Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական պոպուլիզմի ժամանակը

Նոյեմբեր 20,2016 12:00

Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ բան է փոխվել: Փոփոխությունը հիմնականում հետևանք է վարչապետի կերպարի փոփոխության: Կերպարի փոփոխություն ասելով՝ նկատի ունենք Կարեն Կարապետյանի շփումները հասարակության՝ լրագրողների, քաղաքական գործիչների և շարքային քաղաքացիների հետ, ավելի ճիշտ՝ նկատի ունենք այդ շփումների էությունն ու բնույթը: Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանն ու մյուս նախորդներն էլ էին ավել կամ պակաս չափով շփվումժողովրդի հետ,այդուհանդերձ, Կարեն Կարապետյանի «շփումների» նոր որակն ակնհայտ է, և «նոր որակ» ասելով՝ նկատի ունենք նաև նոր վարչապետի պոպուլիստական մտածողությունն ու մոտեցումները, և չնայած մեզանում «պոպուլիստական» բառը նաև որոշ ու որոշակի բացասական նրբերանգներ ունի, նոր վարչապետի դեպքում հեռու ենք բացասական որևէ ակնարկից ու ենթատեքստից, որովհետև հավատում ենք նոր վարչապետի ասածներին ու տրամաբանությանը: Գրեթե բոլորն են հավատում: Ով էլ որ չի հավատում, առայժմ բազմանշանակ լռում է, որովհետև չհավատալու և ավելպակաս խոսելու որևէ հիմք չունի: Կարեն Կարապետյանն առայժմ չհավատալու ու ավելպակաս խոսելու որևէ հիմք չի տալիս, և կասկածողներին ուրիշ բան չի մնում՝ քան լռել ու սպասել, որովհետև այն, ինչ պիտի իրենք ասեին, նոր վարչապետն անձամբ ինքն է ասում: Անձամբ է ասում՝ առիթ ու թեմա չտալով պոտենցիալ ընդդիմադիրներին ու հակաճառողներին: Պայթեցված տպարանը՝ ձեզ օրինակ: Վարչապետը պայթեցնողներին խստագույնս քննադատեց, բայց դա, ըստ էության, նաև յուրօրինակ ինքնաքննադատութուն էր, որովհետև, փաստորեն, տպարանի պայթեցման գործում նաև վարչապետն էր միջնորդավորված մասնակից ու պատասխանատու՝ որպես գործադիր իշխանության ղեկավար: Կասեք՝ վարչապետը տեղյակ չի եղել: Կասենք՝ շատ վատ է, որ տեղյակ չի եղել: Հենց դրանով էլ մեղավոր ու մասնակից է: Վարչապետը նաև տեղյակ չի եղել, որ իր թիմակից ընկեր, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարող էր մահացած ծննդկանի առումով էնպիսի անհեթեթություն ասեր, որն անխտիր բոլորին ցնցեր: Ասել է, որ մահացած ծննդկանի խնդրով ոչ թե առողջապահության նախարարը պիտի զբաղվի, այլ՝ դատական մարմինները: Մենք էլ կարծում ենք, որ առողջապահության նախարարի խնդրով անձամբ վարչապետը պիտի զբաղվի: Հաստատ կզբաղվի: Ուզի թե չուզի: Լրագրողներն ու բոլորն էնպես են վրա տվել, որ վարչապետն ուզի թե չուզի՝ պիտի զբաղվի իր թիմակցի խնդրով: Էնպիսի բան չի ասել, որ չլսելու տա: Եթե սովորական անհեթեթւթյուն ասած լիներ, մենք էլ չլսելու կտայինք, մտածելով, որ մարդ է՝ վրիպել է. կաշխատի և աշխատանքով միգուցե սխալն ուղղի: Տա Աստված՝ էդպես լինի, բայց քանի դեռ չի աշխատել, և քանի դեռ իր աշխատանքը չենք տեսել, ստիպված ենք իր ասածներով իր մասին դատել ու կողմնորոշվել: Չէ՞ որ վարչապետի աշխատանքն էլ դեռևս չենք տեսել, և որ  իր վերաբերյալ դրական ենք արտահայտվում, իր ասածները, խոստումներն ու ծրագրերը լսելով ենք իր մասին միանգամայն դրական կարծիք կազմում:

Ինչևէ. վստահ ենք, որ Լևոն Ալթունյանը տարբեր կերպ կուղղի իր սխալը, և հուսով ենք, որ լրատվամիջոցները, լրագրողներն ու հասարակությունը նրան չեն խանգարի այդ անել, և Ալթունյանն էլ իր նախորդ հայտարարության և ծննդկանների վերաբերյալ նորանոր հայտարարություններ կանի և հետայսու, նախքան հայտարարություններ անելը, մի քիչ ավելի երկար կմտածի, որովհետև ռուսի «յազիկ մոյ, վռագ մոյ» արտահայտությունը հենց էս դեպքի համար է ասված, և եթե առաջիկայում Ալթունյանն իմաստություն ու խորագիտություն հանդես բերի , կարող է նույն ծննդկանների վերաբերյալ անհամեմատ ավելի խելամիտ և նույնիսկ օգտակար հայտարարություններ անել, և կարծես սկսել է, և ունկնդիրներս էլ ոչ միայն ըմբռնումով կվերաբերվենք իր նոր հայտարարություններին, այլև, ըմբռնումով վերաբերվելով, լայն հնարավորություն կտանք նրան, որպեսզի բյուջեի սուղ միջոցներով հնարավորինս նպաստի հենց ծննդկաններին վերաբերող հարցերին ու խնդիրներին: Կարճ ասած, շանս տանք, որ, ինչպես ինքն է ասում, աշխատանքով ապացուցի, որ ինքը կարող է բարեփոխել առողջապահության ոլորտը:

Առայժմ խոսելով է զբաղված: Ընդ որում՝ սխալ է խոսում էն պահին, երբ ճիշտ խոսքի պահանջարկ կա: Լրագրողներից սկսած՝ բոլորն ուշիուշով հետևում են՝ թե նորանշանակներից ով ինչ է ասում:

Այսինքն, նորանշանակների համար բավական վտանգավոր ժամանակ է. բավական է բերնիցդ մի անզգույշ խոսք կամ արտահայտություն թռցնես, որ աջուձախից վրա տան: Բայց, մյուս կողմից էլ, բարձրաստիճանների համար բավական հեշտ ժամանակ է. բավական է անվիճելի ու ճիշտ մի քանի բաներ ասես, և լրագրողներից սկսած՝ բոլորը կհամարեն, որ լավ  ես աշխատում և բարեփոխում ես քեզ վստահված ոլորտը: Մանավանդ՝ եթե վարկաբեկված մի քանի ենթականերիդ էլ պաշտոնանկ ես անում:

Կարճ ասած՝ պիտի պոպուլիզմով զբաղվես: Պարզվում է, որ պոպուլիզմը ոչ միայն ընդդիմադիր գործիչների համար է անհրաժեշտություն, այլև՝ իշխանավորների: Պիտի իմանաս՝ երբ և որտեղ ինչ ասես: Պիտի իմանաս ինչ ասես՝ երբ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնական տպարանի շենքն են պայթեցնում: Պիտի իմանաս ինչ ասես, երբ Էջմիածնում Արամ Ասատրյանի անունով փողոց են անվանակոչում: Պիտի իմանաս ինչ ասես, որ մարդկանց դուր գա: Մի քիչ բարդ գործ է, բայց՝ հնարավոր:

Իսկ աշխատանքը, ինչպես ասում են, գայլ չի. անտառ չի փախչի:

  ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Հարց Ոսկան Երեվանցուն Ձեր կողմից գովաբանվող վարչապետը քանի ամսով է եկել Հայաստան?2017 թ ընտրություններից հետո ըստ սահմանադրության նա չի կարող լինել վարչապետ. այս մի քանի ամսում ինչ պիտի անի? պիտի թալանի թե հայրենասեր դառնա: թե հայրենասեր էր ինչու գնաց?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930