Արյունատվության ցուցանիշը տարեցտարի աճում է, թեև աճի ցուցանիշր դեռևս հեռու է լիարժեք բավարար լինելուց: Արյան պահանջները բավարարված են, բայց ոչ 100 տոկոսով:
Արյունատվության ոչ շատ բարձր ցուցանիշր հաճախ կապված է լինում հասարակության թյուր տեղեկացվածության կամ առհասարակ տեղեկացված չլինելու հետ:
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան ծառայությունների գծով փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի կարծիքով՝ առաջին պատճառը ծառայության գործունեության քիչ լուսաբանումն է, բացի այդ՝ դոնորները փոքր տարիքից պետք է մեծանան այդ գիտակցությամբ, դեռ մանկապարտեզից երեխան պետք է գիտակցի, որ պահ է լինելու, երբ ինքը՝ որպես քաղաքացի, արյուն է հանձնելու, որպեսզի իր արյունն օգնի մեկ ուրիշին,այդ գիտակցումն է, որ մեզ մոտ դեռ չկա ձևավորված:
Հարցին, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում, մեր զրուցակիցը պատասխանեց.
Կարդացեք նաև
«Աշխատում ենք լուսաբանումն ակտիվացնել, արյունատվության տարբեր բարեգործական ակցիաներ են իրականացվում՝ տարբեր հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ արյուն են հանձնում, որի լուսաբանումն էլ բարձրացնում է հասարակության գիտակցությունը, բայց ըստ իս՝ շատ կարևոր է, որ դա արվի մանկապարտեզից, դպրոցից սկսած»:
Արյունատվության ցուցանիշն ուղիղ համեմատական է հիվանդների թվի հետ: Արյուն կարող Է հանձնել 18 տարին լրացած առողջ յուրաքանչյուր մարդ, սակայն ավելի ակտիվ դոնորներ են 25-40 տարեկանները: Շատ երկրներում վերին սահմանն է 60-65-ը, որոշներում՝ ինչպես Հայաստանում, կոնկրետ սահման չկա, սակայն 55-60 տարեկանից հետո այնքան էլ ցանկալի չէ արյունատվությունը, քանի որ դանդաղ է վերականգնվում:
Հայաստանում կա արյունատվության երեք տեսակ, որոնք բոլորն էլ իրականացվում են կամավոր սկզբունքներով՝ կամավոր անվարձահատույց, կամավոր փոխհատուցվող, հիվանդի հարազատներ:
Կամավոր անվարձահատույց դոնորների թիվը 8 տոկոս է, մնացած 92 տոկոսը՝ +/- 3 հարաբերակցությամբ, հիվանդի հարազատներն ու փոխհատուցվող դոնորներն են:
«Արյուն հանձնելու դիմաց փոխհատուցումը՝ գումարի տեսքով, սիմվոլիկ բնույթ ունի, որովհետև այն հազիվ թե բավարարի ընդամենը անհրաժեշտ սննդի ավելի բարձր որակի համար»,- ասում է Սարգիս Հովհաննիսյանը:
Ապրիլյան պատերազմի օրերին մեր հասարակությունն ապացուցեց, որ կա մարդկանց մի հոծ զանգված, որը արտակարգ իրավիճակներում, կարիքի դեպքում պատրաստ է արյուն հանձնել:
Սակայն մեր զրուցակիցը հիշեցրեց, որ արյունն ունի որոշակի պահպանման ժամկետ՝ էրիթրոցիտար զանգվածը հնարավոր է պահել 35 օր: Տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են, բայց միջազգային փորձը ցույց է տվել, որ էրիթրոցիտար զանգվածների մեծ պաշար ունենալ և այդ պաշարը պարբերաբար խոտանել նպատակահարմար չէ, բայց բնական է, որ ինչ-որ պաշար պետք է ունենալ:
Կանայք տարեկան կարող են արյուն հանձնել 4, տղամարդիկ 5 անգամ: Սրանք բազմակի հետազոտությունների արդյունքում ընդունված թվեր են: Արյուն տալուց հետո ամենադժվարը վերականգնվում են երկաթի պաշարները: Տղամարդկանց համար վերականգնման ժամկետը նախատեսված է 2,5 ամիս,կանանց համար՝ 3 ամիս:
Հարցին, թե կա արդյոք արյան կոնկրետ խմբի պակաս, արյունաբանը պատասխանեց, որ կոնկրետ խմբի պակաս միշտ կարող է լինել: Կա կարծիք, որ եթե 2-րդ խմբի դրական արյունն ամենատարածվածն է, ուրեմն դրա պակասը չկա, բայց դա թյուր պատկերացում է: Քանի որ նշված խմբի արյուն ունեցող մարդիկ շատ են, հետևաբար շատ են նաև հիվանդները, որոնց այդ արյունն անհրաժեշտ է: Ցանկացած պահի կարող է ստեղծվել իրավիճակ, որ կոնկրետ ինչ-որ տեղում լինի արյան կոնկրետ խմբի պակաս, բայց դա հնարավորինս կանխվում է:
Հայաստանը ներկայումս արյուն չի ներկրում, քանի որ դեռևս դրա կարիքը չունի:
Նախքան արյունատվությունը՝ դոնորները լրացնում են հարցաթերթիկ, որից էլ հենց սկսում է դոնորական արյան անվտանգությունը, պատասխանների, հարցազրույցի ու զննման հիման վրա միայն թերապևտը թույլ տալիս կամ չի տալիս արյունատվություն:
Աննա Գրիգորյան