասխան ստանալու համար «Առավոտը» դիմեց Հայկական բանակի 24-ամյակի հանդիսությունն իրականացրած սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Լեւոն Իվանյանին, որը նաեւ բանակի 21, 22, 23-ամյակների սցենարի հեղինակն ու բեմադրիչն է, ինչպես նաեւ՝ 2016թ. կայացած ՀՀ ԶՈՒ «Սարդարապատ» պարի անսամբլի մեծ համերգների ռեժիսորը՝ Ազգային օպերային թատրոնում եւ Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում: Արվեստագետը հանդիսանում է նաեւ «Թաթուլ Կրպեյան-50» եւ 10-ից ավելի հանդիսությունների սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր:

Հայտնի է, որ հանդիսությունների ֆինանսական ծավալի, կազմակերպական եւ ստեղծագործական աշխատանքներն ի վերջո կենտրոնանում են ռեժիսորի «ձեռքին», բեմի վրա եւ հանդիսության իրականացման պատասխանատվությունն ընկնում է բեմադրող ռեժիսորի վրա, որքան էլ նա կառավարական տոնակատարության ամենեւին էլ «առաջին մարդը» չէ, բայցեւայնպես, ուղղակի պարտավոր է տեղյակ լինելու հանդիսությանը վերաբերող բոլոր հարցերին:

– Պարոն Իվանյան, որքան մեզ է հայտնի, արդեն 11 ամիս է, ինչ 2016թ. հունվարի 28-ի տոնակատարության հոնորարները դուք եւ ստեղծագործական կազմի բոլոր մասնակիցները չեն ստացել: Այդ հոնորարները բավականաչափ մեծ են՝ 250.000 դրամից մինչեւ 2 միլիոն: Ի՞նչն է պատճառը, որ այդ թանկ համարվող եւ խիստ պատասխանատու աշխատանքը կատարելով, չեք բողոքարկում, ամիսներ շարունակ լռում եք:

– Ձեր դիտարկումը ճիշտ է: Այո, այդպես է, մենք 11 ամիս է՝ մեր հոնորարները չենք ստացել եւ միայն ֆեյսբուքյան հայտարարություններից տեղեկացանք, որ պատվով եւ բարձրակարգ իրականացված գործի համար կառավարության կողմից հատկացված գումարները վերջապես հասել են հանդիսության բոլոր ծախսերի իրականացման համար պատասխանատու կազմակերպությանը:

– Փաստորեն, այդ պատասխանատու հանդիսությունը իրականացրել եք անվճար: Գիտենք, որ մինչեւ հանդիսության իրականացումը ոչ ոք տենդերը չէր շահել եւ ոչ մի կազմակերպություն պատասխանատու չէր միջոցառման իրականացման համար:
– Բանն այն է, որ խնդիրը վերաբերում է մեր բանակին, եւ մեզ համար այն առաջին հերթին զուտ բարոյական նշանակություն ունի: Դա է հիմնական պատճառը, որ ամենահամբերատար կամ գերհամբերատար դիրք ենք որդեգրել այս հարցում: Եթե նույնիսկ որոշում կայացվի, որ այդ գումարները մենք չպետք է ստանանք, մենք այն չենք ստանա, ավելի ճիշտ՝ չենք բողոքարկի:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930