Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական առակները` հայ նկարչի աչքերով

Նոյեմբեր 21,2016 12:00

Արմեն Վահրամյանը պատկերազարդել է
«Իմաստության արկղիկ» գիրքը

Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 դպրոցի դահլիճի պատերին փակցված թվով 40 պատկերազարդումները չինական մշակույթի մի փոքրիկ խտացում էին: ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը չինական առակների` հայերենով հրատարակված նոր գրքի` «Իմաստության արկղիկ»-ի առակներից յուրաքանչյուրը փորձել է մի նկարի մեջ «տեղավորել», որպեսզի ընթերցողը նաեւ նկարում տեսնի առակի իմաստն ու գաղափարը: «Շատ բան սովորեցի չինական առակներից անգամ այս տարիքում,-անկեղծացավ հեղինակը, ապա ավելացրեց,- չինական առակներն ինչպես այս դպրոց մտան, այնպես էլ կմտնեն մյուս դպրոցները, եւ երեխաները շատ բան կսովորեն դրանցից»:

Դպրոցի խորհրդի նախագահ Սեյրան Ավագյանն Արմեն Վահրամյանի աշխատանքներում նաեւ հայկական ոգի էր նկատել. «Այս բոլոր նկարների մեջ հայկական աչք է երեւում, եւ այդ աչքերով շատ փայլուն է չինական մշակույթը եւ նրա ներկայացումը»:

7-1
Դպրոցի աշակերտները փոքրիկ միջոցառում էին պատրաստել: Նրանք բավականին խորն էին ուսումնասիրել բարեկամ ժողովրդի մշակույթը, ավանդույթները: Չինական առակների բեմադրությունները պատկերավոր կերպով ներկայացրին չին ժողովրդի բանահյուսության առանձնահատկությունները եւ գրական հարստությունը: Իսկ պարերն ու երգերն էլ ավելի ամբողջացրին պատկերացումներն արվեստի եւ մշակույթի մասին:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Իմաստության արկղիկ» գրքի պատասխանատու խմբագիր Սերգո Երիցյանը նշեց, որ հայ-չինական հրաշալի ցերեկույթ ունեցանք եւ տեսանք, թե ինչպես են մեր հայ երեխաները կարողանում երկու ժողովուրդների այդ բարեկամությունը պահել-փայփայել, իրենց, փորձեմ այսպես ասել, թոթով լեզվով, վերաբերմունքով ու ասելիքով:

7-3
Դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը, մեջբերելով չինական առակից մի հատված, ասաց. «Ինչպես չինական առակում է ասվում, մի փայտիկը հեշտ է կոտրվում, խուրձը` դժվար: Քանի դեռ մենք թիմ ենք եւ միասին ենք անում ամեն բան, հաջողություններն անպակաս կլինեն: Մենք մի ամբողջ դպրոց ենք տեղափոխում, ու դժվար օրեր են մեզ համար: Բայց այս միջոցառումն ապացուցեց, որ հնարավոր է իրագործել այն, ինչ ուզում ես, եթե փոխօգնության սկզբունքն է գործում»:

Միջոցառման ավարտին աշակերտները հյուրերին հանձնեցին իրենց ձեռքով պատրաստած արկղիկը, իսկ Սերգո Երիցյանը ներկաներին հրավիրեց նոյեմբերի 23-ին, ժամը 12-ին, Հայաստանի Ազգային գրադարանում կայանալիք նշված գրքի շնորհանդեսին:

 

ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Լւսանկարները` հեղինակի

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930