Լրահոս
Օրվա լրահոսը

Մղլակի սարսռազդու ծուղակը (պատմվածք)

Նոյեմբեր 20,2016 18:30

Փայլակն ավտոբուսով տուն էր վերադառնում բարեկամուհու տանից, երբ հնչեց կոստյումի աջ գրպանում դրված բջջային հեռախոսի երաժշտական զանգը: Հարազատները նրան միշտ զգուշացնում են, որ բջջայինը ձախ կողմի գրպանում չդնի, քանի որ այն բացասական է ազդում սրտի աշխատանքի վրա, բայց նա միշտ մոռանում է կատարելու այդ հրահանգը: Իսկ այս անգամ դրա մասին չէր մոռացել:

-Ալլո, լսում եմ, ջանիկս,-ասաց նա` մեծ չափերի «Արմֆոնը» գրպանից հանելով ու ականջին մոտեցնելով, ապա շուրջը նայելով, որ տեսնի՝ հո, բարձր չի խոսում ու իրեն չեն նայում ավտոբուսով երթևեկող ուղևորները, համ էլ թող տեսնեն, թե ինչ նոր, հայկական արտադրության  հեռախոս ունի:

-Սոնան է, հայրիկ, տանն ե՞ս,-հնչեց ականջում դստեր ձայնը:

-Ոչ, բայց արդեն այցելությունս ավարտել եմ, տուն եմ գնում, ավտոբուսը կամրջին է մոտենում, շուտով կհասնեմ:

-Դե՛, լավ, որ կհասնես, կզանգահարես:

-Եղավ,-ասաց Փայլակն ու ավարտելով զրույցը, հեռախոսը ցուցադրաբար դրեց գրպանը, նորից շուրջը նայելով, բայց տեսնելով, որ ոչ-ոք իրեն չի նայում և ուշադրության էլ չի արժանացնում, մի քիչ նեղվեց:

Այդ օրն, առավոտյան դուստրը զանգահարել էր ու տեղեկացրել, որ իր տուն է գալու, մի քիչ մաքրություն անելու ու  ինքն էլ նախազգուշացրել էր, որ տանը չի լինելու, հյուր է գնալու, թող իր տան պահուստի բանալիները հետը վերցնի, չմոռանա:

Տուն հասնելուն պես, Փայլակը զգեստափոխվեց ու անմիջապես զանգահարեց դստերը, տեղյակ պահելու, որ արդեն տանն է: Իսկ դուստրն էլ նրան տեղեկացրեց իր գլխին եկած փորձանքի մասին:

-Բա՛, գիտես, հայրիկ, գործս ավարտելուց հետո, ասի մի հատ էլ լոգանք ընդունեմ, նոր տուն  գնամ ու… :

-Է՛, շատ էլ լավ արեցիր, աղջիկ ջան,-կտրեց նրա խոսքը Փայլակը,-բա, հո քրտնած, կեղտոտ չէիր գնա տուն, ամուսինդ ու երեխաներդ էլ ասեին՝ էս ինչ փիս հոտ է գալիս վրայիցդ:

-Հա՛, դու մինչև վերջը լսիր, հայրիկ: Ուրեմն, լոգանքը ընդունեցի, ավարտեցի, հիմա ուզում եմ լոգարանից դուրս գալ ու դռան սողնակը չի աշխատում: Մի քանի անգամ փորձում եմ պտտել սողնակի բռնակը, իսկ նա ոչ մի կերպ չի ուզում հետ պտտվել, որ դուռը բացվի:

-Բայց տանը մենակ էիր,  էլ ինչու՞ էիր լոգարանի դուռը փակում, որ հետո էլ չբացվեր, ախր, էդ փականքը միշտ էլ նորմալ է աշխատել, այդպիսի բան ոչ մի անգան չի եղել ու այդ մասին չեմ էլ մտածել: Հետո՞:

-Հետո, դու պատկերացնու՞մ ես իմ վիճակը, միանգամից խուճապի մատնվեցի, ինչ պիտի անեմ, մտածում եմ, հեռախոսը թողել եմ ճաշասենյակում, չեմ կարող որևէ մեկին զանգահարել՝ օգնության կանչել: Ես չգիտեմ ինչ էր կատարվում ինձ հետ: Անընդհատ աջ ու ձախ եմ շարժում այդ անիծված պտուտակը, իսկ ինքը՝ հեչ: Վիճակս ահավոր էր, քիչ էր մնում սիրտս պայթի, չգիտեի` ինչ անել: Մի փոքր շունչ քաշեցի, փորձեցի ինձ հանգստացնել ու նորից սկսել: Ու մի քանի անգամ էլ սողնակի բռնակը աջ ու ձախ անելուց հետո, հանկարծ բացվեց անիրավը: Դու չես պատկերացնի իմ ուրախությունը, որը հետևեց այդ կարճատև սթրեսին: Անմիջապես լոգարանից դուրս եկա, գնացի խոհանոց, քո վալոկորդինից մի չափաբաժին լցրեցի, խմեցի ու մինչև հիմա դեռ սթրեսային վիճակից կարգին դուրս չեմ եկել:

-Մյուս անգամ, երբ մենակ կլինես, լոգարանի դուռը չես փակի, չէ՞: Դե՛, հանգստացիր, լավ ես պրծել, դա քեզ համար դաս կլինի,  հիմա ես կնայեմ, կտեսնեմ, թե ի՞նչն է այդ խափանման պատճառ հանդիսացել,-ասաց Փայլակը, շնորհակալություն հայտնեց աղջկան՝ սենյակները կարգի բերելու համար, մի քանի փաղաքշական խոսքեր էլ շռայլեց, փորձելով սփոփել դստերը և ցտեսություն ասելով անջատեց հեռախոսը, ապա  անմիջապես գործի անցավ: Նա չէր սիրում այսօրվա գործը վաղվան թողնելը:

Կաշվե պայուսակից, որտեղ պահում էր այդպիսի դեպքերի համար անհրաժեշտ առաջնային գործիքները, հանեց, բերեց և խոհանոցի սեղանի վրա շարեց դրանք, ապա գնաց լոգարանի դռան վրայից հանեց փականքը՝ պտուտակահանով հանելով դրսի բռնակի չորս պտուտակները և փականքը ամրացնող դիմային երկու պտուտակները, ապա հանեց երկու քառանկյուն ձողիկները, որոնք նախատեսված են սողնակն ու մղլակը (զաշչոլկա) պտտելու համար և այդ բոլորը բերեց շարեց սեղանին փռված թերթի վրա ու սկսեց հանել փականքի կափարիչի երեք պտուտակները, որ տեսնի նրա ներսում ինչ է տեղի ունեցել:

Հանելով պտուտակները, նա զգուշորեն անջատեց կափարիչը հիմնական մեխանիզմից, որ ոչինչ իր տեղից չշարժվի, տեսավ, որ սողնակի մետաղյա կորաձև զսպանակը անհասկանալի պատճառով տեղից դուրս է եկել ու ընկել նրան շարժող հարմարանքի դիմաց, որն էլ արգելակել է սողնակի շարժումը, դեռ լավ է, որ այդ վիճակում էլ մեխանիզմը աշխատել էր ու դուռը բացվել:

Զսպանակը նորից հարմարեցնելով իր նախատեսված տեղում և կափարիչը պտուտակներով ամրացնելուց հետո, համապատասխան անցքերի մեջ տեղադրեց քառանկյուն ձողիկները և մի քանի անգամ փորձեց մղլակի ու սողնակի աշխատանքը՝ բռնակների փոխարեն օգտագործելով հարթաշուրթը (պլոսկոգուբցի), ապա հանեց քառանկյուն ձողիկները իրենց տեղերից, դրեց թերթի վրա, որ կարողանա փականքը տեղադրել դռան անցքում, ապա նոր միայն դրանք տեղադրել համապատասխան անցքերում:

Մտնելով լոգարան` Փայլակը զգուշորեն փականքը տեղադրեց դռան վրայի անցքի մեջ, տեսավ, որ ամեն ինչ կարգին է, բռնեց դռան ներսի՝ մղլակը աշխատեցնող  բռնակից, որը չէր հանել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար, դուռը քաշեց դեպի իրեն, որպեսզի նրա փակվելուց հետո ստուգի սողնակի ու մղլակի աշխատանքը, ապա տեղադրի նաև դրսի կլողմից մղլակը շարժող բռնակը և պտուտաներով ամրացնի նաև փականքը: Դուռը սահունորեն փակվեց ու մղլակի լեզվակը չխկոցով ընկավ իր տեղը, մնում էր փորձարկել սողնակի աշխատանքը: Դրա համար բռնեց սողնակի տափակ գլխիկով բռնակից  ու սկսեց շարժել դեպի ձախ: Սողնակի բռնակը սահուն կերպով պտտվեց, բայց սողնակը չգործեց: Փայլակը փորձեց ևս մեկ անգամ և զգաց, որ ինչ որ բան այն չէ, քանի որ սողնակը շարժող բռնակը շա՜տ թեթև էր պտտվում բնականից:

«Ինչ-որ բան այն չէ»,-ինքն իրեն ասաց Փայլակը և որոշեց բացել դուռը, դուրս գալ լոգարանից, որպեսզի հանի փականքը և պարզի եղելությունը:  Բռնեց մղլակը շարժող բռնակից, պտտեց դեպի ներքև, ինչպես նախատեսված է ու դեպի իրեն ձգեց դուռը: Մղլակը շարժող բռնակը նույնպես սահուն պտտվեց, բայց լոգարանի դուռը, ի զարմանս նրա, չբացվեց:

Նա դեռ գլխի չէր ընկել, թե ինչ է տեղի ունեցել ու մի քանի անգամ էլ փորձեց բացել դուռը՝ մղլակի բռնակը սեղմելով դեպի ներքև և ապա քաշելով դեպի իրեն, բայց մղլակի լեզվակը կրկին արձագանք չտվեց Փայլակի հրամանին:

Եվ այստեղ հանկարծ Փայլակի գլխում շանթեց ողբերգական եղելությունը: Նա հասկացավ, որ փականքը դռան անցքում տեղադրելուց հետո, մոռացել էր իրենց բնիկներում տեղադրել քառանկյուն ձողիկները, որոնց միջոցով էին աշխատում մղլակը և սողնակը, երբ նրանց ծայրերը հանգրվանում են դրսի և ներսի բռնակների համապատասխան քառանկյուն փոսիկներում, ագուցվում նրանց հետ և պտտեցնում դրանք,  երբ ձեռքով աշխատեցնում են բռնակները:

«Հիմա ի՞նչ պիտի անեմ,-արդեն զգալով պահի լրջությունը, ինքն իրեն հարցրեց Փայլակը, մի պահ կարկամեց, ապա արյունը կարծես թափով հոսեց դեպի գլուխը և նա հասկացավ իր անելանելի վիճակի ողջ բարդությունը,-էս էի՞ր ուզում, հա, բայց ախր, ոնց մոռացա այդ ձողիկները դնել իրենց տեղերում, չէ որ մղլակը, ի տարբերություն, սողնակի, փակվում է ինքնաբերաբար, զսպանակի ուժի ազդեցությամբ»:

Տարբերությունը դստեր ժամանակ տեղի ունեցած սողնակի խափանման,իսկ այս անգամ խափանված մղլակի այն էր, որ նրա զսպանակի ուժը տասնյակ անգամ գերազանցում էր սողնակի ավելի հասարակ զսպանակի ուժին:

Ճակատագրի հեգնանք, դե, հիմա պատկերացրեք նրա հոգեկան վիճակը, երբ մի քանի րոպե առաջ աղջկան հորդորում էր, որ մենակ չի կարելի լոգարան մտնել և դուռը փակել, իսկ հիմա ինքն է հայտնվել ծուղակում, ավելի վտանգավոր իրադրության մեջ:

Անելանելիության ընթացքը ահագնանում էր ու սառը քրտինքը դանդաղորեն պատում Փայլակի մարմինը, բայց նա փորձում էր ինքն իրեն հուսադրել. «մի խառնվիր իրար, Փայլակ, մի բան մտածիր, թե ինչպես պետք է այդ մղլակի չարաբաստիկ լեզվակը ետ հրել, երբ բռնակի վրայից բացակայում է նրան պտտող քառանկյուն ձողիկը: Գուցե դանակ է հարկավոր, սուր ծայրով լեզվակը ետ հրելու համար, բայց նրան հակառակ աշխատում է բավականին ուժեղ զսպանակը, իսկ լոգարանում այդ դանակն էլ չկա: Ի՞նչ կարելի  է հարմարեցնել: Փայլակ, դե, հանգստացիր, մի կորցրու սթափությունդ, մի ելք կգտնվի, լավ մտածիր, չէ որ դու ուրիշներին ես խրատում, թե միշտ էլ դժվարությունից ելք կա, ուղղակի պետք է այն գտնել»..

Ու Փայլակը հուսահատ շարժումներով սկսեց այս ու այն կողմ պտտվել, քրքրել  լոգարանում գտնվող բոլոր դարակները, լվացքի մեքենայի տակը, շամպունների տուփերը, օճառները՝ իրենց ամաններով, պատից կախված հայելին, որի մեջ տեսնելով իր այլայլված դեմքը, սարսափ զգաց, ապա նայեց էլեկտրական ջեռուցիչի ետևի մասը, որը միայն կլորիկ առարկա էր իրենից ներկայացնում, նայեց սրբիչների կախիչին, բայց նա էլ հարմար գործիք չէր, իսկ սիրտը արդեն բնականից շատ ավելի ուժեղ էր բաբախում: Իրեն մի պահ թվաց, որ արդեն շնչահեղձ է լինում ու հանկարծ հիշեց, որ շատ տարիներ առաջ, այն մութ ու լույս տարիներին մի անգամ այդպես մնացել էր հիմնարկի վերելակի մեջ ու մինչև աշխատակիցները վերելակը սպասարկող Շավարշին գտել բերել էին, ինքը այլևս հասել էր մահվան դուռը:

Փակ տարածքի «ֆոբիա» կոչվող երևույթը ահագնորեն վրա էր տվել, ինչքան էլ Փայլակն իրեն համոզում էր, հուսադրում, որ մի ելք անպայման կգտնվի, որ լոգարանում օդ կա, որ ինքը շնչահեղձ չի լինի: Երևի հարգարժան հոգեբանները միայն կարող են նկարագրել նրա հոգեկան վիճակի ողջ ծանրությունը: Հուսահատ հոգոց հանելով, նա միացրեց օդանցքի վրա գտնվող փոքրիկ օդափոխիչը:

«Մինչև վաղը ոչ ոք չի իմանալու իմ ողբալի դրության մասին, հեռախոսները կզանգահարեն, կկարծեն, թե քնած եմ ու իրենք էլ կգնան քնելու: Վա՜յ, Փայլակ, վա՜յ, բա, էսպիսի հիմար մահով պիտի մահանայի՞ր դու, ախր, ինչո՞ւ ուշադիր չեղար, որ պտտող ձողիկները իրենց տեղում դնեիր, նոր դուռը փորձեիր ծածկել»,-ինքն իրեն պախարակում էր նա ու միևնույն ժամանակ տենդորեն մտածում լոգարանից դուրս գալու ելք գտնելու մասին:

Վերջապես, երկար փնտրտուքներից հետո լոգարանի տակից նա շոշափելով գտավ մի մետաղյա փոքրիկ կտոր, որը չգիտես` որ ժամանակներից հանգրվանել էր այնտեղ: Գտածոյով բավականին հուսադրվեց, փորձեց դողացող ձեռքերով այն ներս խցկել և մղլակի լեզվակը տեղաշարժել, բայց ոչինչ չստացվեց, քանի որ այն դյուրալյումինե կտորտանք էր, որը ծալվում և գործողություն չէր կարողանում կատարել, իսկ ճեղքի լայնությունն էլ բվականին փոքր էր, որպեսզի մետաղյա կտորով կարողանար հարկավոր մի քանի միլիմետրը հաղթահարել, որին հակադարձում էր մղլակի լեզվակը այդ դիրքում պահող զսպանակի ուժը:

Հուսահատությունը հասնում էր գագաթնակետին, Փայլակը զգում էր, որ արդեն կարող է խելագարվել, օդը գնալով կարծես պակասում էր (իրականում այդպես չէր, քանի որ օդափոխիչ սարքը հյուսալի աշխատում էր) ու ինքն այլևս կորցնում էր բանականությունը: Ու մի պահ եկավ, որ կարծես բոլոր հնարավոր ճանապարհները փակվեցին ու Փայլակը, հուսահատ, ինքնաբերաբար բռնեց կողպեքի ներսի բռնակից, որը դռանը ամրացված էր չորս միանման պտուտակներով ու կատաղության մոլուցքի մեջ, հավաքելով ամբողջ ուժերը, հիստերիկ   շարժումով, թափով քաշեց դեպի իրեն:

Լոգարանի դուռը,  որը հին, խորհրդային ժամանակներից մնացած բարակ, երկտակ ֆաներայից էր պատրաստված, բայց կոսմետիկ վերանորոգման էր ենթարկվել, չդիմանալով Փայլակի այդ պահի գերբնական կատաղի ուժին՝ տեղի տվեց ու բռնակը պատռելով դռան մի կեսը, կտորտանքների հետ հայտնվեց նրա ձեռքերում, մերկացնելով փականքի ողջ կառուցվածքը, իսկ ինքն էլ, բնականաբար,  իներցիայի ուժով, տապալվեց լոգարանի հատակին՝ սառը քրտնքի մեջ պարուրված ու հոգեպես այլայլված:

Փայլակը այլևս փրկված էր, քանի որ գետնի վրա պառկած տեղից նա նկատեց դռան վրայի կողպեքի ամբողջական մետաղյա զարհուրելի պատկերը, որը Փայլակին էր նայում իր արդեն մերկացված տեսքով:

«Մի՞թե այդքան սարսափելի և դժվար է մեռնելը»,-ինքն իրեն խոսեց Փայլակը, ապա տնքալով, դժվարությամբ հենվելով ձեռքերին, բարձրացավ հատակի վրայից, շոշափեց իր ոսկրային համակարգը, համոզվեց, որ ոչինչ չի վնասվել, ապա դռան անցքից հանեց այլևս անպաշտպան փականքը, բացեց լոգարանի հոշոտված դուռը, գնաց խոհանոց, վերցրեց վալոկորդինի շիշը, բաժակի մեջ ջուր լցրեց, որի վրա կաթեցրեց այն կաթիլների չափաբաժինը, որը ամեն օր քնելուց առաջ ընդունում էր ու մի ումպով ուղարկեց այն դեպի ստամոքսը:

Գիշերը Փայլակն անցկացրեց անհանգիստ, խառնիխուռն ու դաժան երազների հորձանուտում, իսկ առավոտյան դեռ չէր կարողանում ամբողջովին հաղթահարել  այն սոսկալի մղձավանջային ապրումները, որ ունեցավ երեկ երեկոյան:

Դանդաղորեն վեր կացավ անկողնուց, լվացվեց, մի բաժակ սուրճ խմեց, ապա անցավ լոգարանի դռան վերանորոգման աշխատանքներին, առաջին հերթին պետք էր կարգի բերել դռնակի պոկված մասերը, սոսնձել դրանք, ամրացնել պտուտակներով, ապա նոր զբաղվել փականքի տեղադրման հարցերով:

«Երբ հարազատներս ու բարեկամներս կգան ու կտեսնեն կարկատված լոգարանի դուռը, այն ժամանակ էլ կպատմեմ տեղի ունեցածի մասին, ինչու իզուր տեղը անհանգստացնեմ նրանց, թող այն միայն իմ գաղտնիքը մնա»,-որոշեց Փայլակը ու գործը ավարտելուց հետո ճաշեց, ապա տանից դուրս եկավ ու գնաց մոտակա այգում թարմ օդ շնչելու:

Սիմակ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել