Եթե ձեր բակում պարբերաբար լսվում է «Կա՛թ, մածո՛ւն» բացականչությունը, ուրեմն դուք այն բախտավորներից եք, ովքեր թարմ եւ անարատ գյուղական կաթնամթերք վայելելու հնարավորություն ունեն: Հենց ձեզ համար է իմ այսօրվա բաղադրատոմսը՝ տնական կաթնաշոռով նախուտեստը:
Անհրաժեշտ մթերքները
Անարատ կաթ- 5 լիտր
Սերուցք- 200 գրամ (կարող եք վերցնել գործարանային 30-45% յուղայնությամբ սերուցք, հայկական կաթնամթերք արտադրող ընկերություններից ոմանք ունեն այս մթերքն իրենց տեսականիում)
Կարդացեք նաև
Խնձորի կամ սպիտակ խաղողի քացախ- 5 ճաշի գդալ
Համեմունքներ- աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ, խմելի սունելի, որեւէ չորացրած կանաչի՝ սուր համով, օրինակ՝ ուրց, անանուխ, դաղձ, ծիթրոն կամ հազրեվարդ (розмарин)
Թարմ կանաչի- 4-5 ճյուղ մաղադանոս կամ համեմ
Ընկույզ- ըստ ցանկության
Ձիթապտղի յուղ- 5 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Կաթը լցնել մեծ կաթսայի մեջ եւ դնել կրակին: Հենց մի փոքր գոլանա՝ ավելացնել սերուցքը: Երբ կաթը սկսի եռալ, ավելացրեք 1 ճաշի գդալ աղ եւ քացախը: Քացախի թթվայնության ազդեցությունից կաթը կկտրվի: Թողեք եփվի 5-10 րոպե, այնուհետեւ քամեք: Որպես քամիչ կարող եք օգտագործել թանզիֆ (марля) կամ կտորե տոպրակ:
Չթողնեք չափից դուրս ջրքամվի եւ չորանա: 20 րոպեն լիովին բավական է: Կաթնաշոռը լցրեք հարմար թասիկի մեջ, եւ քանի դեռ գոլ վիճակում է, ավելացրեք բոլոր համեմունքներն ու ձեթը: Լավ խառնեք, ավելացրեք թարմ կանաչին: Եթե ցանկանում եք՝ կարող եք նաեւ կոտրած կամ աղացած ընկույզ ավելացնել: Նախուտեստը պատրաստ է: Այն կարող եք մատուցել հացի կտորների վրա քսած՝ հրաշալի նախաճաշ է ե՛ւ մեծերի. ե՛ւ երեխաների համար՝ կալցիումով եւ սպիտակուցներով հարուստ:
Կարող եք նաեւ դրանով լցոնել լոլիկներ կամ թարմ պղպեղ եւ մատուցել որպես նախուտեստ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
19.11.2016