2016թ. հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, Վերին Կարմիրաղբյուրում վերաբնակված 17-ամյա Աստղիկ Հանիսյանին: Անչափահաս աղջիկը ստացած վնասվածքների պատճառով Բերդի բժշկական կենտրոնում մահացել է: Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում:
Ա. Հանիսյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով մի քանի դատական փորձաքննությունների եզրակացություններն արդեն ստացվել են: Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն Ա. Հանիսյանի վնասվածքները հասցվել են սուր կտրող-ծակող գործիքով:
Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեջլումյանն ասաց, որ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Արսեն Խոջոյանը մեղսունակ է ճանաչվել,նա աֆեկտի վիճակում չի գտնվել, քանզի ալկոհոլ օգտագործած վիճակում աֆեկտ չի լինում: Հանրային պաշտպան Ա. Մեջլումյանն ասաց. որ դեռեւս չի ստացվել նշանակված դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև