Լրահոս
Օրվա լրահոսը

«Զեկույցն, ընդհանուր առմամբ, գրված էր բամբասանքների ընդհանրացման հիման վրա». Մհեր Հակոբյան

Նոյեմբեր 19,2016 19:45

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցի վերաբերյալ հետևյալ պարզաբանումը:

Ստորև ուզում եմ ներկայացնել իմ որոշ դիտարկումներ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատրաստած «2016 Թ. ԱՊՐԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» զեկույցի վերաբերյալ:

1. «…ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ ամբողջական եւ ամփոփ տեղեկատվություն մինչ այժմ հրապարակված չէ»:

Կներեք, իսկ ինչո՞ւ պետք է լինի, որ: Կարծում եմ այստեղ հստակ ռազմական գաղտնիք կա, քանի որ, իմանալով, թե մեր զինվորներից որ մեկը ինչպես է զոհվել և համադրելով դա այլ տեղեկությունների հետ կամ առանց դրա, թշնամին կարող է հստակ հետևություններ անել մեր պաշտպանական կառույցի այս կամ այն տարրի կամ նույնիսկ համակարգի մասին:

2. «…ամբողջացվել է նրանց ընտանիքներից, հարազատներից եւ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների համադրմամբ»:

Փաստորեն նույնիսկ փորձ իսկ չի կատարվել ճշտել հարցերը պաշտոնական աղբյուրներից:

3. «Այսպիսով, նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ զինված ուժերում շարունակվել են…, դժբախտ պատահարների հետեւանքով մահացության դեպքերը /մահացությունների ընդհանուր թվի մոտ 20 տոկոսը»:

Սա ներկայացվում է որպես բացասական միտում, բայց իրականությունն այն է, որ պատերազմական դրության ժամանակ, հաշվի առնելով վտանգի առավել մեծացումը, ուժերի ու միջոցների աննախադեպ շարժը և հոգեկան լարվածությունը, իրականում կարող էին դժբախտ պատահարները նույնիսկ ոչ թե «շարունակվել», այլ «աճել»:

4. «2016 թ-ի ապրիլի 1-ին զոհված Վլադիմիր Մելքոնյանը, ըստ ծնողների, մահացել է բեկորային վնասվածքի հետեւանքով, ամենայն հավանականությամբ հակառակորդի կողմից 7 արձակված արկի հետեւանքով, իսկ ըստ ՊՆ-ի՝ հակառակորդի կրակոցից: 3 Ըստ ԳԱԼԱ լրատվական կայքի՝ «20-ամյա Վլադիմիր Մելքոնյանը մահացել է ապրիլի 1-ի թեժ մարտերի առաջին իսկ հարվածներից»:

Այստեղ փորձ է արվում արհեստական հակասություն ստեղծել, իրականում կրակոց կարող է համարվել նաև արկի արձակումը:

5. «Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ արդեն իսկ 2016 թ-ի ապրիլի 1-ին բաժանարար գծում իրավիճակը լարված է եղել, եւ կարելի էր կանխատեսել հնարավոր ռազմական գործողությունների թեժացումը»:

Լիովին կամայական հետևություն է: Իրականում, այնպիսի լարվածություն, ինչպիսին եղել է ապրիլի 1-ին կամ ապրիլի լույս 2-ի գիշերը, եղել է նաև շատ ու շատ անգամներ, եղել է նույնիսկ ավելին, սակայն դա պատերազմի չի հանգեցրել, այնպես որ զուտ այս փաստի վրա հիմնվելով անհնար էր. «կանխատեսել հնարավոր ռազմական գործողությունների թեժացումը»:

6. «Ըստ օրերի զոհերի թիվը (տե՛ս աղյուսակ 2), ցույց է տալիս, որ առավել մեծ թվով զոհեր եղել են ապրիլի 2-ին՝ պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը, որը կազմում է մեր կողմից այցելած զոհվածների կեսը, որը վկայում է պատերազմական գործողություններին ոչ պատշաճ պատրաստվածության մասին»:

Կրկին կամայական, ռազմական իրողությունները հաշվի չառնելով արված հետևություն: Իրականում միշտ և բոլոր ժամանակներում էլ անակնկալ հարված ստացողը, ինչ աստիճանի էլ որ այն լինի, առաջին պահին առավել շատ կորուստներ է կրում: Այս առումով պետք է նշել, դժբախտաբար զեկույցում դա չի արվել, որ կորուստների հարաբերակցության հետագա նվազումը կարող է վկայել հենց բանակային բարձր պատրաստվածության, խուճապի բացակայության, բանակային կառույցների հստակ գործունեության, զինվորականների արագ ու արհեստավարժ գործելու մասին:

7. «Այսպիսով, 61 զոհված զինծառայողներից միայն 29–ի հարազատներն են ստացել պաշտոնական տեղեկատվություն մահվան փաստի վերաբերյալ եւ նրանցից միայն 2-ն են իմացել մահվան հնարավոր պատճառի մասին, բայց մահվան վայրի, հանգամանքների վերաբերյալ որեւէ ընտանիք պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»:

Ցանկալի կլիներ նաև տեսնել օրենսդրական հիմքը, ըստ որի հիշատակված տեղեկատվությունը պետք է տրամադրվեր: Կրկին հիշեցնեմ, որ խոսքը կարող է վերաբերվել ռազմական գաղտնիքին:

8. « 23-ից մեկի վերաբերյալ հարազատներին նաեւ հայտնել են, որ մահացել է ծառայակիցների մարմինները ռազմադաշտից դուրս բերելու ընթացքում, իսկ մյուսի դեպքում նաեւ նշել են, որ մահացել է ականի պայթյունից, սակայն ինչ հանգամանքներում՝ տեղյակ չեն»:

Զարմանալի պահանջկոտություն, ինչ է, պետք է, օրինակ, ականի տեսակն ասեի՞ն:

9. «Ստորեւ ներկայացվում են առանձին դեպքերի նկարագրությունը 2016 թ-ի ապրիլի պատերազմական գործողությունների ընթացքում զինծառայողների մոտ զենք- զինամթերքի ոչ բավարար քանակի, ինչպես նաեւ աջակցող ուժերի բացակայության կամ ուշանալու վերաբերյալ»:

Այս կապակցությամբ որոշ դիտարկումներ, սկզբում տրվում են դիտողության ընդհանուր բնութագրերը.

• Զինամթերքը քիչ է եղել, տեխնիկան վառելիք չի ունեցել, եղել է անսարք – Տվյալները ակնհայտորեն վերցված են տարածվող ստահոդ լուրերի մակարդակով: Ինքս եմ այդ օրերին եղել Երևանում ու գիտեմ, թե ինչ սև լեգենդներ էին տարածվում հասարակության մեջ, այդ թվում նաև ենթադրաբար թշնամու կողմից: Իշխանության նկատմամբ որոշակի անվստահության առկայության պարագայում այդ լուրերն իրենց պարարտ հողն էին գտնում հասարակության մեջ, թե. «Դե եթե այլ ոլորտներում թալանել են, պարզ է, զինամթերքի ոլորտում էլ կթալանեն, տանկերն էլ վառելիք չեն ունենա, մեքենաներն էլ՝ մարտկոցներ» սկզբունքով:

Որևէ լուրջ փաստ չի բերվում, որ կհաստատի ասվածը: Սրան հակառակ, հիմնվելով արդեն իմ ներքին աղբյուրների վրա, կարող եմ ասել, որ զրահատեխնիկայի համար վառելիքի որևէ խնդիր չի եղել, տեխնիկայի առանձին տեսակների անսարքության տոկոսը ընդունելի է եղել նման թվերի պարագայում, իսկ զինամթերքն էլ ոչ թե սպառվել է, որովհետև <զինվորները փամփուշտի պակաս են զգում», այլ որովհետև որոշ դեպքերում այդպես է եղել, կապված մարտավարական զարգացումների հետ (օրինակ՝ հակառակորդը կրակային շրջափակման մեջ է վերցրել մեր դիրքերը),

• Հետախուզության ոլորտում բացթողումներ – Սա առանձին քննարկման թեմա է, թեև իրոք հնարավոր է, որ առկա են եղել որոշ թերություններ: Այս առումով պետք է նշել, սակայն, որ, ինչպես ցույց է տալիս ռազմական պատմության ուսումնասիրությունը, իդեալական հետախուզություն չկա և միշտ էլ, մանավանդ մեր տիպի դեպքերում, երբ առկա է մշտական լարվածություն և կեղծ հարձակումների ու դրանց իմիտացիայի մեծ քանակություն, հետախուզության գործն ավելի է դժվարանում: Կարծում եմ, որ մի կողմից բանակային կառույցներն իրենց անհրաժեշտ հետևություններն արդեն արած կլինեն, մյուս կողմից էլ հասկանալի պատճառներով դրանք հրապարակման ենթակա չեն ու այս հարցով պահանջել տալ բացատրություններ կամ անել հրապարակումներ, կոռեկտ մոտեցում չէ,

• «Գնդացիրը փչացել է, մարտի են բռնվել 1970 թ-ի տանկով» – Եթե գնդացիրը հնարավոր էր նորոգել ու փաստն էլ հենց այն է, որ նորոգվել է, ապա իրոք ճիշտ է վարվել այն երկրորդ գնդացրորդը, որ չի տվել իր զենքը ծառայակցին, ինչն իրոք արվում է միայն բացառիկ դեպքերում: Մյուս կողմից՝ «1970 թ-ի տանկը» իրականում հանրահայտ Տ-72-ն է, որը գտնվում է մեր, ինչպես նաև աշխարհի տասնյակ երկրների բանակների սպառազինության մեջ, ի դեպ ասած, կազմելով նաև ներկայիս Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև նույն Ադրբեջանի տանկային պարկի հիմքը: Ի դեպ, այս պարագայում պետք չէ անալոգիա տանել ավտոմեքենաների հետ, որոնք որպես կանոն շահագործվում են: Տանկը, արտադրված ասենք 1975 թ-ին, կարող է մինիմալ տեխնիկական սպասարկում ստացած լինելով 25 տարի կանգնած լինել անգարում, ֆիզիկապես մնալով լիովին թարմ և հնանալով միայն բարոյապես: Այսինքն, եթե տանկը «1970 թ-ի է», դա դեռ չի նշանակում, որ այն անպայման հին է կամ վատ ֆիզիկական վիճակում, ինչը մեծապես ճիշտ է ավտոմեքենաների պարագայում,

• Եվ այլն – Արվում են ընդհանուր բնույթի դիտողություններ, հաճախ, դժբախտաբար, խոսակցական, զգայական, չճշտված լուրերի, սև լեգենդների մակարդակով: Օրինակ, ասվում է, թե զրահատեխնիկայի վրա մարտկոցներ չեն եղել կամ եղել են անսարք վիճակում, սակայն զուտ այս խոսակցական մակարդակի լուրից բացի… որևէ այլ ապացույց չի բերվում: Իր հերթին, մեջբերվում են ՀՀ որոշ ռազմական գործիչների խոսքեր, սակայն երբեմն անհիմն, վիճելի տեսակետներ, որոնք ներկայացվում են որպես բացարձակ ճշմարտություն: Օրինակ, վաստակաշատ Մանվել Եղիազարյանի խոսքերը, թե. «խրամատները հիշեցնում են «Հայրենական մեծ պատերազմի ժամանակները»:

Իսկ կներեք, երկրագնդի վրայի հողն է փոխվել այս 70 տարում, որ խրամատն ուրիշ տեսք ունենար, թե խոցման միջոցներն են այնպիսի սկզբունքային փոփոխություններ կրել, որ կարիք լիներ սկզբունքորեն նոր մի լուծում տալ: Ի դեպ ասած, նույն «Հայրենականի խրամատները» իրենց տեսակով ամենատարբեր էին, սկսած առանձին մարտիկի համար նախատեսված խրամաբջջից և վերջացրած ամենաամրացված երկթաբետոնե բունկերների: Իհարկե, համապատասխան ֆինանսատնտեսական հնարավորությունների առկայության դեպքում ցանկալի կլիներ, ասենք, ունենալ համատարած բետոնապատ կառույցներ, բայց միթե դա բանակի խնդիրն է, չէ որ դա ընդհանուր տնտեսական խնդիր է, այն դեպքում, երբ թերությունը վերագրվում է բացառապես բանակին: Եվ վերջապես կան լուծումներ, որոնք, ինչքան էլ տարօրինակ հնչի ոլորտից հեռու մարդկանց համար, «Հայրենականից ի վեր» չեն փոխվել (օրինակ՝ օգտագործված, դատարկ պահածոյատուփերը, որոնք ամրացվում են փշալարերի վրա և հիանալի կերպով ծառայում են որպես «բնական» ահազանգի միջոց):

10. «ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Պետք է նշել, որ բանակը, որպես հասարակության հայելի, արտացոլում է նույն այն վիճակը, որը կա երկրում ու սա ինչ որ առանձին, բանակին բնորոշ թերություն չէ:

11. «ԶՈՀՎԱԾ ԵՎ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՈՉՎԵԼՈՒ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

Այս կապակցությամբ՝ ամեն դեպք ունի առանձին քննության կարիք և, եթե զեկույցում մի որևէ փաստ է բերվում, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հենց այդպես է եղել: Դրան հակառակ, զեկույցը այս փաստերը ներկայացնում է որպես վերջնական ճշմարտություն, ինչն անընդունելի է:

Սրանք էին հիմնական դիտողությունները: Վերջում ընդամենը ավելացնեմ, որ զեկույցն, ընդհանուր առմամբ, մեծապես գրված էր լուրերի, եթե չասենք բամբասանքների ընդհանրացման հիման վրա, հաճախ մեջբերվում էին հուզական ծանր վիճակում գտնվող, մասնագիտական մակարդակ չունեցող և իրենց վշտի տակ կքած մարդկանց խոսքեր, որոնք, բնականաբար, միշտ էլ հակված են երևույթներն ավելի ծանր լույսի տակ դիտարկել, քան կա իրականում, և հավատալ սև լեգենդներին: Ի վերջո դեռևս Գեբելսի խոսքերից է, թե. «Եթե ուզում ես ստիդ հավատան, նրան հնարավորինս մեծ ու հրեշավոր տեսք տուր»:

Մհեր Հակոբյան
19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930