Պրոֆեսոր, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, Եվրոպական LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ Վահագն Գուրզադյանը եղել է երկու հիմնական բանախոսներից մեկը (keynote speaker) Շվեյցարական 9-րդ
բիենալեում («Գիտական Դավոս») նվիրված հաջորդ տասնամյակում տիեզերքի
հետազոտման եւ արբանյակային հետազոտությունների միտումներին:
Ներկայացնում ենք հարցազրույց պարոն Գուրզադյանի հետ.
-Դուք Հայաստանում առավել մոտ ենք կանգնած տիեզերական արբանյակնային
նախագծերին: Տեղյա՞կ էիք «հայկական արբանյակի» մասին, որի ֆինանսավորումը` համաձայն լրատվամիջոցների, երեկ հանվել է 2017-ի բյուջեի նախագծից:
– Իրոք, իմ ղեկավարած խումբը ներգրաված է եվրոպական LARES տիեզերական
ծրագրում, եվրոպացի և ամերիկացի մասնագետների հետ ներկայումս աշխատում ենք նոր արբանյակի նախագծի վրա: Բացի շնորհալի երիտասարդներից իմ խմբում են նաև փորձառու մասնագետներ` խորհրդային տիեզերական ծրագրերի մասնակիցներ:
Ինձ «հայկական արբանյակի» մասին հայտնել են մի քանի օր առաջ, մոտավորապես այսպես, «կարող եք առաջարկել հայկական արբանյակի նախագիծ»: Ասողը բնագավառին բոլորովին անտեղյակ մարդ էր, և երևում էր առաջարկի միանգամայն անլուրջ բնույթը: Տիեզերական նախագծերը ունեն մշակման, ընդունման հստակ ընթացակարգ, ինչի մասին այստեղ ընդհանրապես անտեղյակ են: Առավել ևս, կարելի է զարմանալ, ինչպես է նման հոդված մտել բյուջեի նախագիծ, ինչ գումար են խնդրել և, ընդհանրապես, ով է այս «արկածախնդրության» ետևում կանգնած:
Ի դեպ, Երևանում` Նորքի զանգվածում անցած տարի բացել ենք «Տիեզերքի
թանգարան» https://garni-cosmos.com/, որտեղ ներկայացված է հայ մասնագետների հիրավի ծանրակշիռ ներդրումը տիեզերական հետազոտություններում: Այդ իմաստով, վերը նշվածը իր անլրջությամբ, կարծում եմ, վարկաբեկիչ է մեր գիտության համար: